«Հրապարակ»․ Օլիմպավանի կապարակնքումը դատարանը ճանաչել է ոչ օրինական. սպորտը՝ ասֆալտին պառկած
Tue, 06 Oct 2026 09:45:26 +0400

Դատարանը բավարարել է «Օլիմպավան» մարզահամալիրի կապարակնքման որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի ներկայացրած բողոքը, սակայն դատարանի որոշումը դեռ չի կատարվել:
Այս մասին «Հրապարակին» հայտնեց պաշտպան Հովիկ Սուքիասյանը: «Որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 28-ին: Բողոքարկման 10-օրյա ժամկետ կա: Կտեսնենք՝ դատախազությունը բողոքարկում է, թե ոչ, ըստ այդմ կշարժվենք: Բոլոր հիմնարկների կապարակնքման գործերով մեկ պատճառաբանություն է բերվում՝ ունենք կատարելու վարույթային գործողություններ: Մենք էլ ասում ենք՝ այդ ո՞ր վարույթային գործողությունն է, որով կարող ես կապարակնքել ու կազմաքանդել ամբողջ հիմնարկը»,- նշում է փաստաբանը: Դատարանի որոշմամբ փաստացի հաստատվել է, որ քննչական մարմինների կողմից համալիրի դռները երեք ամիս շարունակ փակ պահելն ու մարզիկներին ներս չթողնելը չունեն բավարար հիմքեր։
«Օլիմպավան» մարզահամալիրը, որտեղ ամիսներ առաջ դեռ մարզվում էին մեր մարզիկները՝ ապագա օլիմպիական չեմպիոնները, ազգային հավաքականների մարզիկները, սպորտսմեն երեխաները, արդեն 3 ամիս փակ է: Քննչականն Օլիմպավանի դռները կապարակնքել է հուլիսի սկզբին` Գագիկ Ծառուկյանին կալանավորելուն պես: Մոտ 1500 երեխա էր մարզվում այնտեղ: Նրանց ծնողները փաթեթներ էին ձեռք բերել` անհատական կամ ընտանեկան, որոնց համար վճարումները կատարում էին բանկերում:
Այժմ ծնողները ստիպված են վճարումներ կատարել մի ծառայության դիմաց, որը նրանք չեն ստանում: «Ձեր երեխան գալիս է Օլիմպավան, որ մարզվի Էրիկ Օհանյանի մոտ: Վաճառքի բաժնում առաջարկում են եռամսյա, վեցամսյա կամ տարեկան փաթեթներ: Ենթադրենք, ընտրում եք 180 հազար դրամանոց փաթեթը: Հարցնում են՝ միանգամի՞ց եք մուծում, թե՞ բանկով: Ասում եք՝ բանկով: Բանկը միանգամից վճարում է ծառայության գինը, ու դուք ամեն ամիս մուծում եք բանկին: Հիմա այս ծնողները մուծում են բանկին, բայց երեխաներն արդեն երրորդ ամիսն է՝ պարապմունքի չեն գնում: Լողավազան, տրենաժոր, պար, գիմնաստիկա, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, MMA՝ խառը մարտարվեստներ. այդ բոլոր խմբերի երեխաների համար վճարում են, բայց երեխաները չեն պարապում»,- ասում է խառը մարտարվեստների մարզիչ Էրիկ Օհանյանը: Ի՞նչ վիճակ է հիմա Օլիմպավանում, կարողանո՞ւմ եք մուտք գործել շենք: «Որպես ազատ քաղաքացի՝ կարող ես մտնել, տեսնել մի երկու կիլո փոշի դրած, բասսեյնի ջուրը լցրած, բայց ոչինչ չես կարող անել»,- ասում է Էրիկ Օհանյանը:
Ծնողների շրջանում հասունանում է պետության դեմ դատական խմբակային հայց ներկայացնելու մտադրություն: Նրանք պատրաստվում են դիմել դատարան եւ փոխհատուցում պահանջել կրթության եւ գիտության նախարարությունից:
Ծանր իրավիճակ է նաեւ Օլիմպավանի մոտ 70 մարզիչների համար: Նրանք տարիներ շարունակ այստեղ աշխատել են բարձր աշխատավարձերով: Վարկեր են վերցրել եւ արդեն երեք ամիս է՝ չեն կարողանում վճարումներ կատարել, որովհետեւ աշխատավարձ չկա: Մեր տեղեկություններով, նրանցից մեկը՝ կին մարզիչ, որի անունը չենք հրապարակում, ընկերներին խոստովանել է, որ ինքնասպանության եզրին է, քանի որ չի կարողանում ո՛չ վարկերը վճարել, ո՛չ երեխային պահել:
2024 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես շինհրապարակի «ռեւիզոր», Արմավիրի ու Լոռու նորակառույց դպրոցներում, տեսախցիկների առաջ, անձամբ էր թեստավորում կատարված աշխատանքները։ Կախիչ ու ցնցուղ էր պոկում պատից, զայրույթ ու մտահոգություն ցուցադրում՝ տպավորություն ստեղծելով, թե ինքը քնում ու արթնանում է երեխաների սպորտային ապագայի մասին մտածելով։
Կարծես հենց այդ ցնցուղից ու կախիչից էր կախված այդ պահին երկրի, մեր հայկական սպորտի ապագան։ Ստացվում է՝ եթե կախիչը թույլ է կպած, դա երեխաների շահերի ոտնահարում է, իսկ եթե պատրաստի, բարձրակարգ մարզահամալիրի դռները 3 ամսով պլոմբում ու մարզիկներին թողնում են դրսում, դա արդեն «օրենքի գերակայություն» է։
«Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ սպորտը երկրի բնականոն զարգացման կարեւորագույն շարժիչ ուժն է… Այսօր մենք լուրջ խնդիր ունենք մեր պատանիների առողջության պահպանման առումով, եւ պրոֆեսիոնալ սպորտի ձեռքբերումները, մեր անվանի մարզիկները, կարծում եմ, պետք է քաջալերեն պատանիներին՝ զբաղվել սպորտով»,- կենաց-ճառ էր ասում Փաշինյանը մի քանի տարի առաջ՝ մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ: «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի պարգեւատրման արարողության ժամանակ էլ՝ ուղիղ 2 տարի առաջ, պնդում էր. «Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան եւ սպորտը դառնան մեր կյանքի անբաժանելի մասը…»: Փաստորեն, սպորտն այնքան է դարձել «մեր երեխաների կյանքի անբաժանելի մասը», որ նրանց Օլիմպավանից հանել-քցել են ասֆալտին՝ մարզվելու: Ուղիղ «կյանքի մեջ»:
Բայց ամենամեծ զավեշտը դատախազության տրամաբանությունն է: Եթե մեկին կալանավորում են, ամբողջ հիմնարկը պետք է փակել: Ասենք, եթե կաշառք վերցնելու վրա մի դատախազ բռնվի ու կալանավորվի, ամբողջ դատախազությո՞ւնը պետք է փակել: Կամ՝ եթե քննիչ բռնվի, քննչականի շենքը պլոմբելո՞ւ են, դատախազ-քննիչներին էլ տո՞ւն ուղարկեն կամ ասեն` փողոցում նստեք` գործեր քննեք, «բացօթյա» եղանակով մեղադրանքներ պաշտպանեք:
Օլիմպավանի օրինակով համոզվում ենք, որ քրեական գործ հարուցելը ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ սեփականատերերին նյութական ու բարոյական վնաս հասցնելու գործիք է դարձել։ Հանուն քաղաքական վրեժխնդրության, Հայաստանի իշխանությունը հեշտությամբ զոհաբերում է նաեւ ՀԱՕԿ-ը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական մասնաճյուղն է ու կառույցի անդամը։
Ամբողջ աշխարհում Օլիմպիական կոմիտեի շենքերն ու մարզաբազաները համարվում են անձեռնմխելի տարածքներ։ Մեզ մոտ դրանք մազից են կախված: ՀԱՕԿ նախագահի կալանավորումը բավական էր, որպեսզի ՀԱՕԿ-ի եւ մարզաբազաների աշխատակազմը եւս հայտնվի անդամալույծ վիճակում: Հուլիսի սկզբից ՀԱՕԿ գրասենյակի դռները նույնպես կապարակնքված են: Արդեն 3 ամիս է՝ աշխատակիցներին ֆիզիկապես արգելված է մուտք գործել իրենց աշխատավայրեր։
Մեր խմբագրություն էր զանգել ՀԱՕԿ աշխատակից եւ ասում էր, որ արդեն 3 ամիս է՝ աշխատողներին չեն թողնում շենք մտնել, նրանք աշխատավարձ էլ չեն ստացել ու չգիտեն ինչ անել: Սա բազմաթիվ ահազանգերից մեկն է միայն:
Այսպիսով, ո՛չ բյուջե վճարվող հարկերը, ո՛չ միջազգային կոմիտեի անդամ լինելը, ո՛չ խայտառակվելը, ո՛չ սպառողների, ո՛չ մեր մարզիկների շահերը կարեւոր չեն այս իշխանության համար: Կարեւոր են միայն բռնապետի կամքն ու վրեժի զգացումը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր