Պատմական հանդիպում․ Թրամփը հյուրընկալել է հայ հոգևոր առաջնորդներին և ՀՀ դեսպանին (լուսանկարներ)
Thu, 17 Sep 2026 09:05:25 +0400

Պատմական հանդիպում է տեղի ունեցել Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հավաքական աղոթք հնչեցրել Հայաստանի, ԱՄՆ-ի և Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի, Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գերշ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։
Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։
Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։
Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ


Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր