Ադրբեջանցիները հիմա էլ Սանահինի տաճարն են պահանջում
Mon, 21 Sep 2026 20:15:30 +0400

Այն, որ ադրբեջանցիները իրենց չունեցած պատմությունն ու մշակույթը պատմական իրողությունները կեղծելով եւ հարևաններից խլելով-յուրացնելով են ձեւավորում՝ դա արդեն փաստ է: Օրինակ, գրականությունը գողանում են իրանցիներից ու արաբներից, պարեբարաբար այս կամ այն հայտնի իրանցի բանաստեղծին հռչակելով ադրբեջանցի: Պատմաբան ներկայացող, իսկ իրականում սովորական հակահայ խաբեբա ոմն Ռիզվան Հուսեյնով էլ հայտարարում է, թե Գանձասարում, ու այլ եկեղեցիներում Ռուսաստանի իշխանության հաստատումից հետո, այսպես կոչված, արմենիզացիայի գործընթաց է եղել: Այս հակահայ տգետը, պատմության կեղծարարը փորձում է զրոյացնել ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի պատմությունն ու իր հակահայկականությամբ տառապող իշխանության իղձերը ներկայացնել որպես իրականություն ու ձևավորել նոր պատմագրություն՝ նոր իրողություններով: Ռիզվանի նման ֆաշիզմով տառապող հակահայ տգետներին կարելի էր մեղադրել, սակայն այս իրավիճակը ստեղծվել է միայն մեկ բանի շնորհիվ՝ ՀՀ ներկա իշխանությունները «հաճույքով մարսում են» այս հակահայկական մառազմը ու դեռ փորձում են մեզ համոզել, որ դա պետք է դառնա մեր իրականությունը:
Մեջբերում պատմության զեղծարար Ռիզվանի ելույթից. «Ոչ միայն արտասահմանում գտնվող հայկական սփյուռքը և Հայկական եկեղեցին, այլև վարչապետ Փաշինյանի կաբինետը, որն իրեն «խաղաղասեր» է անվանում, և պետական մարմինները հակաադրբեջանական դիրքորոշում են ընդունել այս հարցի վերաբերյալ: Սա մեզ ցույց է տալիս, որ հայկական ազգայնականությունը չի պարտվել, նույնիսկ քնած չէ, և այս խնդիրը դեռևս չի կորցրել իր արդիականությունը: Ժամանակակից Հայաստանի տարածքի վերաբերյալ` այնտեղ կան նաև բազմաթիվ եկեղեցիներ, որոնք կապված չեն Հայկական եկեղեցու հետ, ինչպես պարզ է դառնում դրանց անուններից: Դրանց թվում են Սանահինի տաճարը, Հաղպատի տաճարը և Կիպչաքխավանք տաճարը Կիպչաքխավանք գյուղում: Այս թեման պարզապես բավարար չափով չի ուսումնասիրվել, բայց ես խորհուրդ եմ տալիս, որ ադրբեջանական ակադեմիական շրջանակներն անպայման անդրադառնան այս հարցերին»:
Ադրբեջանցիները հայկական մշակութային, հոգևոր-պատմական ժառանգությունը յուրացնելու գործին վաղուց են լծվել, դեռևս Խորհրդային Միության տարիներից, սակայն քառասունչորսօրյայից հետո այդ դրսևորումները դարձան շատ ավելի ցինիկ ու լայնամասշտաբ: Հակահայկականությամբ տառապող մեր հարևանները հայտարարում են, որ ոչ միայն օկուպացված Արցախում, այլև Հայաստանի Հանրապետության տարածքում եղած եկեղեցիները ոչ թե հայկական, այլ կովկասյան ալբանական եկեղեցիներ են: Day.Az-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը անցկացնում է «Կովկասյան Ալբանիայի ժառանգության պատմական տեսանկյուն» թեմայով կրթական սեմինար լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Սեմինարում ելույթ ունեցած պատմական գիտությունների դոկտոր Հասան Հասանովը, ըստ Trend-ի թղթակցի, մանրամասն տեղեկատվություն է տրամադրել իրենց պետականության հարուստ պատմության, դրա ծագման, մշակութային և կրոնական ժառանգության, ինչպես նաև տարածաշրջանի էթնոքաղաքական լանդշաֆտում դրա տեղի մասին։
Օգտագործելով փաստաթղթեր և պատմական աղբյուրներ, «հետազոտողը» նշել է Կովկասյան Ալբանիայի տեղը ադրբեջանական պետականության պատմության մեջ՝ ընդգծելով այս ժառանգության ուսումնասիրման և տարածման կարևորությունը։ Հետաքրքիր է, թե այդ ինչ պատմական փաստաթղթեր է օգտագործել պատմության զեղծարար Հասանովը: Սակայն, մի բան հստակ է, ՀՀ իշխանությունների լռության ու փաստացի համաձայնության պայմաններում արդբեջանցիները հետևողականորեն ոչնչացնում են մեր հետքը տարածաշրջանում:
Եթե այսպես շարունակվի, մի օր էլ կարող են ադրբեջանցիները հայտարարել, որ հայերը իրենք են, իսկ անհայրենիք ադրբեջանցիները՝ մենք:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր