Իշխանությունը պահելու հնարավորություններ է փնտրում
Wed, 23 Sep 2026 12:34:48 +0400

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ իշխանությունը տարբեր միջազգային կենտրոնների հետ հարաբերություններում հակասական դիրքորոշումներ է ցուցաբերում։
Նրա խոսքով՝ գործող իշխանության հիմնական նպատակը իշխանության պահպանումն է, իսկ դրա համար պատրաստ է տարբեր ուղղություններով գնալ զիջումների։ Վարդանյանի գնահատմամբ՝ հենց դա է պատճառը, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները տարբեր մայրաքաղաքներում կարող են միմյանցից էապես տարբերվող հայտարարություններ ու խոստումներ հնչեցնել, որոնց հետևանքների պատասխանատվությունը, նրա համոզմամբ, հետագայում կրում է Հայաստանը։
Ընդդիմադիր պատգամավորը որպես օրինակ մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ իշխանության տարբեր հայտարարությունները։ Նրա խոսքով՝ մի դեպքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան եվրոպացի պաշտոնյայի հետ համատեղ հանդես է գալիս հայտարարությամբ, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարող երկիր, մինչդեռ մեկ այլ դեպքում Հայաստանի իշխանությունը Մոսկվայում խոսում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին։
Վարդանյանը հարց է բարձրացրել՝ նման հակասական հայտարարությունների պայմաններում ինչպիսի՞ն է Հայաստանի իշխանության իրական դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ՝ այն դիտարկվո՞ւմ է որպես սպառնալիք, թե՞ որպես բարեկամական հարաբերությունների գործընկեր։
«Փաշինյանը փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ և կապ չունի՝ դրա դիմաց մենք ինչ ենք զիջում, դրա համար էլ խոչընդոտներ չունի տարբեր մայրաքաղաքներում տալ իրարից 180 աստիճան տարբեր խոստումներ, որոնց գինը հետո մենք ենք վճարում»,- ասել է նա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր