Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Կիրանցի ու Աճարկուտի բարձր դասարանցիների համար դպրոցի ճամփան դժվար է, երկար

«Հրապարակ»․ Կիրանցի ու Աճարկուտի բարձր դասարանցիների համար դպրոցի ճամփան դժվար է, երկար

Sat, 19 Sep 2026 10:45:11 +0400


Կիրանցի դպրոցի հին շենքը ոչ տիպային շինություն էր, վթարային։ Երկար տարիներ հայտարարում էին, որ Կիրանցում դպրոցի նոր շենք է կառուցվելու: Ոչ պատահական կերպով, Կիրանցի դպրոցի նոր շենքի գործարկումը կատարվեց սահմանազատման անվան տակ Կիրանցից ավելի քան 15 հեկտար հող Ադրբեջանին հանձնելուց ամիսներ անց։ 2024թ․ սեպտեմբերի 1-ից սկսեց գործել պետբյուջեից տրամադրված 615 միլիոն դրամով կառուցված Կիրանցի դպրոցի նոր շենքը։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Կիրանցի նորակառույց դպրոց։

Որպեսզի նոր դպրոցի շրջակայքի բարեկարգումն ավարտեն, ու Փաշինյանը աչքի համար հաճելի տեսարանի ականատես լինի, հանրապետության տարբեր վայրերից, այդ թվում՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից, նախօրեին Կիրանց բանվորներ էին բերել, նրանց օրական 25 հազար դրամ վճարել, որ հապճեպ ավարտեն աշխատանքները։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Ն․ Փաշինյանը Կիրանցի հիմնական դպրոցի նորաբաց շենքում հայտարարեց․ «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարեւոր արձանագրում է»:

Կիրանցի դպրոցում տնօրեններ նշանակվեցին ՔՊ-ական իշխանության կողմնակիցները. 2025թ․ հունիսի 30-ին մարզպետ Հ․ Ղալումյանը որոշեց Սուսաննա Փաշինյանին նշանակել Կիրանցի հիմնական դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող՝ մինչեւ այդ պաշտոնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքներով տնօրենի ընտրությունը (նշանակումը)։ Չնայած Փաշինյան ազգանվանը, Սուսաննա Փաշինյանը Նիկոլ Փաշինյանի բարեկամը չէ, Կիրանցից հայտնում են, որ նա ուղղակի իշխանությունների կողմնակիցն է։ Մինչ այդ, 2025թ․ հունիսի 27-ին մարզպետ Ղալումյանը որոշել էր երկար տարիներ Կիրանցի դպրոցը տնօրինած Վոլոդյա Բաբինյանին ազատել Կիրանցի հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնից․ լուծել նրա հետ 2020թ․ հուլիսի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը, եւ որպեսզի նա անգործ չմնա, 2025թ․ հունիսի 30-ին նշանակել էր Կիրանցի հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր։
2025թ․ հուլիսի 31-ին լրացել էր Վ․ Բաբինյանի 62 տարին․ կենսաթոշակի անցնելու տարիքային շեմին գտնվող, սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը հանձնած Ն․ Փաշինյանին խոնարհվող (նա երկու ձեռքով էր բարեւում վարչապետին) Վ․ Բաբինյանին մարզպետը «պարգեւատրել է» Կիրանցի նորակառույց, 37 աշակերտ ունեցող դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնով։ 2025-ին Կիրանցի դպրոց այցելած Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամներին հավաստիացրել է, որ Կիրանցում կառուցվող տների շնորհիվ 100 աշակերտի համար նախատեսված Կիրանցի դպրոցի աշակերտների թիվը կավելանա: Մինչ դպրոցի նոր շենքի կառուցումը, Կիրանցում լուրեր էին տարածված, որ նորակառույց հիմնական դպրոցը միջնակարգ է դառնալու, եւ Կիրանց գյուղի բարձր դասարանցիներն այլեւս Սարիգյուղի եւ Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցներ չեն մեկնելու: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին նախկինում հարցրել էի՝ Կիրանցի հիմնական դպրոցը ե՞րբ է ստանալու միջնակարգի կարգավիճակ, մարզպետարանից պատասխանել էին․ «Կիրանցի հիմնական դպրոցը միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու հարցում հստակ ժամանակ չենք կարող նշել»։

Բայց մինչ օրս Կիրանցի դպրոցը միջնակարգի կարգավիճակ չի ստացել, Կիրանցի եւ հարեւան Աճարկուտ գյուղի 10-12-րդ դասարանցիներն ամեն աշխատանքային օր հասնում են Իջեւան համայնքի Սարիգյուղի եւ Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոցներ: Սեպտեմբերի 7-ին մարզպետ Հ․ Ղալումյանին կրկին հարցում եմ արել․ «2026-2027 ուսումնական տարում պետական բյուջեից, որպես դրամական աջակցություն, որպես տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, որքա՞ն գումար է նախատեսված Աճարկուտ, Կիրանց գյուղերի բնակիչ ավագ դասարանցիներին, որոնք 10-12-րդ դասարաններում ուսումնառության համար իրենց գյուղից ամեն աշխատանքային օր մեկնում են Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի դպրոցներ»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Աճարկուտ եւ Կիրանց բնակավայրերի 7 ավագ դասարանցիների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար նախատեսված է 373. 0 հազար դրամ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նույնն է, որ մահվան վկայականը ծննդական անվանես

Նույնն է, որ մահվան վկայականը ծննդական անվանես Fri, 18 Sep 2026 16:15:54 +0400 Ես ուղղակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով