Պատերազմով չհաջողվեց, փորձում է ոչնչացնել տնտեսապես
Thu, 24 Sep 2026 18:15:25 +0400

ԱՄՆ-ն, չկարողանալով Իրանին հաղթել ռազմական ճանապարհով, որոշել է ծնկի բերել տնտեսական պատժամիջոցներով: Մասնակի ծովային շրջափակման ենթարկելուց հետո, հիմա էլ որոշել է փակել Իրանի օդային տարածքը: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը 2 օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի այն ավիաընկերությունների նկատմամբ, որոնք սեպտեմբերի 23-ից հետո թռիչքներ կիրականացնեն Իրան: Այս հայտարարությունից շատ չանցած՝ աշխարհի բազմաթիվ երկրներում գործող ավիաընկերություններն իրենց կայքերից հանեցին դեպի Իրան իրականացվող թռիչքների տոմսերի ամրագրումը: Ճիշտ է` Իրանի օդային շրջափակումն ամբողջական չէ, քանի որ իրանական ավիաընկերությունները թռիչքներ իրականացնում են տարբեր երկրներ, բայց մի օր էլ ԱՄՆ ֆինանսների նախարարը կարող է պահանջել, որ դադարեցնեն իրանական օդանավերի ընդունումը, եւ այդ պահանջը եւս կկատարվի:
Առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ որոշումը հօգուտ իրանական ավիաընկերությունների է, քանի որ նրանք ստացել են մոնոպոլ հնարավորություն՝ թռիչքներ կատարելու, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են թռչել Իրան կամ Իրանից որեւէ այլ երկիր, պետք է օգտվեն իրանական ավիաընկերությունների ծառայություններից: Բայց, ինչպես նշեցինք, ամերիկացիներն օղակը միանգամից չեն ձգում, այլ՝ կամաց-կամաց, կարծես ուզում են տանջամահ անել զոհին: Իսկ նրանց կողմից կիրառվող պատժամիջոցներին հետեւելը ցույց է տալիս, թե որքանով են այլ երկրներ իրականում ինքնիշխան, ինչ արժեն ինքնիշխանության մասին նրանց հայտարարությունները:
Իրանի բոլոր հարեւան եւ բարեկամ երկրները միանգամից հետեւել են ամերիկյան պահանջներին, եւ նրանց ավիաընկերությունները դադարել են տոմսերի ամրագրումը: Առաջինը նայենք Չինաստանի վարքագծին, քանի որ ԱՄՆ-ն այս երկրի դեմ վարում է սառը պատերազմ, ռազմական գործողություններ չկան, բայց Չինաստանը համարվում է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը, քանի որ իր տնտեսական ազդեցության աճով սպառնում է ամերիկյան առաջնորդությանն աշխարհում: ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Չինաստանին մեկուսացնելու համար, եւ, շատերի կարծիքով, Իրանի դեմ իրականացվող գործողությունները եւս ուղղված են Չինաստանին` հումքի ներմուծման եւ պատրաստի արտադրանքի արտահանման շուկաներից մեկուսացնելուն: Չինական բոլոր ավիաընկերությունները դադարեցրել են Իրան թռիչքները․ Պեկինից Թեհրան կարելի է հասնել միայն իրանական Mahan Air ավիաընկերության միջոցով կամ միջանկյալ վայրէջքներով, օրինակ, Մոսկվայում կամ Երեւանում: Իրանի մեկ այլ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի ավիաընկերությունները եւս դադարեցրել են թռիչքները Թեհրան, Մոսկվա-Թեհրան եւ հակառակ ուղղությամբ ուղիղ թռիչքներ է իրականացնում դարձյալ նույն՝ իրանական Mahan Air-ը: Ռուսական ամենամեծ Аэрофлот ընկերությունը, որ նախկինում թռիչքներ էր կատարում Թեհրան, չեղարկել է թռիչքները, նույնը՝ նաեւ Հնդկաստանի եւ Պակիստանի դեպքում: Իրանի հարեւան Աֆղանստանի հետ օդային կապն ապահովում են Varesh Airlines-ը, որը դարձյալ իրանական ավիաընկերություն է, թուրքական 3 ավիաընկերություն, որ մինչեւ սեպտեմբերի 23-ը թռիչքներ էին կատարում իրանական տարբեր քաղաքներ, հրաժարվել են դրանցից, մնացել է միայն Iran Air ավիաընկերությունը: Ադրբեջանի մասին ընդհանրապես խոսք չկա, այդ երկիրն առհասարակ փակել է իր օդային սահմանն Իրանի հետ, ոչ միայն ադրբեջանական, այլեւ իրանական ավիաընկերություններին են արգելված դեպի Բաքու թռիչքները, եւ Իրանից Բաքու եւ հակառակ ուղղությամբ հնարավոր է թռչել միայն միջնորդավորված, այլ օդանավակայանների միջոցով:
Հիմա՝ Հայաստանի մասին։ Մինչեւ այս պատժամիջոցը, Հայաստանից Իրան թռիչքներ էր իրականացնում Armenia airways ընկերությունը, բայց այս ընկերության կայքում կամ այլ կայքերում, որոնք զբաղվում են տոմսերի ամրագրմամբ, դեպի Իրան տոմս գնել հնարավոր չէ: Թեհրանից Հայաստան ուղիղ թռիչքներ շարունակում է իրականացնել իրանական Qeshm Air ավիաընկերությունը: Ադրբեջանի հետ համեմատած, Հայաստանի վերաբերմունքն Իրանի նկատմամբ բավական բարեկամական է, բայց եթե վաղը ամերիկացիները պահանջեն, որ դադարեցվեն նաեւ այս ավիաընկերության թռիչքները, հաստատ՝ այդ պահանջը եւս կբավարարվի:
Չինաստանին, Ռուսաստանին կամ Հնդկաստանին մեղադրել ամերիկացիների պահանջները հլու-հնազանդ կատարելու մեջ՝ այնքան էլ ճիշտ չէ: ԱՄՆ-ն եւ հավաքական Արեւմուտքը մոնոպոլ դիրք ունեն ավիաշինության ոլորտում, աշխարհում շահագործվող ինքնաթիռների ճնշող մեծամասնությունը կա՛մ «Բոինգ» է, կա՛մ «Էյրբաս», եթե որեւէ երկիր կամ ավիաընկերություն փորձի չկատարել ամերիկյան պահանջները, միանգամից կզրկվի իր ունեցած ինքնաթիռները սպասարկելու, պահեստամասեր եւ այլ տեխնիկական միջոցներ ստանալու հնարավորությունից: Այս ավիաընկերությունների համար կփակվեն նաեւ ամերիկյան, եվրոպական եւ բազմաթիվ այլ երկրների ավիացիոն շուկաները, ինչը տնտեսական խնդիրներ կառաջացնի նրանց համար: Չինաստանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ փորձում են տեխնոլոգիական անկախության հասնել, փորձում են զարգացնել սեփական ավիաշինությունը եւ այն դարձնել ինքնաբավ, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, քանի դեռ Միացյալ Նահանգներն ունի մոնոպոլ դիրք եւ իշխանություն, այն անընդհատ շահագործելու է՝ իրենց անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանող երկրներին հնազանդեցնելու համար: Մեզ մնում է միայն հույս ունենալ, որ այդ մոնոպոլ դիրքը երկար չի շարունակվի, եւ աշխարհը կստանա այլընտրանք եւ ամերիկյան թելադրանքից ազատագրում, իսկ մինչ այդ Իրանին եւ իրանական ժողովրդին կհաջողվի դիմագրավել այս մի փորձությունը եւս:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր