Կալանավորին տարել են հիվանդանոց` 15 րոպեից հետ ուղարկել
Thu, 01 Oct 2026 22:15:43 +0400
Վերջին շրջանում կառավարությունը թմբկահարում է քրեակատարողական համակարգի «բարեփոխումների» մասին: Արդարադատության նախարարությունն էլ նախագիծ է ներկայացրեց՝ իբր կալանավորների կյանքի պայմաններն ու իրավունքները բարելավելու համար։ Սակայն այս բարի ցանկությունները միայն թղթի վրա են, եվրոպացիների աչքերին թոզ փչելու միտումով: Պետության իրական վերաբերմունքը կալանավորի հանդեպ անմարդկային է, հավասարազոր ամենօրյա խոշտանգման: Թարմ դեպք է «Աբովյան» ՔԿՀ -ում պահվող Քրիստինե Մալխասյանի օրինակը: Սեպտեմբերի 26-ին «Թողեք մի տեղ պառկեմ, մեռնեմ» հրապարակման մեջ նկարագրել էինք ծայրահեղ ծանր վիճակում հայտնված այդ կնոջ ողբերգությունը: Նա գամված է անկողնուն, սոսկալի ցավերի մեջ, երկու ոտքերը մինչեւ հետույքի հատվածը փտում են, արյան ու թարախի մեջ են, սակայն նա ոչ մի բուժօգնություն չի ստանում: Շաքարային դիաբետով, երիկամային քրոնիկ անբավարարությամբ տառապող, վերջույթների խորը խոցերով կնոջը մասնագիտական օգնությւոն ցուցաբերելու փոխարեն, պահել են նախ՝ խնամքի կենտրոնում, մի լքված սենյակում փակված, ապա տեղփոխել են մաշկավեներական հիվանդանոց, թողնելով առանց մասնագիտական բուժօգնության: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը բացատրում էր, թե Քրիստինեն ինքն է հրաժարվում բուժօգնությունից, ինչը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը: Կինը ի վիճակի չէր այլեւս տեղից տեղ տեղափոխվելու, քանի որ յուրաքանչյուր շարժում նրան անասելի ցավ էր պատճառում:
Այս ամենի մասին մեզ ահազանգել էին կնոջ զավակները, եւ արդեն մեր հրապարակման հետքերով Քրիստինեին հապշտապ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս անգամ նա չի հրաժարվել օգնությունից, սակայն կլինիկայում նրան ընդամենը 15 րոպե պահելուց հետո նույն պատգարակով ու նույն սարսափելի ու անօգնական վիճակով հետ են տարել մաշկավեներական հիվանդանոց։ Ինչու՞: ՀՈԱԿ-ը հրաժարվում է առանց գրավոր հարցման եւ հիվանդի թույլտվության բացատրել, թե ինչու են մահամերձ կնոջը տարել հիվանդանոց եւ 15 րոպեից հետ ուղարկել: Մեր տեղեկություններով, ԲԿ-ի մասնագետները որոշել են, որ կնոջ վիճակը չի համապատասխանում ցուցված բժշկական միջամտությունը կատարելու: Նրան պետք է մի քիչ «կարգի բերել», վիճակը կայունացնել, նոր տեղափոխել «Գրիգոր Լուսավորիչ»:
ՊՈԱԿ փոխտնօրեն Նաիրա Բաբայանը մեզ հայտնեց, որ այսօր գնալու է անձամբ ծանոթանալու Քրիստինե Մալխասյանի վիճակին: Իսկ հիվանդի հարազատները վստահ են՝ եւս մի քանի օր, եւ մայրիկը պատգարակով ճանապարհորդություններին էլ չի դիմանա: Այս պատմության ողջ անհեթեթությունն այն է, որ կնոջը կալանավորել են ու մեղադրում այն բանի համար, որ նա սեփական բնակարանը վաճառել է, կախավճար է վերցրել, ապա փոշմանել` այլ անձի վաճառել ու էլի կանխավճար վերցրել: Քննչական մարմինը սա որակել է որպես կրկնակի վաճառք, խարդախության մեղադրանք է առաջադրել ու կալանք է կիրառել, որն անհամատեղելի է կնոջ առողջական վիճակի հետ: Սակայն զարմանալի ոչինչ չկա: Սա է նիկոլական Հայաստանը: