Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Իսկ «Հայաստանը», «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն ինչո՞ւ չմիավորվեցին

«Հրապարակ»․ Իսկ «Հայաստանը», «Ուժեղ Հայաստանը», ԲՀԿ-ն ինչո՞ւ չմիավորվեցին

Wed, 30 Sep 2026 09:45:37 +0400


«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան «Միասնության թեւեր»-ի ցուցակում պատգամավորի թեկնածու Լիպարիտ Դրմեյանն է:

– Խորհրդարանական ընտրություններից անցել է չորս ամիս, սակայն ընդդիմադիր ուժերը, նաեւ՝ հանրության մի զանգված շարունակում են «Միասնության թեւեր»-ին մեղադրել ձայներ փոշիացնելու մեջ: Ընդդիմադիրները կարծում են, որ եթե Արման Թաթոյանը միանար իրենց, ապա ձայների փոշիացում տեղի չէր ունենա:

– Մենք նախընտրական շրջանում էլ, ընտրություններից հետո էլ խոսել ենք այդ մասին: Սահմանադրական դատարանում էլ խոսել ենք այդ մասին, բայց կասեմ, որ քաղաքականությունն ինքն է որոշում իր ընթացքը, անելիքները, հետեւաբար՝ ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ընտրություններին ինչ ձեւաչափով, եղանակով մասնակցի եւ ինչ գործողություններ կատարի: Մենք որոշեցինք մասնակցել ընտրություններին «Շանթ» դաշինքի հետ, եւ մեր տեսլականն այն էր, որ մենք` երկու ազգային ուժերս միավորվենք եւ մասնակցենք ընտրություններին: Իսկ թե հետընտրական պրոցեսներում, հատկապես խորհրդարանի ձեւավորվելուց հետո որ ուժն ինչ չի կարողանում անել եւ ինչու է որոշել մեղքը բարդել սրա կամ նրա վրա, դա արդեն իրենց խնդիրն է: Մենք գնում ենք այն ճանապարհով, որն ընտրել ենք:

– Այսինքն` դուք չեք ընդունում, որ ահռելի քանակով ձայներ եք փոշիացրել: Ի դեպ, ի՞նչ ճանապարհով եք գնում, ի՞նչ ծրագրեր ունեք:

– Փոշիացում չի կարող լինել: Այն 33 հազար ձայնը, որ մեզ տվել են, դրանք այն մարդիկ են, ովքեր մեր չմասնակցելու դեպքում ուղղակի ընտրության չէին գնալու: Հակառակը՝ մենք մեր մասնակցությամբ ավելացրել ենք մասնակիցների քանակը, եւ դա է պատճառը, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարողացել 50+1 տոկոս ձայն հավաքել: Մեր ընտրողներն այլ են եղել: Մեզ ընտրողը մեզնից բացի ոչ մի ուժի չէր ընտրելու:

– Բայց ակնհայտ է, որ այս ընտրությունների արդյունքում աննախադեպ թվով փոշիացում եղավ, ինչը բացառապես ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին:

– Մեծ ընդդիմադիր ուժերին պետք է հարցնել` ինչո՞ւ չկարողացան մեծ միավորումներ անել, այն դեպքում, երբ ընդդիմադիր ճամբարի ամենամեծ ուժերն իրենք էին: Օրինակ` «Հայաստան», «Ուժեղ Հայաստան», ԲՀԿ, ինչո՞ւ չմիավորվեցին:

– Խոշոր ընդդիմադիր ուժերից մեկի լիդերը վստահեցրել է, որ դիմել է Արման Թաթոյանին՝ միավորման հարցով, սակայն Թաթոյանը սկզբում համաձայնել է, ապա՝ վերջին պահին մերժել է:

– «Միասնության թեւերը» աջակողմյան ուղղվածություն ունեցող ուժ է, մենք որոշեցինք մասնակցել «Շանթ» դաշինքի հետ, իսկ մյուս ուժերն ավելի ձախակողմյան, ավելի սոցիալական թեզեր առաջ քաշող, տնտեսական բարելավումները կարեւորող ուժեր էին: Այժմ պետք է հարցնել` այդ թեւում եղե՞լ է միավորում, թե՞ չի եղել: Ինչո՞ւ այդ ուժերը չեն միավորվել իրար հետ, որ մի հատ էլ մեղադրում են մեզ, թե ինչու չենք միավորվել իրենց: Այժմ խորհրդարան է անցել երկու ընդդիմադիր ուժ, իրենք պետք է ամեն բան անեն՝ իրենց խոստումները կատարելու համար: Կարող են հասնել դրան, թե չեն կարող, դա էլ այլ հարց է, սակայն եթե ձախողվում են, ապա հաստատ պետք չէ մեղքը բարդել արտախորհրդարանական ուժերի վրա:

– Ձեր նշած երեք ուժերն անցողիկ շեմը հաղթահարել են, ԲՀԿ-ն եւս, ինչպես գիտենք, հաղթահարել էր անցողիկ շեմը, պարզապես ԿԸՀ-ի թեթեւ ձեռքով 60 հազար քվե ոչնչացվեց: Ձեր պարագայում իրավիճակն այլ է, ձեր ուժը չի կարողացել անցողիկ շեմը հաղթահարել, եւ սա է ողջ խնդիրը:

– Մենք ցուցանիշներ, վերլուծություններ ունեինք, որ հաղթահարելու ենք անցողիկ շեմը, այնպես, ինչպես որ իրենք վստահաբար ասում էին, որ հաղթելու են եւ նոր կառավարություն են ձեւավորելու: Մինչեւ ընտրությունները տարբեր հարցումներ են արվել, վիճակագրություններ, եւ մենք կարծում էինք, որ կհաղթահարենք անցողիկ շեմը: Ունեցանք այն, ինչ ունեցանք, ես չեմ կարծում, որ կա այնպիսի մի ուժ, որի կանխատեսումները հարյուր տոկոսով իրականացել են:

– Իսկ դուք ի՞նչ ծրագրեր ունեք: Հանդիպո՞ւմ եք Արման Թաթոյանի հետ:

– Մենք հիմա դատական պրոցես ունենք, հավանաբար կհիշեք, որ վիճարկում էինք ԿԸՀ-ի որոշումներից մեկը, որն այդպես էլ Սահմանադրական դատարանում չդարձավ քննության առարկա: Դրա վերաբերյալ արդեն ունենք Վճռաբեկ դատարանի որոշումները, որոնց համաձայն՝ մեր բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է, նախորդ ատյանների որոշումները թողնելով ուժի մեջ: Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս գանգատ կներկայացնենք ՄԻԵԴ: Իսկ ներկուսակցական հարցերն ընթացիկ են, եթե լինեն զարգացումներ, այդ մասին կհայտարարենք: Հանդիպումներ ունենում ենք պարբերաբար:

– Ձեզ քվե տված քաղաքացիները եւս երբեմն դժգոհություն են հայտնում, որ «Միասնության թեւեր»-ը շատ պասիվ է, ոչինչ չի անում:

– Հաճախ պրոցեսները քննարկումների փուլ են անցնում, միշտ չէ, որ խմորումների մասին հանրայնացումները ճիշտ են:

– Ամեն դեպքում՝ ինչո՞ւ եք այսքան պասիվ:

– Ես դա նորմալ եմ համարում, որովհետեւ քաղաքական դաշտը նախատեսում է երբեմն վայրիվերումներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները Tue, 29 Sep 2026 23:19:07 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով