Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Ինչ սխալներ են թույլ տրվել Ռուսաստանում՝ վերջին 30 տարվա տնտեսական կյանքում

Ինչ սխալներ են թույլ տրվել Ռուսաստանում՝ վերջին 30 տարվա տնտեսական կյանքում

Wed, 19 Aug 2026 15:30:02 +0400


Միջին եւ գրեթե տարեց սերունդը կհիշի, թերեւս, թե ինչպես Խորհրդային Միության մայրամուտին ներդրվեց «վերակառուցում» կամ «պերեստրոյկա» եզրույթը։ Փորձ արվեց երկիրը վերափոխելու, ինչ-որ բաներ փոխելու։ Թե որքանով անկեղծ՝ դժվար է ասել։ Թե որքանով արդյունավետ՝ պատմությունը վկայեց․ Խորհրդային Միությունն արդեն քանի տասնամյակ չկա։ Չկա նաեւ «պերեստրոյկան»։ Սակայն հետեւանքները տեւականորեն զգալի եղան թե՛ բուն Ռուսաստանում, թե՛ նախկին միութենական մյուս հանրապետություններում։ Որոշ չափով դրանք զգալի են նույնիսկ մինչ այսօր։

Այսօր, սակայն, շատերը, գոնե տեսական մակարդակում, փորձում են հասկանալ, թե արդյո՞ք առհասարակ ճիշտ ճանապարհով էր գնում խորհրդային երկիրը, եւ ինչու, օրինակ, կոմունիստական Չինաստանն առայսօր կա եւ հաջողությամբ բարգավաճում է, իսկ ԽՍՀՄ-ը չկա։ 1990 թվականին միայն սովետական Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմել է, այն ժամանակվա գնահատումներով՝ 570 միլիարդ դոլար։ Չինաստանինն այդ նույն ժամանակ կազմել է 360 միլիարդ դոլար։ Այսօր արդեն՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ, ռուսական տնտեսության կապիտալիզացիան մոտ 2 տրիլիոն, չինականինը՝ 20 տրիլիոն դոլար է։ Տարբերությունը՝ տասն անգամ։ Իսկ ինչո՞ւ է այդպես։ Ի՞նչն է սխալ արվել Ռուսաստանում, մի երկրում, որը բառացիորեն ունի բոլոր հայտնի օգտակար հանածոներն ու բնական ռեսուրսներն իր տարածքում։

Ռուս վերլուծաբան Ռոման Սինիցինն առաջնահերթ կերպով սխալների հիմքում տեսնում է այն մտայնությունները, որոնք առկա են եղել դեռ սովետական ժամանակների վերջում եւ ձեւավորել են այն սխալ դրվածքը, որով եւ առաջ է գնացել ամեն բան, երբեմն՝ գիտակցաբար, երբեմն՝ իներցիոն ուժով։ «Ամենամեծ սխալն այն էր, որ մտայնություն կար, թե շուկան կախարդանք է։ Բավական է միայն գների հարցում ազատություն տրվի, մասնավորեցվեն ձեռնարկությունները, եւ վերջ՝ ամեն բան ինքնաբերաբար կդասավորվի խիստ արդյունավետ համակարգում»։ Սինիցինը նշում է, որ Սովետական Միությունում ամեն բան միանգամից եղավ՝ ե՛ւ քաղաքական համակարգի փոփոխությունը, ե՛ւ ազատականացումը, ե՛ւ մասնավորեցումը։ Ու այդ պրոցեսն իրականացվեց բավականին փնթի ու անզգույշ։ Չինացիները, որ վերակառուցումը սկսել էին ավելի վաղ, դեռ 1978 թվականին, շատ ավելի խնամքով արեցին ամեն բան ու առաջ գնացին՝ զգուշորեն, որպեսզի ցնցումներ չլինեն։ Ու չեղան։ Ոչ թե քարուքանդ արեցին պետական սեկտորը, այլ պետականի կողքին ստեղծեցին, աճեցրին ու զարգացրին մասնավոր սեկտորը։ Ու հին համակարգային կմախքը մնաց այնքան ժամանակ, քանի դեռ նոր կմախքը բավականաչափ չէր ամրացել, որպեսզի կարողանար փոխարինել հնին։ Փորձագետը նշում է, որ Ռուսաստանն աշխարհի առաջատարների պես կարողանում է լավ սպառել, սակայն այդպես էլ չի կարողանում բավարար չափով յուրացնել արդյունաբերական բարդությունները, այսինքն՝ չի կարողանում բավական արդյունավետ կազմակերպել իր արտադրական պրոցեսները։

Ունենալով գերազանց թվային ծառայություններ եւ զարգացած բանկային համակարգ՝ Ռուսաստանը Տնտեսական բարդության ինդեքսում (ECI) շարունակում է հետ մնալ շատ առաջատար երկրներից։ Չինաստանը՝ ընդհակառակը․ կարողացել է էժան խաղալիքների պատրաստումից հասնել մինչեւ բարդ քվանտային համակարգեր, էլեկտրամեքենաներ արտադրելուն ու թույլ չի տվել, որ կառուցվածքային քաոս լինի, որը կխժռի ցանկացած պոտենցիալ իր ճանապարհին։ Սա է, ըստ Սինիցինի, այն կարեւոր տարբերությունը, որի շնորհիվ Չինաստանը կարողացել է նման թռիչք ունենալ եւ առաջ գնալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը

Ռուսաստանում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը Mon, 17 Aug 2026 21:00:39 +0400 Ռուսաստանում՝ Կամչատկայում ժայթքել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով