Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Մարդ չի իմանում՝ ոչխար պահի, թե՞ շուն

Մարդ չի իմանում՝ ոչխար պահի, թե՞ շուն

Sun, 04 Oct 2026 14:30:49 +0400


Նիկոլն ասում է՝ ոչխար պահիր, Անգեղակոթի գյուղապետն ասում է շուն պահիր… Մեկն էլ կարող է ծլել, թե՝ կատու պահիր: Նիկոլն այնքան համոզված է ինձ ասում ոչխար պահիր, կարծես ես էլ, հենց հիմա, իր ասելով պիտի գնամ, ոչխար առնեմ ու պահեմ: Նիկոլն ասում է՝ ոչխար պահելը, իբր, նպաստում է ուղեղում աղքատությունը հաղթահարելու գործին: Բայց ես չեմ ուզում ոչխար պահել, դա իմ հոբբին չէ… Ուրեմն ինչպե՞ս հաղթայհարեմ աղքատությունը, եթե, ա) այն իմ ուղեղում չէ, և բ) ոչխար չեմ ուզում պահել:

Անվտանգության հարցն, իհարկե, ավելի կարևոր է, քան աղքատությունը: Աղքատությունը, առանց Նիկոլի խորհուրդների էլ, մի կերպ կարելի է հաղթահարել: Իսկ ինչպե՞ս լուծել անվտանգության հարցը, եթե նույնիսկ մի «սուրու» ոչխար ունես քո ենթակայության տակ:

Անգեղակոթի գյուղապետը, վերևում արդեն ասացի, առաջարկում է շուն պահել: Գյուղապետը… Եթե նման բան առաջարկեր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ես դեռ կհասկանայի: Բայց որ գյուղապետ մարդն է դա առաջարկում, մի տեսակ լուրջ չեմ ընկալում: Փաստորեն՝ Հայաստանում գյուղ կա, որ շուն չկա… Ահավասիկ՝ Անգեղակոթը: Մի շունն ինչ է, չկար, որ ադրբեջանցու ներթափանցման պահին հաչեր ու գյուղին իմաց տար: Եվ, ահա, խելացի գյուղապետն իր ընտրողներին ասում է՝ շուն պահեք, որ թուրքերը գյուղ չմտնեն ու ձեզ վնասեն: Այս հայրենասեր մարդուն հուշեմ, որ շունը էֆեկտիվ է ոչխարի հոտը գայլերից պաշտպանելու հարցում: Փոխարենը՝ հայ զինվորին ադրբեջանցի զինվորից տարբերելու գործից, չգիըեմ, շունը գլուխ կհանի՞, թե՞ մի հատ էլ Անգեղակոթում շների դպրոց բացենք, որ սովորի թուրքին հայից տարբերել: Սա այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Մի հատ նայեք մեր դպրոցի ծրագրերն ու տեսեք, թե ինչ են սովորեցնում մեր երեխաներին՝ թուրքն ու ադրբեջանցին մեր եղբայրն են, չի կարելի նրանց վնասել, սիրեք նրանց, թույլ տվեք մտնեն ձեր երկիր, ձեր գյուղ, ձեր տուն… Ուշադրություն մի դարձրեք, դուքսարերում ձեզ համար ոչխար պահեք…

Եվ ապա, Անգեղակոթի հարգելի ղեկավար, Ձեզ չի՞ թվում, որ շուն պահելու մասին ձեր այդ աշխարհացունց հայտարարությամբ հիմար վիճակի մեջ եք դնում մեր երկրի, այսպես կոչված, ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Դուք ակնհայտ ձևով վերազանցում եք ձեր իրավունքները և, հազար ներողություն, քիթներդ խոթում ձեզ չվերաբերող հարցերի մեջ: Բաքվում իմանան ի՞նչ կասեն… Չեն ասի՞ Հայաստանը ոչ ԱԱԾ ունի, ոչ բանակ, ոչ կառավարություն… Շներով են իրենց անվտանգությունն ապահովում: Առանց այն էլ մեր «ազգի հերոս» Սասուն Միքայելյանն այնպիսի բան է ասել, որ Նիկոլի «սասը» լրիվ կտրվել է… Թե բա՝ Հայաստանը սահմաններ չունի, նոր պետք է գծենք… Նիկոլը դեռ ոչինչ, մերն է, բա էն օտարերկրյա դեսպաննե՞րը ոնց են խառնվել իրար: Մարդիկ անելանելի վիճակի մեջ են հայտնվել, չգիտեն՝ իրենք որ երկրում են հավատարմագրվել, այդ ի՞նչ երկիր է Հայաստանը, որ սահմաններ չունի: Եվ բախտներս բերել է, որ Սասուն Միքայելյանն ընդամենը ՔՊ-շնիկ պատգամավոր է և ոչ թե Անգեղակոթի գյուղապետ: Այլապես ինչպե՞ս պետք է իմանայինք, որ ադրբեջանցին սահման է հատել ու մտել հայկական գյուղ: ԱԱԾ-ն մեռավ ասելով՝ ադրբեջանցի զինվորը սահման է հատել: Ո՞ր սահմանն է հատել, պարոն Միքայելյան: Եթե դու սահման չունես, ադրբեջանցին ինչպե՞ս կարող է սահման ունենալ և հատել այն: Թերևս ավելի ճիշտ կլիներ ասել՝ դե զինվոր տղա է, սիրտը ձվածեղ է ուզել, մտել է գյուղ և այլն:

Նորից գանք շներին: Զարմանալի է, իհարկե, որ միջուկային պատերազմների դարաշրջանում հայ գյուղապետն առաջարկում է շներով պաշտպանվել, բայց ես մեր ողջ գյուղական ազգաբնակչությանը խորհուրդ կտայի հետևել այդ գյուղապետի հորդորին: Իսկապես լավ միտք է, եթե պաշտպանության այլ միջոց չունես: Ճիշտն ասած՝ անվտանգության հետ կապված մի միտք էլ ես ունեմ, բայց վախենում եմ բարձրաձայնել: Այն կապված է երկրում իշխանափոխություն անելու գաղափարի հետ, ինչը չեմ կարծում, որ ընդունելի կլինի ՀՀ ժողովրդի համար: Բայցևայնպես այդ ուղղությամբ պետք է մտածել: Ի վերջո էս անտեր անվտանգությունը իշխանությունն է ապահովում, իսկ մենք իշխանություն, որպես այդպիսին չունենք: Կա ընդամենը ՔՊ, որ աղքատությունն իր գլխում հաղթահարել է և այլևս հավես չունի ուրիշ հարցերով զբաղվելու: ՔՊ-ն ձեզ խոստացե՞լ է, որ պաշտպանելու է ադրբեջանցիների ներխուժումից… Չի խոստացել: Եվ ուրեմն, կամ շուն ենք պահում, կամ նորմալ իշխանություն բերում, որ թուրքը չմտնի մեր գյուղ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պայթեցվեց խաղաղության միֆը

Պայթեցվեց խաղաղության միֆը Sun, 04 Oct 2026 09:00:58 +0400 Մեր հանրության մեջ հաստատված կայուն շփոթն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով