Երբ Նիկոլենք փորձում են մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում
Sat, 26 Sep 2026 17:15:39 +0400

Ի պատասխան «նյուզ.ամ»-ի լրագրողի՝ «Արցախյան խնդիրները քննարկելուց վախենո՞ւմ եք» հարցին, ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասում է, թե վերջին ութ տարում իշխանությունը ոչնչից չի վախենում: Էական չէ, թե ով է նա, քանի որ ԱԺ-ի ՔՊ-ական շարքերը միմյանցից տարբերվում են ոչ թե ինքնուրույն մտածողության առկայությամբ կամ բացակայությամբ, այլ՝ սեռով, տարիքով եւ այլ ֆիզիոլոգիական հատկանիշներով: Ինչեւէ, վերադառնանք չվախենալու հարցին եւ արձանագրենք, որ դա այդպես չէ: Ներքին կյանքի առումով նրանց առաջնորդը վախենում է շատ բաներից, որ կարող են խնդիրներ առաջացնել Բաքվում: Էլ չասած այնտեղից հնչող հայտարարությունների մասին:
Բայց նաեւ այնպես չէ, թե նա չի վախենում հենց հայաստանցիներից: Արտաքնապես կարող է թվալ, թե դա իսկապես այդպես է, որովհետեւ չվախենալու համար առկա են բազմաթիվ կառույցներ՝ ոստիկանություն, քննչականներ, ԱԱԾ, դատախազություն եւ, ինչը պակաս կարեւոր չէ, իր կողմից նշանակված երիտասարդ ու անփորձ դատավորներ, ովքեր, ինչպես ասվում է, հոգով ու մարմնով հավատարիմ պետք է լինեն նրան: Որովհետեւ ո՞վ էր տեսել, որ 25-30 տարեկան անփորձ երիտասարդը նշանակվի դատավոր ու ճակատագրեր որոշի: Վստահաբար, արեւմտյան ժողովրդավարություններում դա իր ժամանակ դիտարկվել է որպես վայրենի ասիական մտածողության դրսեւորում: Ուղղակի այդ մասին նրան ոչինչ չի ասվել, քանի որ ոչ մեկը չի չեղարկել «Նա շան ձագ է, բայց մերն է» ամերիկյան խոստովանությունը:
Ինչեւէ, պետական այդքան կառույց ունենալու դեպքում պետության ղեկավարը պետք է որ չվախենար հայաստանցիներից կամ գոնե դրանց մի մասից՝ ընդդիմադիրներից: Իրականում, դա այդպես չէ: Ինքը վախենում է թե՛ հայաստանցիներից եւ թե՛ հատկապես ընդդիմադիրներից: Եթե առաջիններից չվախենար, ապա ԱԺ քվեարկությունից մեկ ամիս առաջ 10 հազար դրամով չէր ավելացնի թոշակները, չնայած դա պետբյուջեով նախատեսված չէր: Ինչը նշանակում էր ընտրակաշառք կամ քաղաքական կոռուպցիայի դրսեւորում: Նաեւ վերհիշենք, որ անցյալ տարեվերջին ասում էր, թե 10 հազար դրամով թոշակ բարձրացնելն իմաստ չունի, քանի որ թոշակառուները չեն իմանա, թե ինչպես ճիշտ ծախսեն այդ գումարը: Չնայած դրան՝ թոշակներն ավելացվեցին: Ի՞նչ էր դա, եթե ոչ ընտրողներից վախի արտահայտություն: Նույն երեւույթի դրսեւորում էր նաեւ թոշակառուների համար նախաձեռնված՝ 12 տոկոս կազմող հետվճարը 20 տոկոս դարձնելը:
Անցնենք ընդդիմադիրներից վախենալուն: Այն ավելի քան ակնհայտ էր, իսկ դրա դեմ պայքարը՝ դաժան: Նաեւ անօրինական էր ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվիստներին մտացածին հիմքերով կալանավորելը: Իրական պատճառը, բնականաբար, այդ ուժերի քարոզչությանը խոչընդոտելն էր: Եվ որքան ավելի մեծ էին խորհրդարան անցնելու այս կամ այն ուժի շանսերը, այնքան մեծ էր իշխանության կենտրոնացումը դրանց վրա: Իսկ իբրեւ թե ընտրակաշառք բաժանելու՝ մոնտաժված ու կեղծված հեռախոսային խոսակցությունների հրապարակումը միաժամանակ թե՛ վախի եւ թե՛ ընդդիմության դեմ անուղեղ զանգվածներին մոբիլիզացնելու հակաժողովրդավարական քայլ էր: Ի դեպ, ապօրինի էր նաեւ առանց դատական համապատասխան որոշման հեռախոսազրույցներ գաղտնալսելը:
Ի՞նչ էր, եթե ոչ վախի դրսեւորում՝ անչափահաս երեխաներ ունեցող երիտասարդ մայրերին կալանավորելը: Որովհետեւ ուժեղ իշխանությունը չէր գնա այդ քայլին, հատկապես՝ մեր հասարակությունում, որտեղ անչափահաս երեխայի իրավունքները վեր են ամեն ինչից: Վախի արտահայտություն է նաեւ այն հանգամանքը, որ ընտրություններից անցել է ավելի քան երեքուկես ամիս, սակայն առանձին ընդդիմադիրներ դեռեւս մնում են կալանքի մեջ: Այնպես որ, երբ իշխանության այս կամ այն ներկայացուցիչը փորձում է մարդկանց համոզել, թե իրենք ոչնչից չեն վախենում, ասվածը պետք է հասկանալ ճիշտ հակառակ իմաստով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր