Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Այդ պահանջները դրել են թուրքական սուլթանը, ռուսական կայսրը եւ այսօր՝ Նիկոլ Փաշինյանը

Այդ պահանջները դրել են թուրքական սուլթանը, ռուսական կայսրը եւ այսօր՝ Նիկոլ Փաշինյանը

Thu, 17 Sep 2026 12:15:19 +0400


Ուզում եմ անդրադառնալ նորընտիր խորհրդարանում արծարծվող մի քանի թեմայի, որոնք կարեւոր են եւ կարող են էական լինել հայկական պետության ապագայի համար: ՔՊ-ական պատգամավորներից մեկն ԱԺ բարձր ամբիոնից հայտարարեց, թե սփյուռքի հզորությունը հակադարձ համեմատական է Հայաստանի հզորությանը, ուժեղ սփյուռք՝ նշանակում է թույլ Հայաստան: Հերթական կեղծ թեզը: Սա գուցե կարող էր ճշմարիտ լինել միջին եւ ուշ միջնադարում, երբ Հայաստանը չուներ պետություն ու գտնվում էր օտար նվաճողների տիրապետության տակ, որոնք արգելակում էին Հայաստանի տնտեսական, քաղաքական ու մշակութային զարգացումը: Այդ փուլում, իրոք, արտագաղթն ու իշխանական տների մեծ մասի վերացումը նպաստեցին Հայաստանի էլ ավելի թուլացմանը: Սակայն այսօր, երբ ունենք պետականություն ու հզոր սփյուռք, երկուսն էլ գործոն են, հետեւաբար՝ նրանց համագործակցությունը միայն ուժեղացնում է երկուսին էլ: Ապացույցը՝ Քրք Քրքորյանը, Շառլ Ազնավուրը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Մոնթե Մելքոնյանը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ՀՕԿ-ը, ՀՕՄ-ը, Հայ դատի գրասենյակները: Միայն բժշկության ոլորտում վերջին 30 տարվա զարգացումները 70-80 տոկոսով սփյուռքահայ մասնագետների եւ նրանց աջակցությամբ կամ նվիրատվությամբ ձեռք բերված նորագույն սարքավորումների արդյունք են: Չհաշված Եվրոպա արտահանված ապրանքների իրացման մեջ սփյուռքի ծանրակշիռ դերակատարումը:

Եթե ուղեղ, քաղաքական կամք ու կարողություն չունեք ըստ արժանվույն գնահատելու սփյուռքի դերակատարումը եւ այն որպես գործոն օգտագործելու հայոց պետության հզորացման մեջ, ապա դա ձեր կարճատեսության ու անճարակության մասին է. ժողովրդի ասած՝ «աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է»:

Հաջորդ թեման եւ հայի արժեքային հենասյունը Հայոց եկեղեցին է, որը հզոր գործոն է՝ թե՛ քաղաքական, թե՛ կրոնական, թե՛ մշակութային, բայց «խոզերի» առաջ մարգարիտ նետել չի կարելի, որովհետեւ դրանից բան չեն հասկանում: «Դուք հենց նոր Գրիգոր Լուսավորչի անունը տալով հաստատեցիք, որ կաթողիկոսը բազմազավակ հայր է»,- ամբիոնից բղավում է ՔՊ-ի կարկառուն կեկելներից մեկը՝ չհասկանալով, որ պարզ դեմագոգիա է՝ չհաշված մեղադրանքի փուչ ու դատարկ լինելը, հատկապես հայ մարդու այսօրվա ընկալման տեսանկյունից: Հայ ժողովրդական ընկալման մեջ կուսակրոնության պահանջը խիստ անընդունելի ու ոչ ազգանպաստ նորմ է: Հետեւաբար, ոչ միայն Գր. Լուսավորչի, այլ նաեւ Խրիմյան հայրիկի բազմազավակ լինելու հանգամանքը ժամանակին որեւէ խնդիր չի առաջացրել հայության մեջ: Ավելին, մեծ ցավ է տեսնելը մեր, հատկապես Մխիթարյան միաբանների կողմից նման ուխտին խստորեն հետեւելու կարգը: Հայ եկեղեցին ինքը կարող է հրաժարվել այդ ուխտից, քանի որ այն սահմանափակում է մեր ազգային որակյալ տեսակի վերարտադրությունը, չի նպաստում մեր ժողովրդագրական վիճակի բարելավմանը:

Ինչ վերաբերում է Հայ եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ օրվա այլասերված, սրբապիղծ իշխանավորների հարձակումներին, ապա դա կապված է կաթողիկոսի կողմից միջազգային հարթակներում համազգային խնդիրների բարձրաձայնման հետ: Սա է փաստը, ինչի հետ այս իշխանությունը չի ուզում հաշտվել: Ի վերջո, հայոց պատմությունը փաստում է, որ պետականության ճգնաժամերին Եկեղեցին ոչ միայն օգնել է, այլեւ փոխարինել է պետությանը, ապահովել ժողովրդի անվտանգությունը, բանակցել գերտերությունների հետ: Այդ են վկայում Մաշտոցի կողմից գրերի գյուտը, որը հովանավորում էր Եկեղեցին, Ավարայրի դաշտում թշնամու դեմ մարտում հոգեւորականների մասնակցությունը՝ Ղեւոնդ երեցի գլխավորությամբ, Սարդարապատի ճակատամարտում եւ հայոց պետականության վերականգնման գործում Հայ եկեղեցու անուրանալի դերակատարումը. չլիներ Գարեգին Հովսեփյանցը, չէր լինի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը:

Ազգային-անվտանգային խնդիրները համահայկական են եւ նեղ քաղաքական չեն կարող դիտարկվել, հատկապես որ ժողովուրդը դրանում որեւէ խնդիր չի տեսնում, ավելին` աջակցում է: Սրբազան շարժումը` վկա: Դուք ո՞վ եք, որ այստեղ խնդիր մոգոնեք. Հայ եկեղեցու բարեփոխումը ժամանակին պաշտոնապես պահանջել են թուրքական սուլթանը, ռուսական կայսրը, այսօր էլ՝ Նիկոլ անհողինը:

Սուսաննա Մելիքյան
Երեւանի ավագանու անդամ
Պատմաբան-ազգաբան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր Sat, 10 Oct 2026 21:45:08 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով