Պետությունը չի ֆինանսավորում, մարզիկներն իրենք են հոգում աշխարհի առաջնության մեկնելու ծախսերը
Wed, 16 Sep 2026 14:30:13 +0400

Մենք այսօր նամակ ենք ստացել, որ հոկտեմբերի սկզբին կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը ազգային հավաքականի մարզիկներից պահանջում է վճարել 600,000-ական դրամ՝ միջազգային մրցումների ուղարկելու համար։ Նամակագիրը նշել էր, որ այս պահանջը ոչ միայն ծանր ֆինանսական բեռ է մարզիկների համար, այլև ուղղակիորեն հարցականի տակ է դնում նրանց մասնակցությունը, քանի որ շատերն ունենալով բարձր մարզական որակավորում՝ չունեն նման գումար, որ վճարեն եւ մրցումների մեկնեն։
Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ 600 հազար դրամի մասին է խոսքը, ինչո՞ւ են մարզիկներից նման գումար պահանջել: Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում ասաց.
– Կա գործընթաց, և այդ գործընթացը պետք է ավարտի, որպեսզի կարողանանք պետական դրամաշնորհներ ստանանք: Իսկ պետական դրամաշնորհներ դեռ չենք ստացել, պիտի ստանանք, որ կարողանանք էդ ծախսերը հոգալ: Որպեսզի խնդիրներ չառաջանան, բոլորին խնդրել ենք, ասել ենք` քանի որ մեր ժամանակները շատ սուղ են, պետք է գումարը հավաքենք, մինչև դրամաշնորհ կստանանք, նաև հովանավորների կդիմենք: Հարցին լուծում պիտի տանք, տոմսեր պիտի առնենք, մինչև դրամաշնորհը պետությունից կստանանք:
– Իսկ ինչո՞ւ դրամաշնորհ չեն տրամադրել, պետական ֆինանսավորում չունե՞ք:
– Դե մենք դիմել ենք, խնդրել ենք, սպասում ենք հիմա: Որոշակի հարցեր կան, որոնք եթե հիմա չլուծենք, խնդիրներ կլինեն:
– Ի՞նչ պատճառաբանությամբ չեն տրամադրում, նախորդ տարիներին տրամադրե՞լ են, թե՞ էլի մարզիկներից եք գումար հավաքել:
– Նախորդ տարիներին ստացել ենք, միշտ էլ ստացել ենք, և դրամաշնորհների շրջանակներում մեր սպորտսմենները հաջողությունների են հասել, բա այդքան մեդալ, որ բերել ենք, որտեղի՞ց ենք բերել:
– Քանի՞ մարզիկից եք գումար հավաքում:
– Ես այդ մանարամասներին հիմա չեմ կարող պատասխանել: Մեր պետությունը մեզ միշտ էլ օգնել է, միշտ էլ մեր սպորտսմեններին տարել ենք մրցումների, բայց ինչքան մոտիկանում է օրը, սպորտսմենի ծախսերը այնքան մեծանում են, որպեսզի ծախսերը չմեծանան, մենք բոլորին ասել ենք: Հիմա մենք էլ ենք հովանավորներ ման գալիս, տեսնենք, թե ինչ կլինի: Բոլորս էլ հիմա փորձում ենք այդ հարցը լուծել:
– Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ:
– Բավականին մեծ գումար է, տոմսեր պետք է առնենք, Հունաստան ուղարկենք սպորտսմեններին, սնունդ, գիշերակաց, դա արդեն իսկ մեծ ծախս է: Պետք է արագ անենք այդ ամենը, իսկ այն մարդիկ, ովքեր հիմարություններ են անում մեր դեմ, չգիտեմ, ինչ ասեմ: Մենք չարչարվում ենք, քրտինք ենք թափում, որ մեր տղաները դառնան չեմպիոններ: Ֆինանսի խնդիր կա հիմա, մենք հովանավորների ենք միշտ էլ ներգրավել: Պետությունն ինչքանով որ կարողացել է, օժանդակել է, բայց հովանավորներ էլ ենք գտնում: Պետությունը, երբ քայլ անի, արդեն կհասկանանք, թե մնացածը ինչ ենք անում:
– Իսկ նախորդ տարիներին ովքե՞ր են եղել ձեր հովանավորները: Մեզ ասացին, որ նաև Գագիկ Ծառուկյանն է ձեզ հովանավորել:
– Ես չեմ ուզում անուններ տալ, բոլորն էլ հովանավորել են, ովքեր սամբո են սիրում, մեզ աջակցել են: Խնդրել ենք, մարդիկ իրենց հնարավորության չափով օգնել են: Տարիների ընթացքում մենք բազմաթիվ մեդալներ ենք բերել: Եվրոպայի առաջնությունների արդյունքները կարող եք նայել, միայն Եվրոպայից չորս ոսկե մեդալ ենք բերել, 11 արծաթ և տասը բրոնզ, գրավել ենք առաջին տեղը նաև, դա մեծ ցուցանիշ է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր