Ե՞րբ են սկսել ջեռուցել Արաքսյա Վարդանյանի դպրոցը
Thu, 17 Sep 2026 22:15:43 +0400

Երեկվանից քննարկումների կենտրոնում է հայտնվել նախկինում ոչնչով աչքի չընկած ՔՊ-ական պատգամավոր, դրանից առաջ Փարաքարի ավագանու անդամ Արաքսյա Վարդանյանը։ Վարդանյանի պատգամավոր լինելու մասին շատերն իմացան երեկ, երբ Ազգային ժողովի ամբիոնից հիշեց իր դպրոցական տարիներն ու պատմեց․ «Իմ սովորելու տարիներին՝ երբ մացեմածիկայի ժամին գրատախտակին էի գնում, գրատախտակին գնալուց առաջ 10 րոպե պետք է ձեռքերս ոչ թե վառարանի մոտ պահեի, այլ կպցնեի վառարանին, որ ձեռքերս տաքանար, կներեք ճոխացրեցի գոլանար, որ կարողանայի կավիճը բռնեի»։
Արաքսյա Վարդանյանը սովորել է Փարաքար համայնքի Բաղրամյան բնակավայրի դպրոցում։ Մենք զանգահարեցինք դպրոցի տնօրենին, որ պարզենք՝ ինչու է դպրոցում այդ թվերին ցուրտ եղել եւ ինչու են սառել ապագա պատգամավորի մատները։ Վերջինս Արաքսյա Վարդանյանի անունը լսելուն պես՝ անջատեց հեռախոսը եւ այլես չպատասխանեց զանգերին։
Մեզ հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն, անդրադառնալով Արաքսյա Վարդանյանի հայտարարությանը, նշեց․ «Իր ասածը եղել է 90-ական թվականներին, վառարան այդ ժամանակ է եղել։ Այդ թվականներին բոլոր տեղերում էլ այդպես է եղել։ Հիմա դպրոցը վաղուց գազաֆիկացված է, ջեռուցվում է»։
Հարցին՝ դպրոցի ջեռուցումը Փաշինյանի իշխանության գալուց առա՞ջ է եղել, թե հետո՝ Ախվերդյանը պատասխանեց․ «Չէ, չէ, առաջ է եղել, անգամ պատուհաններն էլ են փոխվել։ Դպրոցի ջեռուցումը եղել է 2013-14թթ-ին։ Պատուհանները եւս այդ ժամանակ է փոխվել։ Բայց դպրոցը վերանորոգված չէ, դիմել ենք մարզպետին, Տարածքային կառավարման նախարարություն, որպեսզի ընդգրկվի վերակառուցվող դպրոցների ցանկում։ Այստեղ նոր դպրոց պետք է կառուցվի, վերանորոգման ենթակա չէ, իսկ ջեռուցումը 12-13 տարի է՝ ջեռուցում ունի»։
Հատկանշական է, որ Վարդանյանի ելույթի մի մասն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել։ Ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս խոսում է դպրոցական կյանքի չարքաշ տարիների մասին որոշել են չհրապարակել, այդ հատվածը կտրել եւ դուրս են թողել ելույթից։ Հավանաբար կուսակիցներին էլ դուր չի եկել Վարդանյանի ելույթը։ Իսկ պատգամավորը լավ կաներ, որ խոսեր այն մասին, որ շուրջ 9 տարի իշխող կառավարությունը իր հարազատ՝ Բաղրամյանի դպրոցում որեւէ աշխատանք չի իրականացրել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր