Չորեքշաբթի , 23 Սեպտեմբերի 2026

Պետական տոները դարձել են ծանր զգացմունքների և մտորումների օրեր

Պետական տոները դարձել են ծանր զգացմունքների և մտորումների օրեր

Mon, 21 Sep 2026 21:15:44 +0400


Մինչև Արցախյան երկրորդ պատերազմը պետական յուրաքանչյուր տոն մեզ համար առաջին հերթին ցնծության, հպարտության և ուրախության օր էր։ Այդ տոների զգալի մասը կապված էին Արցախյան ազատագրական պայքարի և մեր ժողովրդի հաղթանակների հետ։ Մենք ունեինք երկու հայկական անկախ հանրապետություն, միջազգային հարթակներում պատշաճ ներկայություն և, ամենակարևորը` հաղթողի արժանապատվություն, որը տարիներ շարունակ մեզ ուղեկցում էր։

Մենք ապրում էինք՝ գիտակցելով, որ հաղթել ենք։ Հաղթել ենք ոչ միայն պատերազմում, այլև մեր ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար մղված պայքարում։ Եվ այդ պատճառով պետական յուրաքանչյուր տոն իսկապես տոն էր դառնում։
Այսօր, ցավոք, այդ զգացողությունը փոխվել է։ Պետական տոները շատերի համար դարձել են ոչ թե ուրախության, այլ ծանր հիշողությունների, կորստի, ցավի և բազմաթիվ հարցերի օրեր։

Եվ մեզ այսօր փորձում են համոզել, որ այս ամենի մասին բարձրաձայնելը սուտ է, սադրանք կամ Հայաստանի անկախությանը սպառնացող պատերազմի վտանգ ծնող իրողություն։ Այդպիսի գնահատականներ հնչեցնում է մի իշխանություն, որն իր կառավարման տարիներին կորցրեց անկախ Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից մեկը՝ Արցախը։ Բայց պատմական հիշողությունը չի կարելի վերաշարադրել քաղաքական նպատակահարմարությամբ։

Չպետք է մոռանալ, որ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքերից մեկը դրվեց հենց Արցախը Հայաստանին վերամիավորելու պահանջով։ Այդ պահանջը հնչեց ոչ թե թույլ ու անհասկանալի ժամանակներում, այլ այնպիսի պայմաններում, երբ Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած էին Խորհրդային Միության հզոր պետական համակարգի առաջ։ Այդ պահանջի առաջին լուրջ դրսևորումները տեղի ունեցան Երևանում, իսկ հետագայում հայ ժողովուրդը ոչ միայն խոսքով, այլև զենքով տեր կանգնեց իր պահանջին։

Մի քանի տարի տևած պատերազմի պայմաններում, շրջափակման մեջ, երկրաշարժի ավերակների վրա, տնտեսական ծանրագույն իրավիճակում ապրող ժողովուրդը չհրաժարվեց իր հայրենիքից։ Նա պայքարեց եւ Հայաստանի, և Արցախի համար։

Եվ այսօր, երբ պետական տոների ժամանակ հնչում են հաղթանակների մասին խոսքեր, մեր առաջ մի պարզ, բայց ծանր հարց է կանգնում` ի՞նչ ենք մենք տոնում, եթե մի ամբողջ սերնդի պայքարի գնով ձեռք բերած հայրենիքի մի մասը կորցրել ենք։
Պետական տոնը միայն դրոշ, զինվորական շքերթ կամ պաշտոնական ելույթ չէ։ Այն նաև ժողովրդի պատմական հիշողությունն է, նրա անցած ճանապարհը և այն արժեքները, որոնց համար սերունդները պայքարել են։

Գուցե հենց այդ պատճառով էլ այսօր պետական տոները մեզ համար դարձել են ծանր զգացմունքների և մտորումների օրեր։ Որովհետև տոնելուց առաջ մենք ստիպված ենք հիշել, թե ինչ ունեինք երեկ, և ինչ ունենք այսօր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ

Զիջումը կարող է Հայաստանը դնել շրջափակման մեջ Tue, 22 Sep 2026 13:31:44 +0400 «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով