Անսահմանադրական վիճակ
Thu, 26 Nov 2026 16:45:04 +0400

Որպեսզի ալիեւյան սահմանադրությունն էլ չարժանանա ակադեմիական քաղաքի կամ Աջափնյակի մետրոյի ճակատագրին, Փաշինյանն իրավիճակը փրկելու դեռ 2 հնարավորություն ունի: Մեկը՝ ժողովրդին տանի ԱԺ, ջարդի-փշրի ամեն ինչ, 6 ընդդիմադիր պատգամավոր պատանդառի եւ մի հնարքով սահմանադրության ալիեւյան նախագիծը հանի հանրաքվեի: Մյուսը, որ ավելի հավանական է թվում, արտահերթ ընտրություններն են՝ հույսով, որ ՔՊ-ն կստանա ավելի մեծ թվով քվեներ եւ ԱԺ-ում կապահովի սահմանադրական մեծամասնություն: Ասենք, որ ԱԺ ընդդիմությունը միահամուռ որոշել է «ոչ» ասել ալիեւյան սահմանադրությունը հանրության դատին ներկայացնելուն՝ չնայած Փաշինյանի աղաչանք-պաղատանքին, քֆուր-քյաֆարին եւ հեռանալու խոստումներին:
Այսպիսով՝ գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է, բայց, ի տարբերություն ակադեմիական քաղաքի, Աջափնյակի մետրոյի, հակաեկեղեցական արշավի, համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու եւ նման այլ պատմությունների, ալիեւյան սահմանադրության պատմությունը նա չի կարող մոռացության տալ ու անտեսել: Հո չի՞ կարող չքմեղանալ, թե ալիեւյան սահմանադրությունն ինքը չի գրել կամ չի պատրաստվում այն անցկացնել: Ալիեւն ու Էրդողանը Փաշինյանի ոտը մի տեղից կպոկեն, եթե հանկարծ ուսերը թոթվի՝ դե, չի ստացվում, ես ի՞նչ անեմ: Շախմատային լեքսիկոնով՝ «ձեռ ես տվել՝ պիտի խաղաս», պարոն Փաշինյան: Էրդողանն ու Ալիեւը քեզ համար Թրամփ չեն, որ ԹՐԻՓՓ-ի «բացման մասին» քո թիթիզ հայտարարությունից ոգեւորվեն ու քեզ հրավիրեն իրենց մայրաքաղաքներ: Երկրորդ օրը պոչդ կխուզեն, հենց հասկանան, որ իրենց ֆռռացնում ես: Չես էլ հասցնի ստերիլ պայմաններում հրաժարական տալ:
Փաշինյանի «սարատնիկ» Ռուբինյանը, ի տարբերություն բոլորի, ընդամենը մեկ ելք է տեսնում ստեղծված իրավիճակից՝ ժողովրդին ԱԺ տանելը: Դե, Ռուբինյանը հո չգիտի՞, որ դա կառավարական հեղաշրջում է կամ սահմանադրական կարգի տապալման փորձ: Իրեն ի՞նչ կա, էլի փորը կբռնի ու կթռնի լազարեթ: Ով ԱԺ-ում եղավ այդ պահին, թող նա մտածի: Խեղճ Արարատ Միրզոյան, էն ի՞նչ օրն էին գցել էդ տղային «կառավարական հեղափոխական» ուժերը… Ռուբինյան, դու սրա կրկնությո՞ւնն ես ուզում: Բա հա՛մ Քըլըչի չափ ուրախացել ես ալիեւյան սահմանադրության նախագծից, հա՛մ էլ այդ նախագիծը հանրության դատին հանձնելու ձեւ չունես… Քըլըչին ի՞նչ ես ասելու… Պարոն Քըլըչ, Նոր տարուց հետո մի բան կանե՞նք: Չես կարող, չես համարձակվի: Քեզ համար ավելի հեշտ է ժողովրդին ԱԺ տանելն ու սադրանքներ հրահրելը:
ՔՊ-ից մի ոչխար, անունը չեմ էլ հիշում, իր արեւին ձեռ էր առել ՀՀ սահմանադրությունը, թե ժամանակին դրա ամեն բառն ու տառը համաձայնեցրել են եվրոպաներում: Կներեք, իսկ ալիեւյան սահմանադրության նախագծի «տեքստերը» դուք որտե՞ղ եք համաձայնեցրել: Ենթադրվում է՝ Բաքվում եւ Անկարայում: Դե այդպիսի մի էշություն դուք չէիք կարող Լոնդոն, Վենետիկ, Փարիզ, Բեռլին, Բրյուսել տանել՝ կխոտանեին: Մնացին Բաքուն եւ Անկարան… Այլապես այդ ինչպե՞ս պատահեց, որ առաջինը, դեռ նախագիծը կարգին չշրջանառված, Բաքուն ու Անկարան ընկան էյֆորիայի մեջ, սկսեցին ողջույններ հղել Փաշինյանին ու ՔՊ-ին:
Իսկ հիմա՝ երկու խոսք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակի մասին: Ասեմ, որ խորհրդարանական ընդդիմության համար սա ամենահաճելի զարգացումը չէ: Պարզապես ոչ մի երաշխիք չկա, որ փաշինյանական բուլդոզերն իր սեւ գործը չի կատարի, եւ հերթական անգամ ընտրության արդյունքները չեն կեղծվի եւ չեն կեղծվի ավելի մեծ չափերով: Փաշինյանին, նկատենք, 2/3 է պետք խորհրդարանում՝ Ալիեւի եւ Էրդողանի ցասումից փրկվելու համար, եւ նա ամեն ինչ կանի, որպեսզի ստանա այդ 2/3-ը: Ուստի ընդդիմությանը հարկ է Փաշինյանի հետ խոսել բացառապես նրա հեռացման պայմանների շուրջ՝ կա՛մ խորհրդարանն է քեզ հրաժարական պարտադրում (իմպիչմենտ), կա՛մ դու ես ցրում խորհրդարանը, նշանակում արտահերթ ընտրություն եւ չես մասնակցում: Այսպիսով, հարգելի ընդդիմություն, դուք կկարողանաք Փաշինյանին ազատել նաեւ մի մեծ հոգսից: Էն, որ ասում էր՝ ալիեւյան սահմանադրությունն ընդունվի էլ, չընդունվի էլ, հեռանալու եմ: Առաջարկեք՝ նախապես հեռանալ եւ ավելորդ տեղը պատասխանատվության չենթարկվել Ալիեւի եւ Էրդողանի կողմից:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր