Այրվել է Միլլերի պատմական առանձնատունը
Fri, 02 Oct 2026 13:30:09 +0400

Սանկտ Պետերբուրգի կենտրոնում այրվել է Միլլերի պատմական առանձնատունը։ Հրդեհն ընդգրկել է մոտ 2000 քառակուսի մետր տարածք, հայտնում է ՌԴ ԱԻՆ–ը։
Իսահակի հրապարակ 3 հասցեում գտնվող շենքում հրդեհը բռնկել է երեկ երեկոյան։ Կրակը տարածվել է առանձնատան, ապա Յակուբովիչ փողոցի կողմից հարևան շենքի տանիքի վրա։
Հարակից շենքի բնակիչները տարհանվել են։ Ադմիրալտեյսկի շրջանի վարչակազմը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում նրանց կտեղավորեն մոտակա ուսումնական հաստատությունում։
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել գիշերը, ավելի ուշ ԱԻՆ–ը հայտնեց բաց հրդեհի մարման մասին։
Հրշեջներն այժմ շարունակում են ջրել և մաքրել կառույցները։ Դեպքի վայրում աշխատում են նաև քննիչները։
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը պարզվում է։
Միլլերի առանձնատունը կառուցվել է 18-րդ դարի երկրորդ կեսին և Սանկտ Պետերբուրգի պատմական շենքերից մեկն է։ Հայտնի է, որ շենքը գտնվում է վերակառուցման փուլում։ Այն նախատեսվում էր էլիտար շենք դարձնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր