Երբ եւ ինչպես է ստեղծվել Հոլիվուդի դեմքը դարձած The Hollywood Reporter-ը
Wed, 16 Sep 2026 21:00:48 +0400

Խոսել Հոլիվուդի կամ կինոլրագրության մասին՝ անպայմանորեն նշանակում է խոսել նաեւ The Hollywood Reporter-ի մասին, որին նաեւ անվանում են Հոլիվուդի դեմքը։ Այն անմիջականորեն «Հոլիվուդի ծնունդն» է Լոս Անջելեսի՝ համաշխարհային կինոյի կենտրոններից մեկը դառնալու տարեգիրը։ Ամերիկյան մշակույթի մի քանի ուղղության պատմություն է արտացոլում՝ պրոֆեսիոնալ պրոֆիլային լրագրություն, կինոյի տարեգրություն, ժամանցային ինդուստրիայի ժամանակագրություն։
Հոլիվուդի՝ որպես կինոկենտրոն դառնալու պրոցեսը սկսվել է թերեւս 1910-20-ական թվականներին։ Եթե մինչ այդ ֆիլմերն ավելի կարճատեւ էին, ապա 1910-20-ականներից իրավիճակը կտրուկ փոխվում է։ Կալիֆոռնիան դառնում է կինոարդյունաբերության կենտրոն, քանի որ նույնիսկ կլիմայական առումով ավելի հարմար էր։ Բացի այդ, այն հեռու էր թատերական եւ ֆինանսական կենտրոն Նյու Յորքից։ Աստիճանաբար ձեւավորվող կինոարդյունաբերությունը ստեղծում է իր ենթակառուցվածքները՝ գովազդային գործակալություններ, արհմիություններ, կինոթատրոններ եւ, ի վերջո՝ նաեւ ԶԼՄ-ներ։
The Hollywood Reporter-ը հենց այդ ԶԼՄ-ներից էր։ Այն հիմնադրվել է 1930 թվականին՝ Վիլյամ Ռ․ Վիլքերսոնի կողմից։ Առաջին համարը թողարկվել է 1930 թվականի սեպտեմբերի 3-ին։ Ժամանակները շրջադարձային էին։ Ասպարեզ էր իջել հնչյունային կինոն։ Կինոնկարները դադարել էին միայն վիզուալ արվեստ լինելուց։ Հիմա արդեն սցենարներ գրելու անհրաժեշտություն կար, երկխոսություններ, դրանք ապահովել երաժշտական ուղեկցությամբ, նոր տեխնիկական մասնագետներ ներգրավել։
Կինոարտադրության պրոցեսն ամբողջովին փոխվում էր։ Միաժամանակ նաեւ՝ Մեծ դեպրեսիայի ժամանակներն էին սկսվել՝ ամերիկյան պատմության ամենամռայլ էջերից մեկը։ Դա միաժամանակ մեծ ռիսկերի եւ նոր հնարավորությունների ժամանակաշրջան էր։ Ու այդ ժամանակներում կարիք կար օպերատիվ մի լրատվամիջոցի, որը կլուսաբաներ ոլորտը համապարփակ կերպով։ Հենց այդպիսին լինելու մարտահրավեր էլ նետեց The Hollywood Reporter-ը։ Կարեւոր էր, որ Հոլիվուդը ճշգրիտ, տեղին ու ժամանակին իմանար, թե ինչ կինոնկարներ են նկարահանվում, որ ստուդիան որ դերասանի հետ է պայմանագիր կնքել, որ ռեժիսորն ինչ նոր նախագիծ է ստացել կամ ինչ նախագիծ է իրականացնում, որ սցենարիստներն են պահանջված, որ ֆիլմերն են հաջողությամբ առաջ գնում կինովարձույթում, ինչպիսի նոր տեխնոլոգիաներ են ի հայտ գալիս եւ ներդրվում կինոարտադրության պրոցեսում, ինչ գործարքներ են կնքվում ստուդիաների եւ ընկերությունների կողմից։ The Hollywood Reporter-ը պատասխանելու էր այդ հարցերին, ինչը նշանակում է, որ ի սկզբանե այն ոչ թե պարզ դիտողների համար էր, այլ կինոարդյունաբերության ոլորտի պրոֆեսիոնալ մասնակիցների։ Նոր պարբերականը կարողացավ այս բոլոր հարցերին անդրադառնալ։ Ավելին՝ նա կինոյի մասին խոսակցությունը փոխեց՝ պարզ ժամանցայինից կամ զուտ մշակութայինից դարձնելով պրոֆեսիոնալ արդյունաբերության ոլորտի մասին լուրջ եւ անալիտիկ խոսակցություն։ Կարեւոր էր այն, որ պարբերականը գրում էր հատկապես այն եղանակների եւ մեխանիզմների մասին, որով գործում էր կինոարդյունաբերությունը Հոլիվուդում, որով նկարահանվում էին կինոնկարները։ Կինոն արդյունաբերական արտադրանք էր դառնում նրա էջերում՝ զուտ գեղարվեստական գործից այն կողմ։ Շատ բան կախված էր պարբերականի հիմնադիր Վիլյամ Վիլքերսոնից։ Նա պարզապես հրատարակիչ չէր։ Հիանալի իմանալով Հոլիվուդի ներքին կառուցվածքն ու «խոհանոցը»՝ նա ստեղծել էր թերթ, որը պետք է խոսեր կինոյի աշխարհի մարդկանց հետ՝ կինոյի պրոֆեսիոնալ լեզվով։
Ու հատկապես կարեւոր էր 30-ականների Հոլիվուդում նոր ստեղծված ու կայացած Metro-Goldwyn-Mayer, Paramount, Warner Bros., 20th Century Fox, RKO եւ մյուս կինոստուդիաների եւ ընկերությունների բացարձակ տիրապետության միջավայրում որպես անկախ ԶԼՄ հանդես գալն ու այդ անկախությունը պահպանելը՝ առկա ճնշումներին դեմ-հանդիման։ Զուգահեռաբար՝ հասարակ լսարանին էլ, իր հերթին, «աստղերի» մասին թարմ տեղեկություններ տրամադրելը, որովհետեւ պարզ ընթերցողը, որը սիրահարված էր կինոյին եւ ուներ իր սիրելի կինոաստղերը, ցանկանում էր իմանալ, օրինակ, Քլարկ Գեյբլեի, Բեթ Դեւիսի, Համփրի Բոգարթեի, Ջոն Քրոուֆորդի եւ այլոց մասին, որոնք կազմում էին ժամանակի ամերիկյան կինոյի մեծ աստղաբույլը։ Այս համատեղությամբ է նաեւ, որ աստիճանաբար ձեւավորվում է, այսպես ասած, հայտնիների կամ աստղերի մասին լրագրության ուղղությունը, որտեղ աստղերը եւ հայտնիները ոչ միայն հանրային հետաքրքրության օբյեկտ էին, այլ նաեւ՝ անալիզի եւ հատկապես ֆինանսատնտեսական անալիզի առարկա եւ թեմա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր