Բաքուն ներկայանում է ոչ միայն որպես բանակցող կողմ, այլ որպես խաղաղության ճարտարապետ
Wed, 30 Sep 2026 17:45:17 +0400

2026 թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ելույթում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսում էր Ադրբեջանի «liberated territories»՝ «ազատագրված տարածքների» մասին; Հայտարարում էր, թե կյանքը վերադառնում է այդ տարածքներ՝ մոռանալով նշել, որ Արցախի բնիկ ժողովրդին՝ արցախցիներին ցեղասպանության ենթարկելուց ու նրանց բռնագաղթից հետո են «ազատագրվել» այդ հողերը: Ասում էր, որ այդ տարածքներում արդեն ավելի քան 90 հազար մարդ է ապրում, աշխատում ու սովորում։ Սակայն չէր սահմանում, թե կոնկրետ որ տարածքը նկատի ունի:
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանում է այդ ելույթը. «Իմ գնահատմամբ՝ քաղաքական առումով այստեղ կա երեք շերտ՝ Բաքուն «ազատագրված տարածք» հասկացությունը պահում է որպես լայն քաղաքական-տարածքային կատեգորիա։ Ադրբեջանի պաշտոնական բառապաշարում «liberated territories»-ը սովորաբար ներառում է 2020-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած նախկին հակամարտության գոտու և հարակից շրջանների տարածքները։ Ալիևի նախորդ ելույթներում այդ հասկացությունը կիրառվել է նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի նկատմամբ։ Այսինքն՝ Բաքվի համար «ազատագրված տարածքները» նույնական չեն նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ եղած, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ։ Բայց Բայրամովը 2026-ին ընտրում է ավելի ընդհանրական ձևակերպում՝ առանց մանրամասն քարտեզագրելու այդ տարածքը։ Երկրորդ կետով սա նաև Ղարաբաղի հարցը «փակված» ներկայացնելու քաղաքական տեխնիկա է։ Ուշագրավ է, որ նույն ելույթում Բայրամովը մի կողմից ասում է, որ կողմերը հասել են de facto peace-ի՝ փաստացի խաղաղության, մյուս կողմից խոսում է Ադրբեջանի «post-conflict rehabilitation agenda»-ի՝ հետհակամարտային վերականգնման ճանապարհային քարտեզ և «liberated territories»-ի՝ իբրև թե ազատագրված տարածքների մասին։ Այսինքն՝ Բաքվի տրամաբանությունը հետևյալն է. հակամարտությունն ավարտված է, տարածքային հարցը լուծված է, այժմ այդ տարածքները Ադրբեջանի հետպատերազմյան վերականգնման տարածքներն են։ Սա շատ կարևոր է, որովհետև այդ լեզվով Ղարաբաղն աստիճանաբար դադարում է ներկայացվել որպես առանձին քաղաքական հակամարտության տարածք և վերածվում է Ադրբեջանի ներքին վերականգնման/զարգացման տարածքի»։
Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը տարիներ շարունակ հետևյալն է եղել՝ Ադրբեջանի կազմում այլևս գոյություն չունի «Nagorno-Karabakh» առանձին վարչատարածքային միավոր։ Ալիևը դեռ 2021-ին էր ՄԱԿ-ում հայտարարել, որ Ադրբեջանի կազմում չկա Լեռնային Ղարաբաղ անվանումով տարածքային միավոր։ «Ուստի 2026-ի Բայրամովի լեզվաբանությունը տրամաբանորեն շարունակում է նույն գիծը. ոչ թե՝ «Ղարաբաղի հակամարտության տարածքներ», ոչ թե՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքներ», այլ՝ «Ադրբեջանի ազատագրված տարածքներ»։ Սա բառապաշարի միջոցով կոնֆլիկտի օբյեկտը փոխելու քաղաքականություն է։ Իսկ ինչո՞ւ է սա փորձագիտական դաշտում տարակարծության տեղիք տալիս, որովհետև «liberated territories» արտահայտությունը իրավականորեն սահմանված եզրույթ չէ։ Դա Ադրբեջանի քաղաքական-դիվանագիտական տերմինաբանությունն է։ Բաքուն շարունակում է պնդել՝ տարածքային հարցը լուծված է, իսկ մնացած խնդիրը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վերջնականացումն է։ Այսինքն՝ «ազատագրված տարածքներ» ձևակերպումը, ըստ ամենայնի, նոր տարածքային պահանջի քողարկված հայտարարություն չէ։ Իմ գնահատմամբ Բայրամովի այս ձևակերպման իրական ենթատեքստը Ղարաբաղի հարցի դիվանագիտական «վերանվանումն» է։ Բաքուն փորձում է հասնել մի իրավիճակի, որտեղ միջազգային դիսկուրսում այլևս չլինի «Ղարաբաղի հակամարտություն, Ղարաբաղի կարգավիճակ, Ղարաբաղի բնակչության քաղաքական իրավունքներ» շղթան։ Փոխարենն ուզում են, որ լինի «Ադրբեջանի ազատագրված տարածքներ, վերականգնում, վերաբնակեցում, տնտեսական զարգացում, խաղաղության համաձայնագիր»։ Հիմնական քաղաքական ուղերձը սա է»,- շեշտում է միջազգայնագետը։
Ինչ վերաբերում է «Խաղաղությունը, որը մենք հաստատել ենք` Ադրբեջանի առաջարկած խաղաղությունն է» ձևակերպմանը, ապա այստեղ ավելի խորքային իմաստ կա. ««Սյն խաղաղությունը, որը մենք հաստատել ենք» և «Ադրբեջանի առաջարկած խաղաղությունը» հայտարարությունները պետք է դիտարկել որպես խաղաղության գործընթացի նկատմամբ հեղինակության և օրակարգի սեփականաշնորհման փորձ։ Բայրամովի` ՄԱԿ-ի ելույթի համատեքստում Բաքուն ներկայացնում է, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հանգեցրել է «de facto peace»-ի, և այժմ մնացել է այդ խաղաղությունը իրավականորեն ամրագրելու /նորմալացման գործընթացն ավարտելու հարցը։ «Մենք հաստատել ենք խաղաղությունը» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձաբար ստեղծվել է խաղաղություն» նույնական չեն։ Սա շատ կարևոր տարբերություն է։ Եթե դիվանագիտական լեզվով ասվեր` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել», ապա երկու պետությունները հանդես կգային որպես հավասար սուբյեկտներ, որոնք միասին հասել են արդյունքի։ Բայց երբ Բայրամովն ասում է, ըստ էության՝ «մենք հաստատել ենք խաղաղություն», սուբյեկտը դառնում է Ադրբեջանը։ Այդպիսով Բաքուն իրեն ներկայացնում է ոչ միայն որպես բանակցող կողմ, այլ նաև որպես խաղաղության գործընթացի նախաձեռնող և հիմնական ճարտարապետ։ Սա արդեն քաղաքական հաղորդագրություն է։ Բաքուն խաղաղությունը ներկայացնում է ոչ թե որպես երկու կողմերի միջև ձևավորված փոխզիջման արդյունք, այլ որպես Ադրբեջանի առաջադրած սկզբունքների հիման վրա կառուցված գործընթաց»։
«Եթե միջազգային դիսկուրսում ամրապնդվում է «Azerbaijan-proposed peace»՝ Ադրբեջանի առաջարկվող խաղաղությունը բանաձևը, ապա ժամանակի ընթացքում կարող է ձևավորվել հետևյալ ընկալումը, որ Ադրբեջանը պատերազմից հետո ոչ միայն վերականգնեց տարածքային ամբողջականությունը, այլև ձևակերպեց տարածաշրջանի նոր քաղաքական կարգավորումը։ Այսինքն՝ Բաքուն փորձում է ունենալ ոչ միայն ռազմական և տարածքային արդյունք, այլև հետպատերազմյան քաղաքական օրակարգի հեղինակություն։ Սա շատ ավելի մեծ բան է, քան պարզապես «խաղաղության մասին հայտարարությունը»։ Բաքուն միաժամանակ ասում է՝ խաղաղությունը փաստացի արդեն հաստատված է, բայց շարունակում է խոսել այն մասին, որ կան չլուծված հարցեր և «մնացած խոչընդոտներ»,-նկատում է Կարապետյանը։
Բաքուն փորձում է փոխել ոչ միայն քարտեզը, այլև հակամարտության միջազգային պատմությունը եւ միջազգային մակարդակում հաստատել, որ պատերազմից հետո ձևավորված նոր ստատուս-քվոն Ադրբեջանի կողմից ստեղծված և առաջարկված խաղաղության կարգավորման արդյունքն է, իսկ հետագա խաղաղության իրավական ամրագրումը պետք է տեղի ունենա արդեն այդ ձևավորված շրջանակի ներսում։ Եվ հատկապես ուշագրավ է, որ Բայրամովի այս հայտարարությունը հնչում է ՄԱԿ-ի ամբիոնից․ «Այնտեղ խոսքը միայն Երևանին ուղղված ուղերձի մասին չէ, այլ երրորդ երկրների համար պատմության ձևակերպման մասին է։ Այդ իմաստով Բաքուն փորձում է ոչ միայն ունենալ իր համար ցանկալի պայմաններ, այլ նաև համոզել միջազգային հանրությանը, որ այդ պայմաններն արդեն իսկ ներկայացնում են «նոր խաղաղության իրականությունը»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր