Խաղաղությունն այլ բան է, խաղաղության անունով երկիր հանձնելը՝ այլ բան
Wed, 16 Sep 2026 16:45:41 +0400

Փաշինյանն ասում է, որ «Խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, պետք է խաղաղության նկատմամբ խնամք տանենք»։ Նույնը կրկնում են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները։ Ինչի՞ են դա անում։ Հանրության մոտ այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, որ նրանք ինչ անում, խաղաղության համար են անում։ Ադրբեջանը հայհոյում՝ լռում են խաղաղության համար, ազգային արժանապատվությունը վիրավորում, լռում են խաղաղության համար, ասում է՝ սա ձեր տունը չէ, մերն է, տնից դուրս է հանում, էլի լռում են։ Մեր մշակույթը, գերեզմանները ոչնչացնում է՝ լռում են խաղաղության համար։ Փաշինյանին է ծաղրում՝ լռում են խաղաղության համար։
Միասին դատենք՝ ինչու՞ է իշխանությունը լռում։ Ամենակարևորը՝ երբվանի՞ց սկսվեց այդ լռությունը։ Եկեք ավելի պարզ պատկերացնենք։ Այնպիսի «ծեծ կերավ», որ հիմա խաղաղ պիտի մնա։ Բա ի՞նչ պիտի անի։ Ասացին՝ խելոք մնա, ինչ ասում ենք՝ արա։ Ահա և ամբողջ քաղաքականությունը։ Այո՛, քաղաքականությունը հասկանալու համար միշտ չէ, որ պետք են վերամբարձ բառեր, աշխարհաքաղաքական երկար-բարակ բացատրություններ ու դիվանագիտական ճառեր։ Մի փոքրիկ, պարզ նախադասությունը երբեմն ամեն ինչ բացատրում է. «Մնա քո տեղում ու արա այն, ինչ ասում ենք»։ Ու վերջ։
Աշխարհաքաղաքական բոլոր մակարդակները կարելի է փորձել բացատրել այս մի հատիկ նախադասությամբ։ Մնաց աթոռին։ Ու անում է այն, ինչ ասում են։
Բայց այստեղ մի խնդիր կա՝ ժողովուրդը կարող է հարց տալ։ Կարող է ասել՝ էս ի՞նչ եք անում։ Կարող է հարցնել՝ տունս ո՞ւր եք տանում։ Կարող է ասել՝ ինչո՞ւ եք ամեն անգամ հետ քայլ անում։ Կարող է հարցնել՝ սա՞ է ձեր պատկերացրած պետականությունը։
Ու հենց այդտեղ է հայտնվում կախարդական աշխարհաքաղաքական թելադրված բառը՝ «խաղաղություն»։
Արցախի ողբերգական հանգուցալուծումը՝ խաղաղության համար։
Սահմանային ամեն մի ցավոտ գործընթաց, հանձնումներ՝ խաղաղության համար։
Ամեն մի լռություն՝ խաղաղության համար։ Ամեն մի չպատասխանված վիրավորանք՝ խաղաղության համար։
Ու երբ խոսում ես, ասում են՝ պատերա՞զմ եք ուզում։ Ո՛չ։ Ոչ ոք պատերազմ չի ուզում։ Բայց խաղաղություն ուզելն ու խաղաղության անունով երկիր հանձնելը նույն բանը չեն։ Մենք ամեն օր ականատես ենք լինում մեր տարածքների փոքրացմանը, առանց դիմադրության հանձնմանը։ Խաղաղությունը պետության անվտանգության արդյունք պետք է լինի, ոչ թե պետության ամեն հերթական նահանջը բացատրող բառ։ Եթե խաղաղության համար ամեն ինչ կարելի է տալ, ապա մի օր կարող է պարզվել, որ խաղաղությունը մնացել է, իսկ տալու բան այլևս չի մնացել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր