Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում

Սա նաև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում

Fri, 02 Oct 2026 00:25:46 +0400


Այսօր բոլորը գրում են սահմանը հատած ադրբեջանցու մասին ու արդարացիորեն արձանագրում, որ խաղաղություն կոչվածը միֆ է. ըստ էության` մեր սահմաններն անպաշտպան են, մեր իրավապահները` ոչ կոմպետենտ, իսկ իշխանությունն էլ իրականությունը միտումնավոր թաքցնում է` վտանգների մասին չի ահազանգում, որ գոնե մարդիկ իրենք իրենց գլխի ճարը տեսնեն… Եվ պատկերացնու՞մ եք` ինչ է լինելու, եթե Աստված մի արասցե` Տիգրանաշենը հանձնեն…

Բայց ես այսօր լրիվ ուրիշ բանի մասին եմ գրելու` 2 գործի, որոնք ինձ ցնցել են իրենց աբսուրդայնությամբ: Եվ ես կրկին համոզվեցի, որ այս իշխանության ամենամեծ վնասը դատաքննչական մարմինների այլասերումն է, դրանց ստրկացնելն ու անխնա դաժանությամբ շահագործելը` հանուն սեփական աթոռների:

Մի գործը վերաբերում է հանրահայտ ընտրակաշառքի մեղադրանքներին, «Ուժեղ Հայաստանի» կողմից իբրև թե բաժանված: Էն որ հայտնի անձնավորությունն ասում էր` «մերը 100% օրգանիկ ձայներ են, նրանցը` 100% ընտրակաշառքով ստացված»: Ու մինչ օրս ոչ դատված մարդ կա, ոչ հաստատված փաստ: Մեր Ոսկանը օրերս մի գործի էր անդրադարձել, որտեղ մեղադրյալները երկուսն են` «Ուժեղների» ներկայացուցիչ, Նոյեմբերյանի նախկին փոխքաղաքապետ Մհեր Աղամյանն ու երկու որդիների հայր Գուրգեն Մակյանը: Ուրեմն Մակյանի որդիները, որոնք էվակուատորի վարորդներն են եղել, մեղադրվել են Ղրիմի կամրջի պայթեցման գործով և Ռուսաստանում դատվել: Էս տղաները պնդում են, որ ոչ մի կապ չունեն պայթեցման հետ, անարդար դատվել են և ծանր վիճակում գտնվող հայրը խնդրել է Աղամյանին` մի բանով օգնել, որ որդիներն ազատվեն ռուսական բանտից ու տուն վերադառնան: Աղամյանն այդ օրն առաջին անգամ է տեսել «կաշառատուին», ընդամենը մի խոսակցություն է եղել նրանց միջև: Պարզ է, որ Աղամյանը նման հարց լուծել չէր կարող, բայց մեկ հատիկ խոսակցությունը բավարար է եղել, որ երկուսին էլ բռնել, մեկին տնային, մյուսին` բանտային կալանք են տան, 3 ամիս խոշտանգեն, միայն օրերս են ազատ արձակել, բայց դատը գնում է…

Երկրորդը ձեզ բոլորիդ հայտնի Էդգար Ղազարյանի գործն է, ում մեղադրում են ՍԴ դատավորներին արատավորող տեղեկություններ տարածելու համար: Խոսքը Անկախության հռչակագրի մասին խայտառակ որոշումից հետո էդգարի հնչեցրած գնահատականների մասին է: Ի դեպ, PISA-2025 ի արդյունքներից ինձ համար ամենազարմանալին այն էր, որ 15 տարեկանները փաստը չէին կարողացել տարբերել գնահատականից: Հիմա այլևս չեմ զարմանում, քանզի բարձրագույնավարտ քննիչները նույնպես տեղեկությունը չեն տարբերում գնահատականից:
Ի՞նչ է ասել Էդգար Ղազարյանը ՍԴ դատավորների մասին, որով արատավորել է այդ «սրբագույն» արարածներին: Ընդ որում, ոչ թե դատավորներն են դիմել, այլ նրանց փոխարեն քննիչներն են նեղվել: Մի քանի մեջբերում անեմ մեղադրանքից.

Ասել է` «նման տեսակետ կարող է ունենալ կամ տգետը, կամ գիտակից դավաճանը»: Նրանք «պետական դավաճաններ են, վարձկան ահաբեկիչներ, ապօրինության հետևանքով այնտեղ հանգրվանած կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք ծառայում են թշնամուն»: Դա բացարձակ ապօրինի որոշում է և այդ որոշմամբ դատարանը վերածվել է «քաղաքական բուդկայի»: ՍԴ նախագահը հանդես է եկել որպես «վարձկան ահաբեկիչ, այլ ոչ թե դատավոր», իսկ ՍԴ-ն վերածվել է «ՔՊ-ի իրավական գրասենյակի, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ»:

Եթե սրանք արատավորող տեղեկություններ են, ուրեմն իրոք ՍԴ-ն «վարձկան ահաբեկիչների» որջ է և Էդգար Ղազարյանը հույժ կարևոր բացահայտումներ է արել, իսկ եթե զրպարտություն է և վիրավորանք, ապա պետք է քննվի քաղաքացիաիրավական սկզբունքով` ՍԴ դատավորների հայցերի հիման վրա:

Նման իրավական տգիտություն, իրավական հասկացությունների խեղաթյուրում ու մանիպուլյացիաներ միայն քաղաքական պատվերի առկայության դեպքում է հնարավոր: Եվ սա ոչ միայն պատվեր իջեցնողների, այլ նսև այդ պատվերը կատարողների բարոյական անկման մասին է վկայում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն

Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն Sat, 24 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով