Եվրոպացի գործընկերներին զեկույցներ ենք ներկայացնելու և նշելու ենք, որ մեզ թիրախավորել են
Sat, 19 Sep 2026 18:15:01 +0400

Այսօր գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ԱԺ ամբիոնից քննարկում էր ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, վրդովվել էր, թե ինչու ոչ դաշինք, այլ՝ կուսակցություն, վերջում էլ հայտարարեց` «իսկը տրանսգենդեր ցուցակ»։ Դրանից շատ չանցած՝ նրան արձագանքեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը. «Իսկ տիկին Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհի Ղազարյանին, կամ՝ բարեվարքության կանոններն այս կնոջը չե՞ն սովորեցրել, որ չի կարելի թիրախավորել մարդկանց։ Մեկի մայրենի ելույթը չմարսած` հիմա էլ՝ սա, դուք հատուկ ընտրվել եք, որ ԱԺ-ի բարձր ամբիոնն օգտագործեք մարդկանց թիրախավորելո՞ւ համար»։ Ղազարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել այդ ձևակերպման համար․
«Սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ,
Երեկ Ազգային ժողովի ելույթի ժամանակ՝ պատկերավոր նկարագրելու համար ԲՀԿ-ի իրավիճակը նախորդ ընտրություններում, որը դաշինք լինելով ինքն իրեն շարունակում էր կուսակցություն ներկայացնել՝ իր բոլոր հետևանքներով, անվանել եմ տրանսգենդեր դաշինք։ Ելույթս հետհայաց նայելուց հետո, սակայն, նկատել եմ, որ դա վնասարար է տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից, ձևակերպումս ոչ զգայուն է և կարծրատիպեր վերարտադրող, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Այնուամենայնիվ, քանի որ քաղաքական գործունեությունը դիրքորոշումների մասին է, հարկ եմ համարում արտահայտել դիրքորոշումս այս հարցի կապակցությամբ։ Գենդերային ինքնությունը մարդու անձնական ազատության դաշտում է, և ցանկացած խտրականություն կամ անզգույշ ձևակերպում, որը կարող է խոցելի դարձնել որևէ խմբի, հակասում է իմ քաղաքական ու մարդկային սկզբունքներին։ Ուստի կարևոր եմ համարում ընդունել սխալն ու շարունակել աշխատել ավելի զգայուն և հարգալից քաղաքական խոսույթ ձևավորելու ուղղությամբ»,- գրել է ՔՊ-ական պատգամավորը։
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ: Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական Թագուհի Ղազարյանի խտրական հայտարարությանն, ապա ներողությանը, նկատեց. «Ինձ նամակի սքրինշոթ ուղարկեցին, որտեղ Թագուհի Ղազարյանին առաջարկել էին ներողություն խնդրել, նա նշել էր, որ խմբակցության իր գործընկերների հետ հարցը քննարկել է, սակայն համաձայնության չեն եկել: Այսինքն` ՔՊ կուսակցությունը կիսում է Ղազարյանի խտրական մոտեցումը մեր համայնքի հանդեպ: Այն, ինչ տեղի է ունեցել, միանշանակ թիրախավորում է ԼԳԲՏ համայնքին, մասնավորապես` տրանս անձանց, սա նաև ատելության քարոզ է մեր դեմ: Մեր համայնքին իրենց քաղաքական ֆուտբոլի ընթացքում տշում են այս ու այն կողմ, ում այդ պահին ոնց ձեռք է տալիս: Առանց այդ էլ ԼԳԲՏ թեմաները շատ նուրբ թեմաներ են հանրության համար, ու սարսափելի է, որ իշխանական խմբակցության պատգամավորն է թիրախավորում տրանս անձանց, այն խմբակցության, որն իբրև թե որդեգրել է ժողովրդավարությունը և կարևորում է մարդու իրավունքները որպես բարձր արժեք: Ես՝ որպես իրավապաշտպան, պնդում եմ, որ այս հարցով պետք է զբաղվի ԱԺ էթիկայի հանձնաժողովը: 2019 թվականին տեղի ունեցած պատմությունն է կրկնվում, այն ժամանակ էլ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն էր: Ինձ մեղադրեցին օրակարգից շեղվելու մեջ և այլն: Ես վստահաբար կարծում եմ, որ մարդու իրավունքներից կիլոմետրերով հեռու մարդիկ չպետք է ներառվեն այդ հանձնաժողովում: Ես ուղղակի ապշած եմ: Ինչ վերաբերում է պատգամավորի ներողությանն, ապա հարցը ներողությունը չէ: Ոմանք փորձում են նրան արդարացնել, որ միտումնավոր չի թիրախավորել մեզ, սակայն եթե նման հայտարարություն է անում, ապա նշանակում է, որ առնվազն ինքը, լինելով մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, տրանսգենդեր լինելը համարում է դատապարտելի երևույթ, արատ: ԱԺ բարձր ամբիոնը վերածել են դեբատների հարթակի, սակայն այդ ամբիոնը կարևոր հարցերի մասին խոսելու համար է: Չի կարելի այդ ամբիոնից այդքան վիրավորանքներ հնչեցնել»,- ասում է Մարտիրոսյանը:
Մենք նաև հետաքրքրվեցինք` զեկույցների տեսքով այս հոմոֆոբ հայտարարությունները չե՞ն պատրաստվում ներկայացնել միջազգային կառույցներին, մեր զրուցակիցն ասաց. «Իհարկե, մենք այդ հարցով զբաղվելու ենք: Զեկույցներ ենք ներկայացնելու մեր եվրոպացի գործընկներին և նշելու ենք, որ պաշտոնյաների կողմից թիրախավորվում ենք: Սա վտանգավոր միտում է և պետք է զբաղվենք այդ հարցով»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր