«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար

«Հրապարակ»․ Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար

Sat, 26 Sep 2026 08:45:24 +0400


Իրավապահները երեկ խուզարկություններ կատարեցին Աբովյանի համայնքապետարանում եւ մի քանի պաշտոնյա ձերբակալեցին, որի մասին դեռ օրեր առաջ էինք գրել՝ հղում անելով իշխանական եւ իրավապահ համակարգի մեր աղբյուրներին։ Բանն այն է, որ ՔՊ-ն եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը խիստ անհանգստացած են Աբովյանով, որտեղ դեկտեմբերի 13-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իսկ գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Ծառուկյանի թիկնապահն էր, հիմա փորձում է չեզոք դիրք գրավել, անցած չորս տարիների ընթացքում հասցրել է վայելել աբովյանցիների սերն ու վստահությունը։

ՔՊ բոլոր հարցումները ցույց են տվել, որ համայնքապետ Էդուարդ Բաբայանն անվիճելի առաջատար է բոլոր թեկնածուների մեջ, եւ անգամ իշխանական լծակների, վարչական ռեսուրսի գործադրումը չի կարող իրավիճակը փոխել` հօգուտ իշխանական թեկնածուի։ ՔՊ-ն նորմալ թեկնածու էլ չունի Աբովյանում: Օրերս հայտնի դարձավ, որ Բաբայանն առաջադրվելու է այն նույն «Գործարար» կուսակցությամբ, որով առաջադրվել են առաջիկա ընտրությունների բազում իշխանական թեկնածուներ, այդ թվում` Առուշ Առուշանյանը։

Մեզ պատմեցին, որ այդ կուսակցության գյումրեցի նախագահը տարբեր շրջանակներում պարծեցել է, թե իր կուսակցությամբ առաջադրվածներն ունեն իշխանության «դաբրոն» եւ մեկից մեկ ընտրվելու են։ Այս լուրերը հասել են Փաշինյանին, եւ նա ավելի է կատաղել Բաբայանի վրա, քանի որ դա կարող է նաեւ շեղել իշխանական էլեկտորատին, եւ հնարավոր է՝ Բաբայանն իրենց ընտրողներից էլ ձայներ տանի, ուստի հրահանգել է «մտնել համայնքապետարան» եւ Բաբայանին ծնկի բերելու օպերացիան արդեն սկսել։

Մեր իշխանական աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը դեռ շաբաթներ առաջ՝ ՏԻՄ ընտրությունների հարցը քննարկելիս է ասել, որ «պետք է ազատագրել Աբովյանը» եւ բոլոր այն համայնքները, որտեղ ուժեղ համայնքապետեր կան, բայց չեն ենթարկվում իրենց։

Իսկ Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարական «բաստիոնն» այն կարգի է կատարելագործվել, որ այլեւս չեն էլ սպասում ընտրություններին․ ինչպես հինգ տարի առաջ Վանաձորում արեցին՝ քվեարկությունից հետո կալանավորելով հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին, հիմա որոշել են մինչեւ քվեարկությունը մեջտեղից հանել ուժեղ թեկնածուներին։ Իշխանականները երեկ չէին էլ թաքցնում, որ նպատակն Էդուարդ Բաբայանին խաղից հանելն է` այնպես անել, որ նա հրաժարվի ընտրապայքարից։

Ընդ որում՝ մեր աղբյուրները վստահ են, որ սա այն տարբերակը չէ, որ Բաբայանը Առուշ Առուշանյանի, Մանվել Փարամազյանի եւ մյուսների պես «կզի» Փաշինյանի առաջ, Փաշինյանն էլ նրան չի պատրաստվում ընդունել, որովհետեւ Ծառուկյանի հետ երբեւէ առնչություն ունեցող ցանկացած բան նրա վրա այնպես է ազդում, ինչպես ցլի վրա՝ կարմիր լաթը: Թեեւ Փաշինյանի որոշ թիմակիցների միջոցով Բաբայանը փորձել է «դաբրո» ստանալ Փաշինյանից: Հիմա նա այդ միջնորդներին էլ է կասկածում ինչ-ինչ շահագրգռության մեջ: Մեզ ասացին, որ նրանց թվում են եղել նաեւ Հայկ Կոնջորյանի եղբայրը` Ավետ Կոնջորյանը, եւ Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանը։

Իսկ համայնքապետարանի մի շարք աշխատակիցների երեկ ձերբակալեցին կաշառք ստանալու կասկածանքով: Փաշինյանի գրպանային իրավապահների համար դժվար չի լինի կեղծ մեղադրանք հարուցել, քննությունը ձգել ու հասցնել մինչեւ համայնքապետին եւ անգամ Բաբայանին կալանքի տանել, թեպետ, ըստ օրենքի, անձը կալանավայրից էլ կարող է առաջադրվել։ Չի բացառվում, որ հաջորդ օպերացիան կիրականացնեն Մասիսում, որտեղ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն է համայնքապետի պաշտոնի անվերապահ հաղթող թեկնածուն: ՔՊ թեկնածուն Հովհաննես Հակոբյանն է՝ նախկին քաղաքապետ Սաշիկ Հակոբյանի որդին, որն այժմ Մասիսի անձնագրայինի պետն է։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի միակ գործիքակազմը` իշխանությունը պահելու եւ անգամ ՏԻՄ-երում հաղթելու հարցում մնացել են բացառապես քրեական-քաղաքական հետապնդումները` կալանքներ, դատավարություններ, որը հնազանդորեն կատարում են իրավապահները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար

Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Sat, 26 Sep 2026 10:00:04…

7 րոպե ago

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում

«Հրապարակ»․ ՀՅԴ-ի մասին խոսում են, որովհետեւ վտանգ են զգում Sat, 26 Sep 2026 09:45:58 +0400…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների բազում հողերից ոչ մեկը 7 տարում չի վերադարձվել

«Հրապարակ»․ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների բազում հողերից ոչ մեկը 7 տարում չի վերադարձվել Sat,…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք

«Հրապարակ»․ Թեկնածուի մորաքրոջ աղջիկն ուսուցիչ է, սպառնացել են՝ կազատենք Sat, 26 Sep 2026 09:15:24 +0400…

52 րոպե ago

Դրսում՝ հարս, ներսում` գազան

Դրսում՝ հարս, ներսում` գազան Sat, 26 Sep 2026 09:00:24 +0400 Աշխարհի գերտերությունների ղեկավարները դրսում իրենց…

1 ժամ ago

«Հրապարակ»․ 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել

«Հրապարակ»․ 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել Sat, 26 Sep 2026 08:30:24…

2 ժամ ago