Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում

Աբսուրդն արդեն հյուր չէ, այլ տանտեր է մեր երկրում

Sat, 19 Sep 2026 19:15:37 +0400


Փաշինյանն Ազգային ժողովում բացատրեց. «Քյարքի եմ անվանել, որովհետեւ Քյարքի է», որովհետեւ Քյարքի ասելը չեզոքացրել է հնարավոր էսկալացիայի վերջին վտանգը։ Միջազգային հարաբերությունների մեջ հայտնվել է մի նոր, բացառիկ դիվանագիտական տեխնոլոգիա. «Անունը ճիշտ ասա՝ լարվածությունը թուլացրա»։ Պետությունները պատերազմները կանխում են բանակով, դիվանագիտությամբ, պայմանագրերով, մենք՝ թշնամուն հաճելի տեղանունը բարձրաձայնելով։

Շարունակենք լսել. «Մենք այս տարի գյուղատնտեսության ոլորտում ունենք նվազում, եւ դա անսպասելի չէ»։ Ո՞ւմ խոսքերն են: Կեցցեք՝ Նիկոլ Փաշինյանի: Խոսքեր հո չեն՝ տեղով ոսկի են, պետական կառավարման փիլիսոփայություն։ Գյուղատնտեսությունը նվազում է` իբր ի՞նչ, պիտի անսպասելի՞ լիներ։ Ոչ, ամեն վատ բան ու անկում վերահսկողության տակ է։ Գյուղացին էլ պիտի չզարմանա` այո, բերքը պակասել է, ծախսերը բարձրացել են, շուկաները փակվել են, ինչի՞ վրա եք զարմանում: Խցանումներն էլ, պարզվում է, պետական նույն հոգատարության շրջանակներում են, եւ հույս չունենաք, որ ոնց ուզեք` առանց խցանումների կտեղաշարժվեք. «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ»։ Շնորհակալ եղեք, որ Հայաստանում օլիմպիական խաղեր չեն լինում, այսօրվա խցանմանը երանի կտայիք…

Մենք ոչ թե արատավոր երեւույթներն ենք արմատախիլ անելու, այլ` Դաշնակցությանը․ ՔՊ-ական Արման Եղոյանն է հայտարարել։ Արմատախիլն ի՜նչ է, կոշիկներն ենք հագից հանելու՝ սպառնում է Փաշինյանը Լեւոն Քոչարյանին. «Կախած վիճակում հագիցդ կոշիկը հանելու եմ»։ Իրենց տանը երեւի կոշիկները կախում են կոստյումների նման: Իսկ ապօրինի ձեռք բերված գույքի մասին խոսելիս ասում է, որ կոշիկ առ կոշիկ վերադարձնելու եք ձեր տարածը։ Խորհրդարանը, որը կոչված է օրենքներ ընդունելու, զբաղված է ավելի անհետաձգելի հարցով՝ կոշիկի իրավական կարգավիճակը որոշելով։ Կոշիկից հետո հերթը գրիչին է հասնում․ «Պետական պաշտոնյան չպետք է գրիչ նվեր ստանա»։ Փոխարենը կարող է 2 միլիոն դրամ աշխատավարձ ստանալ` 15-20 անգամ ավելի շատ, քան երկրի ուսուցիչն ու բժիշկը, 30 անգամ ավելի շատ փող, քան կենսաթոշակառուն։

Դպրոցն էլ դուրս չմնաց պետական նոր բառապաշարից․ «Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։ Այսինքն՝ դպրոցը զորանոց է, եւ ուսուցիչն ու երեխան պետք է նախ իմանան՝ ինչի մասին չի կարելի խոսել, հետո նոր խոսեն։ Օրինակ, Մուշի, Վանի ու Արցախի մասին խոսել չի կարելի, այ, իսկ «զապադլո» բառը կարելի է գործածել։ Փաշինյանը, խոսելով քրեական ենթամշակույթի մասին, ասում է, որ տղաների համար սովորելը եղել է «զապադլո»։ Ոսկեղենիկ բառ, որ տեղավորվում է «իրական Հայաստանի» տանիքի տակ: Այսպիսով՝ ստացանք շաբաթվա քաղաքական բառարանը. Քյարքի, արմատախիլ, զապադլո, խցանում։ Այս ամենը լսում ենք ու չենք ցնցվում։

Մի ժամանակ նման հայտարարությունից հետո հասարակությունը մի քանի օր կխոսեր, կվիճեր, կվրդովվեր, հիմա մի քիչ զարմանում ենք, մի քիչ քմծիծաղում ու անցնում հաջորդ լուրին։ Աբսուրդը վաղուց արդեն հյուր չէ, աբսուրդը վաղուց արդեն տանտեր է մեր երկրում։ Աբսուրդի վերջնական ձեւավորման գործընթացը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փողը թանկանում է, կառավարությունը բարձրացնում է իր աշխատավարձերը

Փողը թանկանում է, կառավարությունը բարձրացնում է իր աշխատավարձերը Sat, 19 Sep 2026 14:15:17 +0400 Սեպտեմբերի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով