Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

11-րդ պատվիրան՝ քեզ համար ճգնաժամեր մի ստեղծիր

11-րդ պատվիրան՝ քեզ համար ճգնաժամեր մի ստեղծիր

Sat, 26 Sep 2026 18:45:04 +0400


«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին»․ սա այն զեկույցի վերնագիրն է, որ Նիկոլը երկնել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իր գլխավորած պայքարի երկարուձիգ տարիների ընթացքում: Ես կարծում եմ, որ ամեն ինչ սկսվել է 44-օրյա պատերազմում նրա կրած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո, երբ, ի թիվս համահայկական շատ կառույցների, Հայ եկեղեցու զույգ Կաթողիկոսական Աթոռները նույնպես պահանջեցին Փաշինյանի հրաժարականը: Իսկ Փաշինյանն այդպիսի բաները չի մոռանում…

Ահա եւ տեղ հասանք: Փաշինյանի պայքարը Եկեղեցու դեմ մտնում է «վճռորոշ» փուլ: Մարդը պատրաստվում է հանգուցալուծել «Եկեղեցում առաջացած ճգնաժամը»: Նա, հասկանում ես, լուծել-հաղթահարել է մեր երկրի ու ժողովրդի առջեւ եղած բոլոր ճգնաժամերը եւ հասել է «Եկեղեցում առաջացած ճգնաժամին»: Ուզում է լուծել նաեւ այդ ճգնաժամը, անգամ լուծման ուղիներ է մատնանշել, որոնք հիմնականում հանգում են հակասահմանադրական կադրային փոփոխությունների: Եթե փորձեմ այլ խոսքով բնութագրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, ապա պետք է ասեմ՝ ք.քի մեջ ենք, այսինքն՝ մի ուրիշ ճգնաժամի, որ բացարձակապես կապ չունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ: Այս դեպքում չափազանց մեծ է մարդկային գործոնը, եւ մեզ խանգարում է հասկանալ բուն պրոբլեմը: Բնական հարց է առաջանում․ այդ ինչպե՞ս պատահեց, որ միլիոնավոր վարչապետներից ընդամենը մեկ վարչապետ հասկացավ, որ Եկեղեցու շուրջ ճգնաժամ կա: Այդ վարչապետին հուշեցի՞ն դա, թե՞ նա ինքնուրույն գլխի ընկավ: Եթե հուշել են, ապա սա թշնամու գործ է, իսկ եթե ինքն է գլխի ընկել, ապա մենք գործ ունենք ոչ թե վարչապետի, այլ գործադիր իշխանությամբ օժտված հրեշտակապետի հետ, որ, ահա, եկել եւ փորձում է սեփական կադրային քաղաքականությամբ կարգուկանոն հաստատել մոտ 2 հազար տարվա պատմություն եւ իր նիստուկացի սեփական օրենքներն ունեցող կառույցում: Դու ո՞վ ես, ո՜վ նորահայտ հրեշտակապետ…

Թե բա՝ Եկեղեցու շուրջ առաջացած ճգնաժամ… Ինքը հորինել է այդ ճգնաժամը, ինքն էլ իբրեւ թե փորձում է հաղթահարել: 1800 տարի մեր եկեղեցու շուրջ ճգնաժամ չկար` հանկարծ առաջացա՞վ: Իսկ առաջացավ, որովհետեւ իշխանության ղեկին է հայտնվել մեկը, որի օրն առանց ճգնաժամ հաղթահարելու՝ օր չէ: Նա, եթե նույնիսկ ճգնաժամ չկա, ստեղծում է այդ ճգնաժամը, որ հաղթահարի: Կարող ենք անգամ նրա ստեղծած ճգնաժամերի ժամանակագրությունը տալ… 2018թ. հոկտեմբերի 2՝ ԱԺ-ի շուրջ ճգնաժամ, 2019թ. մայիս՝ դատարանների շուրջ ճգնաժամ, 2019 օգոստոս-2020թ․ գարուն՝ ՍԴ-ի եւ Սահմանադրության շուրջ ճգնաժամ… Որ կողմ նայում ես՝ ճգնաժամ է, եւ, որպես կանոն, դրանք ոչ թե հաղթահարվում կամ լուծվում են, այլ ավարտվում են որեւէ ապօրինությամբ: Տրամաբանությունն էլ սա է՝ ժողովուրդն է մեզ ընտրել, ինչ ուզենանք, կանենք: Արցախի շուրջ նրա ստեղծած ճգնաժամն ինչո՞վ ավարտվեց, հիշո՞ւմ եք: Այդ ճգնաժամն ինքն է լուծել այդ ձեւով՝ գլուխը կտրում ես, եւ գլխացավն իսկույն անցնում է: Շուռնուխի, Գորիս-Կապան ճանապարհի, Սեւ լճի, Կիրանցի, Ջերմուկի բարձունքների ճգնաժամերն էլ ինքն է ստեղծել եւ լուծել: Բայց չէ՞ որ մենք վերոնշյալի հետ կապված ճգնաժամեր չունեինք՝ Եկեղեցու շուրջ մոտ 2 հազար տարի, մնացյալ հարցերով՝ ավելի քան 100 տարի: Ինքը եկավ, ինքը ստեղծեց, ինքն էլ լուծում է դրանք: Ինչպե՞ս… Մենք դա տեսնում ենք՝ տալով, զիջելով, գլուխը կտրելով, ուրանալով:

Այսօր վերաթարմացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը: Մի անգամ արդեն ձախողել է, խայտառակվել, բայց 26թ. ընտրություններից հետո, ինչպես տեսնում ենք, «դուխը» ելել՝ իրեն ուտում է: Չմոռանանք նաեւ, որ այս մասին մեր հանրությունը տեղեկացավ Նյու Յորքի Թուրքիայի տանը Էրդողանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո: Սրանից հետո մենք խաշած հավ պիտի լինենք, որ չհասկանանք, թե որն է նրա «դուխի» աղբյուրը:

Նա գիտի, որ Հայ եկեղեցու դեմ պայքարում հայ ժողովրդի վրա հույս դնել չի կարող, որ Հայաստանի դատարաններն անգամ (իր դատարանները) Կաթողիկոսին ու Եկեղեցուն դատել չեն համարձակվում, որ իր մաշված «տիրուդավներով» չի կարողանալու եկեղեցական նոր կարգեր հաստատել, բայց քանի որ ճգնաժամն արդեն ստեղծել է, պետք է գնա մինչեւ վերջ: Բա Թուրքիան ու Ադրբեջանն ինչի՞ համար են, որ այս հարցում նրան չօգնեն: Չէ՞ որ այս ճգնաժամի լուծումով կլուծվի նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շուրջ ստեղծված գլոբալ ճգնաժամը, որ վրա է հասել Նիկոլի՝ Հայաստանի Հանրապետության փաստացի պետի՝ մինչ այս ստեղծած ու «լուծած» մեծուփոքր ճգնաժամերի արդյունքում:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» զեկույցը, ասում են՝ 74 էջից է բաղկացած: Ես այն չեմ կարդացել, բայց հաստատ գիտեմ, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ 74 էջանոց լիարժեք ապուշություն, որ երբեք չի կարող իրականացվել: Եվ հիմա ես սպասում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատասխանին, որը, իմ համեստ կարծիքով, կլինի հակիրճ՝ քաղաքական եւ խիստ ցավոտ նորահայտ հրեշտակապետի համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցին հայ ժողովուրդն է․ ո՞ւմ դեմ ես պայքարում

Եկեղեցին հայ ժողովուրդն է․ ո՞ւմ դեմ ես պայքարում Fri, 25 Sep 2026 14:15:26 +0400 Էդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով