Ինչ է արգելվել արտահանել ՀՀ-ից ու որքան ժամանակով
Thu, 24 Sep 2026 12:09:08 +0400

Հայաստանում սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման սահմանափակումը երկարաձգվել է ևս վեց ամսով։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության որոշման համաձայն՝ սահմանափակման հիմնական նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունն է։ Փաստաթղթում նշվում է, որ սնդիկն ու դրա միացությունները բարձր թունավորություն ունեն և կարող են վնասակար ազդեցություն ունենալ ոչ միայն մարդկանց, այլև վայրի բնության ու էկոհամակարգերի վրա։
Առանձնահատուկ վտանգ է ներկայացնում սնդիկի գոլորշիների ներշնչումը։ Դրանք հոտ չունեն, ինչի պատճառով դրանց առկայությունը կարող է աննկատ մնալ։ Նույնիսկ փոքր քանակությամբ սնդիկի ազդեցությունը կարող է հանգեցնել առողջական խնդիրների և ծանր թունավորման։
Սնդիկի ազդեցությունը կարող է վնասել մարդու տարբեր օրգաններն ու համակարգերը, այդ թվում՝ նյարդային, մարսողական և իմունային համակարգերը, ինչպես նաև թոքերը, երիկամները, մաշկն ու աչքերը։
Սահմանափակման երկարաձգումը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման միասնական համակարգով։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում երկարաձգվում է սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառության սահմանափակումը։ 2026 թվականի փետրվարին կառավարությունն արդեն որոշում էր ընդունել նման ապրանքների ներմուծումն ու արտահանումը ևս վեց ամսով արգելելու մասին։ Սահմանափակման տակ են, մասնավորապես, սնդիկ պարունակող չափիչ սարքերը, ջերմաչափերը և նմանատիպ այլ արտադրանքները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր