«Հրապարակ». Երկու ամիս առաջ ասում էին՝ ճանապարհը 3 տարում կկառուցենք, հիմա` 4 տարում
Tue, 06 Oct 2026 10:45:55 +0400

Կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում անդրադարձ է եղել Ենոքավան-Ջուջեւան ավտոճանապարհի կառուցմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է․ «Բուլդոզերով ուղղված ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում ավարտել կառուցումը»: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է․ «Մինչեւ 4 տարի, մինչեւ 2028 թվականի տարեվերջ ենք նախատեսել, բայց պետք է հաշվի առնենք, որ ե՛ւ աշխատանքի ծավալն է մեծ, ե՛ւ ֆինանսական արժեքը, խոսքը 14,7 միլիարդ դրամի պայմանագրի մասին է»։ Եվ հավելել է, որ հնարավոր է այդ ճանապարհը շահագործման հանձնվի որոշակի փուլերով, ու բացատրել է, թե ինչու՝ պետք է ունենալ գրունտային շերտ, ամուր գրունտային, 1-ին շերտ, որը կլինի երթեւեկելի, դրանից հետո, ավելի ուշ ճանապարհի վերին շերտը կտեղադրեն, հնարավոր է, որ ամբողջ ճանապարհի վերին շերտը միանգամից տեղադրեն։
Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ավտոճանապարհը, հիշեցնենք, որ այլընտրանք է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, որը վտանգված է սահմանազատման արդյունքում։ Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհի 6,3 կիլոմետր հատվածը կառուցվել է 2024-ին, ճանապարհի մնացած` ավելի մեծ հատվածը դեռ պետք է կառուցվի։ Հունիսի 22-ին տեղեկատվական հարցում էի ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին․ «Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհի ընդամենը 6,3 կմ-ն կառուցվել է 2024 թվականին։ Այդ ճանապարհի մնացած հատվածի չափագրման, նախագծման, նախահաշվի կազմման աշխատանքները ե՞րբ են սկսվել, ինչքա՞ն ժամանակ կտեւեն։ Ե՞րբ է այդ ճանապարհի մնացած հատվածի շինարարության մրցույթը հայտարարվելու, ինչքա՞ն գումար է նախատեսված դրա շինարարության համար»։ Հունիսի 29-ին ստացել էի ՏԿԵ նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանի ստորագրությամբ պատասխան․ «Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Շինարարության մրցույթը կայացել է։ Մոտ 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը 14 մլրդ 670 մլն դրամ է»։
Հուլիսի 15-ին նոր հարցում եմ արել նախարար Դավիթ Խուդաթյանին` նույն թեմայով․ «Ենոքավան-Կարմիրգյուղ- հանրապետական նշանակության Մ16 ավտոճանապարհի, ընդհանուր` 67 կմ ավտոճանապարհի հիմնանորոգումը ո՞ր կազմակերպությունն է իրականացնում, ե՞րբ է նախատեսված աշխատանքների ավարտը»։ Հուլիսի 24-ին ՏԿԵ նախարարության գլխավոր քարտուղար Ա․ Երիցյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հայտնում ենք, որ Հ26, /Մ4/-Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)-/Մ16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+300-կմ 71+800 հատվածը հիմնանորոգում է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։ Աշխատանքները կտեւեն մոտ 3 տարի»։
Հուլիսի 24-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը 2 ամսից քիչ ավելի է, այդ ընթացքում ինչպես ստացվեց, որ Ենոքավան-Ջուջեւան ավտոճանապարհի կառուցման ժամկետը 3 տարուց դարձավ 4 տարի։ Նախարար Դ․ Խուդաթյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հնարավոր է այդ ճանապարհը շահագործման հանձնվի որոշակի փուլերով։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կար ավելի քան 67 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի համար ընտրել մեկ կապալառու՝ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն, ինչո՞ւ այդ մեծ ծրագրի իրականացման համար չեն ներգրավել նաեւ ճանապարհաշինական այլ ընկերություններ։ Վտանգ կա, որ սահմանազատումը շարունակելու դեպքում Կիրանց-Ոսկեպար ճանապարհի էլի հատվածներ կհանձնվեն Ադրբեջանին, իսկ այդ ժամանակ դրա այլընտրանք հանդիսացող Ենոքավան-Ջուջեւան ճանապարհի կառուցապատումը կիսատ կլինի, եւ մենք կկորցնենք մեր միջպետական ճանապարհը, ինչպես եղավ Գորիս-Կապան մայրուղու դեպքում։ Այդ դեպքում դժվարություններ են առաջանալու Իջեւան-Նոյեմբերյան եւ Նոյեմբերյանով Վրաստան երթուղիներով երթեւեկության, բեռնափոխադրումների համար։ Հայկական հողերը սիրահոժար հանձնող ՀՀ իշխանությունը սրա մասին մտածե՞լ է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր