Հայ կինը դանակով հարվածներ է հասցրել` իրենց վրա կրակող ադրբեջանցուն
Thu, 01 Oct 2026 18:05:20 +0400

Սյունիքի Շաքի բնակավայրում այսօր հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ նոր մանրամասներ են մեզ հայտնի դարձել։ Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, ենթադրաբար` հատել Հայաստանի պետական սահմանը։ «Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմինները որոնողական աշխատանքներ են իրականացրել»։ Եւ միայն հոկտեմբերի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ «Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակողը ադրբեջանցի զինծառայող է, նրան ձերբակալել են։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
«Հրապարակի»֊ին գյուղի բնակիչները մանրամասներ են պատմել։ Նրանց փոխանցմամբ՝ ադրբեջանցի զինծառայողին մի քանի օր որոնել են, սակայն այդ մասին իրենք տեղյակ չեն եղել։ Գյուղացիների պատմելով՝ նա անարգել մտել է Շաքի, հայտնվել է մի տան մոտ, որի դուռը բաց է եղել եւ հանգիստ ներս է մտել։ Տան բնակիչներն այդ պահին տանը չեն եղել, որոշ ժամանակ անց վերադարձել են եւ անակնկալ հայտնաբերել ադրբեջանցի զինծառայողին։
Բնակիչների պատմածով՝ վերջինս կրակել է երիտասարդ՝ 38-ամյա աղջկա ոտքին։ Այդ ընթացքում 5 երեխաների մայրը դիմադրել է և դանակով վնասել ադրբեջանցուն։
Գյուղացիների խոսքով՝ նա սկսել է ադրբեջաներեն օգնություն կանչել, թե` մահանում է։ Սահմանամերձ բնակավայրի բնակիչները ադրբեջաներեն հասկանում են և հասկացել են նրա ասածը։ Գյուղացիներն ահազանգել են եւ դրանից հետո միայն դեպքի վայր են ժամանել իրավապահները, և ադրբեջանցի զինծառայողին վնասազերծել ու ձերբակալել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր