Բռնապետի գաղտնի արխիվը` երկրորդ թղթապանակ․ թիրախը
Tue, 06 Oct 2026 19:15:07 +0400

Սկիզբը` նախորդ համարներում
Տարեգիր․ ճաշացուցակների հավաքածուն
Մինչ թղթապանակի գրառումների բուն բովանդակությունը վերծանելը, հարկ եմ համարում ձեր ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա, որն ինքնին ոչ միայն ուշագրավ է, այլեւ բավականին խոսուն եւ կարող է որոշ բաներ հուշել Բռնապետի բնավորության, աշխարհայացքի, անգամ՝ կենցաղի մասին։
Ինչպես ասվեց, Բռնապետի այս թղթապանակի գրություններն արված էին ամենատարբեր ու անհավանական թղթերի վրա, որոնց մեջ ամենաուշագրավը ճաշացուցակներն էին։ Նա կարծես ճաշացուցակների հավաքածու կազմելու մոլուցք ուներ։ Թղթապանակում կարելի էր գտնել ամենատարբեր ժամանակների ու վայրերի ճաշացուցակներ։ Ընդ որում, Բռնապետն իր գրառումները կատարել էր այս ճաշացուցակների տողերի արանքում, տողատակերում, կարծես ցանկացել էր դրանով նաեւ այլ բան ասել։ Այդ ճաշացուցակներն ամբողջությամբ մեջբերելու անհրաժեշտություն չկա՝ կբավարարվենք 3 օրինակ ներկայացնելով։ Առաջինն այն ճաշացուցակն է, որի տողատակերում գրի էր առնված Բռնապետի՝ թունավորումից վախենալու մասին։ Ճաշացուցակի մի տողում գրված է․ «Այսինչ վայրի այսինչ մարգագետնում արածած, այսինչ աղբյուրի ջուրը խմած, լուսնի այսինչ օրը մորթված գառան փափկամիս՝ ուրցի եւ նռան սոուսով», տողատակում՝ «Ես նայում եմ գառան մսին ու տեսնում նրանից ելնող թունավոր գոլորշիները», կամ՝ «Հնեցված գինի՝ այսինչ երկրի այսինչ վայրի այսինչ խաղողի այսինչ թվականի այսինչ օրվա բերքից, հնեցված այսինչ անձի այսինչ փայտի տակառում, այսինչ մառանում», տողատակում՝ «Բաժակի մեջ կայծկլտացող գինու դիրտն ինձ կասկածելի է թվում, մարմինս փշաքաղվում է, եւ մկաններս սկսում են կծկվել հնարավոր վտանգից»։
Ճաշացուցակի երկրորդ թերթիկն ուշագրավ էր այլ իմաստով։ Նրա վրա վերից վար եւ անկյունագծով թանձր կարմիր խաչ էր արված, իսկ ներքեւում խոշոր տառերով գրված էր՝ «պեռաշկի, կուկուռուզ, խաշլամա, խորոված, տնական արաղ, ռազլիվնո պիվա», իսկ տակն առանձին շրջանակի մեջ գլխատառերով՝ ՇԱՏ։ Այս թերթիկը մեկնաբանության կարիք չունի, ինքն է խոսում իր մասին։
Երրորդ թերթիկը ճաշացուցակի ընդհանրական թերթիկ էր։ Պարզվում է, որ ճաշացուցակը կազմելիս նախ Բռնապետին էր ներկայացվում ուտելիքի ընդհանրական ցուցակը (նախուտեստ, տաք կերակուրներ, խմիչք եւ այլն), հետո միայն նշվում էին ուտեստների կոնկրետ անունները։ Ասում էին, որ Բռնապետն ինքն է հաճախ լրացրել ճաշացուցակը՝ մանրամասն նշելով, թե ինչ ուտելիք է նախընտրում տվյալ ճաշկերույթի համար։
Ահա մի թերթիկը․
«Ազգային խոհանոցով հյուրասիրության նախնական ճաշացանկ
․ Ազգային նախուտեստներ
․ Ազգային ապուրներ
․ Ազգային ավանդական եղանակով պատրաստված մսեղեն եւ ձկնեղեն
․ Ազգային խավարտներ, աղցաններ, ակրատներ
․ Ազգային ոգելից խմիչքներ եւ ըմպելիքներ
․ Ազգային եղանակով պատրաստված թխվածք, հյութեր, սուրճ, թեյ»։
Եվ այլն։ Հիշատակվում էր նաեւ, որ սպասարկելու են ազգային տարազներով մատուցողներ, հնչելու է ազգային երաժշտություն։
Հավանաբար, ինչ-որ առիթով հյուրասիրություն է կազմակերպվել՝ ազգային ավանդույթի համաձայն։ Ճիշտ է, այդ թերթիկին կից կար նաեւ այլ թերթիկ, որտեղ առաջարկվում էր հաշվի առնել նաեւ հյուրերի անհատական ճաշակը կամ առաջնորդվել նաեւ նրանց ազգային խոհանոցով, սակայն մենք դա զանց կառնենք, քանի որ այն զանց էր առել Բռնապետն ինքը։ Իսկ ազգային հյուրասիրություն առաջարկող թերթիկի յուրաքանչյուր տողի տակ Բռնապետը շեշտագիր արձանագրել էր՝ «Թունավոր է», «Վտանգավոր է», «Կասկածելի է», «Չի կարելի», «Խորհուրդ չի տրվում» եւ այլ դիտողություններ։ Հասկանալի է, որ Բռնապետի գրառումները չէին վերաբերում որեւէ կոնկրետ բանի, այլ նկատի էին առնում այն ընդհանրականը, ինչը կար ցուցակում։ Իսկ ընդհանրականն «ազգայինն» է։ Այսինքն՝ Բռնապետը թունավոր, վտանգավոր կամ անթույլատրելի էր համարում այն ամենը, ինչն ազգային էր։ Սրանով մենք որեւէ մեծ գաղտնիք չենք բացահայտում։ Բռնապետը՝ ինքը, բացահայտ խոսում էր այդ մասին եւ իր քաղաքականությունը կառուցել էր այդ հիմքի վրա։ Այստեղ ուշագրավն այն է, որ Բռնապետն այդ մոտեցումը տարածել էր ամեն ինչի վրա եւ դրա հանդեպ ուներ հիվանդագին ժխտողական վերաբերմունք։
Օդում կախված լուրերն ասում էին, որ Բռնապետը նույնիսկ մտածում էր ազգային համարվող ուտեստներն արգելող օրենք հրապարակել, ինչպես փորձել էր ժողովրդի մտածողության միջից դուրս մղել ազգային մի շարք արժեքներ ու խորհրդանիշներ, սակայն նրան ետ էր պահել վախը, որ այդպիսով կարող է կորցնել իր ամենամեծ հենարան ամբոխի համակրանքն ու աջակցությունը։
Որովհետեւ նրա վերաբերմունքը ժողովրդի հանդեպ բանաձեւվում էր նրան ամբոխի վերածելու եւ «հաց, տեսարան, ասֆալտ» ապահովելու իր հայտնի մոտեցմամբ, որին նա իր վերջին գրառումներում սկսել էր ավելացնել «եւ մի կապուկ խաղաթուղթ» արտահայտությունը։ Եվ պետք է խոստովանել, որ այստեղ նա խիստ հաջողակ էր։ Որովհետեւ տեսարանն ապահովում էր ինքը՝ բռնապետական յուրահատուկ խեղկատակությամբ, հացը հասցնում էր «վարկ» կոչված պարտքով, նույնկերպ ապահովում էր նաեւ ասֆալտը, որն անում էր ոչ միայն ամբոխին կուրացնելու, այլեւ հակառակորդներին փռելու տեղ ունենալու համար, իսկ խաղաթղթի դերակատարման մասին խոսելն իսկ ավելորդ է։
Տարեգիր․ Մադագասկարի Ռաբոդոնանդրիանամնոինիմերինա թագուհին կամ փոթուներ եւ հավկուրներ
Մենք խոստացել էինք թղթապանակում հայտնաբերված գրառումներից միայն երեքը ձեզ ներկայացնել, սակայն այնտեղ կար եւս մի գրառում, որը նույնպես, կարծում ենք, ուշագրավ է։ Բնական էր ենթադրել, որ թունավորվելուց վախենալով եւ համտեսողի հաստիք ստեղծելով՝ Բռնապետը՝ ինքը, հետաքրքրվել է թունավորումների պատմություններով եւ ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ։ Հիշատակված գրառումը հենց այդ մասին է։ Այստեղ Բռնապետը բերել էր պատմություն Մադագասկարի մի թագուհու մասին։ Իհարկե, կարող է տարօրինակ թվալ, որ Բռնապետը նախընտրել էր հենց Մադագասկարի օրինակը։ Աշխարհը լի է թունավորումների պատմություններով, եւ նա կարող էր ընտրել ավելի հայտնի, նույնիսկ ավելի «քաղաքակիրթ» եւ «ուսանելի» օրինակ, բայց Բռնապետի ուշադրությունն այստեղ գրավել էր ոչ միայն թունավորման հետ կապված հիշատակումը, այլ բոլորովին այլ բան։ Գրառումից պարզվում էր, որ ենթավերնագրում հիշատակված անհավատալիորեն երկար բառը Մադագասկարի թագուհիներից մեկի անունն է, որին կարճ կոչել են Ռանավալունա։ Նա Մադագասկարում իշխել է 19-րդ դարում, ակտիվ շփումներ է ունեցել եվրոպացիների հետ ու նույնիսկ փորձել է իր երկրում լուսավորչական գաղափարներ տարածել եւ բարեփոխումներ անել՝ ըստ Եվրոպայի։ Բայց կիրառել է օրդալիա՝ ստուգում փորձությամբ։ Օրդալիա կոչվող երեւույթը բավական տարածված է եղել նախնադարում եւ հետո, դրան հաճախ դիմել է նույնիսկ մեղքերի քավությունն ու թողությունն ինդուլգենցիայի վերածած ինկվիզիցիան, իսկ օրդալիայի ետապրուկները նկատելի են նաեւ մեր օրերում։ Սրա իմաստն այն է, որ ինչ-որ բանում կասկածվողի խոսքերի ճշմարտացիությունը ստուգում են որեւէ փորձությամբ։ Օրինակ, կարող է գցեն գիշատիչ կենդանու վանդակը, ստիպեն քայլել կրակի վրայով, հաղթահարել վտանգներով լի ջրային տարածք, խմել թույն եւ այլն։ Եթե փորձությունը հաղթահարվում է, եւ մարդն անվնաս է մնում, ուրեմն նրա խոսքերը ճշմարիտ են, մեղադրանքը հանվում է, մարդն արդարացվում։
Այս Ռանավալունան նախապատվությունը տվել է թույնով փորձությանը։ Նա հիվանդագին վախ է ունեցել, որ իր դեմ կարող են մահափորձ կազմակերպել, եւ ում կասկածել է, ենթարկել է այդ փորձությանը։ Մադագասկարում եղել ու հավանաբար մինչեւ հիմա էլ աճում է տանգենա անունով մի բույս, որն ունի խիստ թունավոր հատիկապտուղներ։ Ահա, ուրեմն, այն անձանց, որոնց թագուհին կասկածում էր իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ, տալիս էին խմելու տանգենայի հատիկապտուղներ, հետո ստիպում էին կուլ տալ հավի մաշկի կտորներ։ Եթե դրանից հետո կասկածյալը փսխում էր ու փրկվում, ուրեմն անմեղ է՝ արդարացվում էր, եթե ոչ՝ ոչ։ Այս կին տիրակալի կասկածամտությունն այն աստիճանի էր հասել, որ նա մահապատիժ էր սահմանել այն անձանց համար, ովքեր առանց իր թույլտվության երազում այցի էին գնում նրան․ պատկերացնո՞ւմ եք, ինքն իր համար քնում էր, իր երազում տեսնում էր նրանց, եւ մեղադրում էր, որ նրանք առանց թույլտվության այցելել են իրեն։ Եվ մահապատժի էր ենթարկում (պիտի ենթադրել, որ այս հանգամանքը նույնպես շատ է հետաքրքրել մեր Բռնապետին)։
Թագուհին նաեւ ստեղծել էր կառավարման մի համակարգ, որը կոչվում էր ֆանոմպոանա։ Սրա էությունը տիրակալին, այսինքն՝ իրեն, կույր հավատարմությամբ ծառայելն իբրեւ սրբազան պարտականություն պարտադրելն է եղել։ Այստեղ դարձյալ մի փոքր շեղվենք եւ հիշեցնենք Բռնապետի գաղտնի արխիվի նախորդ թղթապանակը, որտեղ նա բառախաղ էր արել ստորասների միջոցով։ Բառաշինական այդ հնարքը, հավանաբար, շատ էր դուր եկել Բռնապետին, եւ նա փորձել էր մադագասկարյան ֆանոմպոանա երեւույթը ներկայացնել «հավկուր» բառով՝ «հավատարմություն կուրորեն» բառակապակցության հապավումով։ Այսինքն՝ հավկուրությունը՝ կույր հավատարմությունը՝ իբրեւ սրբազան պարտականություն գերագույն տիրակալի՝ իր հանդեպ։ Մի առանձին տողում Բռնապետը հենց այդպես էլ նշել էր․
ՖԱՆՈՄՊՈԱՆԱ – ՀԱՎԿՈւՐՈւԹՅՈւՆ – ՀԱՎԱՏԱՐՄՈւԹՅՈւՆ ԿՈւՐՈՐԵՆ։
Կողքին փակագծում գրել էր․ «Չշփոթել ավգուրության հետ»։ Իսկ թույնով փորձությունն էլ կարծես իմիջիայլոց նշել էր իբրեւ փոթու՝ փորձություն թույնով։ Ինչպես ասել ենք, մեր Բռնապետի գրառումները ցաքուցրիվ էին եւ այստեղ ընդհատվում էին։ Չենք կարող ասել, թե սույն թագուհու մասին նրա գրառումներն ինչքանով էին ստույգ եւ ինչքանով՝ նրա երեւակայության արդյունք։ Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ այս թագուհու օրոք իր երկիրն ու ժողովուրդը բազմաթիվ զոհեր ու կորուստներ են ունեցել։ Եղել են պատերազմներ, սով, խարդավանքներ, դավեր, դավադրություններ, դավաճանություններ, խռովություններ, թշնամացում դաշնակիցների հետ, փոխադարձ եւ աջուձախ մեղադրանքներ եւ այլն, եւ այլն։ Եկել է մի պահ, որ թագուհին ստիպված օգնություն է խնդրել մի եվրոպացուց, նրա հետ կնքել է հուշագիր, որով եվրոպացին, թագուհուն օգնելու խոստումով, իրավունք էր ստանում շահագործել երկրի բնական հարստությունները, թագուհուն վճարել շահույթի 10 տոկոսը, իսկ իրեն վերցնել մնացյալ 90-ը, սակայն հուշագիրն այս թագուհու օրոք կյանքի չի կոչվել, իսկ հետագայում Մադագասկարի գաղութացման հիմք է ծառայել։
Թագուհին մահացել է անհասկանալի պայմաններում՝ հանկարծամահ է եղել։ Գուցե թունավորել են կամ սպանել․ անհայտ է։ Թեեւ, որոշ տեղեկություններով, մահացել է հասուն տարիքում, բնական ճանապարհով, սակայն սա վկայող որեւէ վավերագիր չկա։ Ինչպես չկա հավաստի վկայություն նրան հետապնդած վախերի հիմնավորվածության մասին։ Մի բան հստակ կարելի է եզրակացնել, որ, մեր Բռնապետի նման, նա էլ է իրեն թիրախ զգացել եւ վախեցել անսահմանորեն։ Ու թերեւս սրանով պիտի բացատրել մեր Բռնապետի հետաքրքրությունը նրա նկատմամբ։
Սակայն սա ճշմարտության միայն կեսն է։ Գուցե՝ երկրորդական կեսը։ Հիմնականը թերեւս եղել է հետաքրքրությունը ֆանոմպոանա երեւույթի նկատմամբ, որովհետեւ Բռնապետը Մադագասկարի օրինակով երկիր ստեղծելու գործնական քայլեր է ձեռնարկել եւ իրականացրել։ Ճիշտ է, ոչ ոք չի կարող պնդել, որ Բռնապետն ինքնուրույն չի հասել այդ պայծառացմանը, բայց ոչ ոք չի կարող պնդել նաեւ, որ նա դրան չի հասել կառավարման մադագասկարյան մոդելը հիմք ընդունելով։ Ի դեպ, դա բնավ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ նա իրոք փորձել է ստեղծել հավկուրության վրա հիմնված երկիր։ Այս մասին վկայում են նաեւ Բռնապետի տիրապետության շրջանից մեզ հասած բանավոր զրույցները, որտեղ ասվում է, որ նրա կարգադրությամբ ստեղծվել է ֆանոմպոանայի վրա հիմնված պետական կառավարման համակարգի ուսումնասիրման, իր երկրի պայմաններին համապատասխան ներդրման հանձնախումբ, որի առաջին քայլերից մեկը եղել է կրթական նոր ծրագիրը, որի համաձայն՝ դպրոցներում այլեւայլ վտանգավոր (հիշո՞ւմ եք ազգային ճաշացուցակի տողատակերի գրառումները) առարկաների դասաժամերը կրճատելով կամ առարկան ծրագրից հանելով՝ դրանց փոխարեն սկսել են դասավանդել նոր առարկա՝ հավկուրություն (հավատարմություն կուրորեն – ֆանոմպոանա), այն ընդգրկել են նույնիսկ բուհական ծրագրերում՝ պարտադիր դարձնելով հատկապես Արեւմտյան ժողովրդավարության համալսարանի սաների համար։
Ասվում էր նաեւ, որ Բռնապետը որոշել էր հատել էնդեմիկ ծառերի այգիները, պուրակներն ու անտառները եւ նույնիսկ առանձնության մեջ խորհող միայնակ ծառերը ու դրանց փոխարեն տնկել տանգենայի պլանտացիաներ, որպեսզի փոթուների օրդալիաների ժամանակ փորձանյութի պակաս չզգացվի։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ հիշյալ ծառատեսակի էնդեմիկացման գործընթացի սկիզբը դրվել է մայրաքաղաքում՝ բնիկ ծառատեսակները հատելով ու դրանց փոխարեն տանգենաներ տնկելով, որոնց անհրաժեշտ արեւադարձային ջերմությամբ ապահովելու համար որոշվել է հերթական անգամ հետաձգել մետրոյի կայարանի շինարարությունը եւ միջոցներն ուղղել քաղաքի թոքերը ավանդական ծառերի հին ու փտած օդի հիշողությունից իսկ մաքրելու եւ քաղաքացիական պայմանագրով իրականացվող նոր մթնոլորտի մատակարարման այս ծրագրին։ Իսկ մթնոլորտը, բնականաբար, միջավայր է ծնել, մտածողություն, վարք ու բարք, գործունեություն։
Բանավոր զրույցները պնդում են, թե նոր էնդեմիկության հավակնող այս ծառերի տարածած մթնոլորտը հագեցած է եղել համապատասխան թունավոր գոլորշիներով, եւ ամբոխը, շնչելով այն, աստիճանաբար թունավորվել ու համակվել է միմյանց հանդեպ կասկածանքի, վախի, անվստահության եւ թշնամանքի ոգով, բայց շնորհակալությամբ է լցվել իր բռնապետի հանդեպ, որովհետեւ, պատկերացնո՞ւմ եք, ստացել է նրա բերած ու տարածած տնկիների պտուղների միջոցով այլոց եւ մյուսներին ստուգելու՝ օրդալիայի ենթարկելու, ուստի եւ իր ցածրակարգ բնազդներին հագուրդ տալու հնարավորություն։
Ստացվել է մի տեսակ կախարդական, մոգական շրջան․ Բռնապետը ստեղծել եւ զորացրել է թունավոր մթնոլորտ, թունավոր մթնոլորտը ստեղծել եւ զորացրել է ամբոխ, ամբոխն իր հերթին զորացրել է Բռնապետին, եւ այդ հորձանքը, սատանի քամի կոչված պտտահողմի վերածվելով, ոռնաձայն խուժել է քաղաք, այնտեղից տարածվել ողջ երկրով մեկ։ Եվ քաղաքը, որի սրբազան արժեքներից են եղել արժանապատվությունը, միաբանությունն ու համերաշխությունը, հավատավորությունն ու նվիրվածությունը, ինքնությունն ու հոգեւորությունը, իրատեսականությունն ու երազանքայնությունը, ուժականությունը եւ առնականությունը, նաեւ՝ փոխօգնությունն ու եղբայրությունը, բարությունն ու մարդկայնությունը, կարեկցանքն ու գթասրտությունը, սերն ու հարգանքը, այսինքն՝ այն ամենը, ինչ կարելի է ընդգրկել էմպատիա կոչվող երեւույթի շրջանակներում, սկսել է ենթարկվել այդ պտտահողմի հուժկու գրոհին եւ սկսել է կորցնել իր դեմքն ու դիմագիծը, վերածվել հիշողությունից զուրկ սառցանձավի, չարության, կասկածամտության, անհավատության որջի, հետեւաբար եւ՝ թուլության, անզորության եւ անճարակության։
Սակայն հենց այդ ժամանակ էլ, նաեւ դրա ազդեցությամբ ու ի հակադրություն՝ սկսվել է «Սրբազան արժեքների միաբանություն» ուխտին սկիզբ տված Սրբազան պայքար կոչվող շարժումը, որն էլ երկարատեւ ու համառ պայքարի շնորհիվ կարողացել է կասեցնել ու բեկել այդ ամենը։ Ճիշտն ասած, ինչքան էլ գայթակղիչ լինի այդ բանավոր զրույցներին ապավինելու ցանկությունը, մենք, մեր խոստմանը հավատարիմ, որոշել ենք չհիմնվել դրանց վրա, այլ հենվել միայն ու միայն Բռնապետի գաղտնի արխիվի վրա, ուստի մեզ իրավունք չենք վերապահում եզրակացնել, թե որքանով են ճիշտ կամ երեւակայական այս վերջին տեղեկությունները։ Սակայն վստահ կարող ենք ասել, որ դրանից ոչինչ չի փոխվի Բռնապետի ո՛չ անցյալում, ո՛չ էլ ճակատագրում եւ ապագայում։
Տարեգիր․ երրորդ թղթապանակը
Բռնապետի գաղտնի արխիվի երկրորդ թղթապանակի համառոտ բովանդակությունը կարծես որոշ լույս սփռում է Բռնապետի որոշ գործողությունների, պատկերացումների ու նպատակների վրա, սակայն ակնհայտ է, որ խիստ թերի է, անավարտ եւ առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Օրինակ, չէին հիշատակվում հավկուրության ներդրման մյուս բնագավառները, դրա արդյունավետությունը, առաջացրած համաժողովրդական ցնծագին վերաբերմունքը կամ ըմբոստ ընդվզումը կամ անտարբեր ռեակցիան եւ այլն։ Բայց ամենակարեւորը․ ինչպես տեսաք՝ չէր բացատրվում, թե ինչի հիման վրա էր Բռնապետը, այդքան վախերով ու կասկածներով հանդերձ, հայտարարում, որ իր նկատմամբ մահափորձ չի կատարվի, ինչի հիման վրա էին նրա երկու հավատարիմ ծառաները պնդում նույն բանը։
Այնինչ, ինչպես հիշում եք, նա կարծես անուղղակի խոստացել էր լույս սփռել այդ գաղտնիքի վրա։ Եվ թղթապանակին ծանոթանալու սկզբում մեզ նույնպես թվում էր, թե այն գրվել է հենց այդ գաղտնիքը բացահայտելու, գուցե դրա միջոցով փրկվելու հույսով։ Անշուշտ, մեծ է հիշատակված իրողություններից բխող ենթադրությունների հիման վրա եզրակացություններ անելու գայթակղությունը, սակայն պետք է խստորեն զգուշանալ նման քայլերից։ Քանզի որքան մեծ է գայթակղությունը, նույնքան էլ մեծ է սխալվելու, մոլորության մեջ ընկնելու հավանականությունը։ Որովհետեւ Բռնապետի վարքն ու բարքը դուրս էին սովորական տրամաբանության շրջանակներից, չէին ենթարկվում որեւէ օրինաչափության։ Դրա վկայությունները բազմաթիվ են։ Օրինակ, նա անում էր գործողություններ, որոնք ուղղակի հակառակ էին իր ղեկավարած պետության շահերին եւ կարող էին ունենալ միայն մի բացատրություն․․․
Ահա, տեսնո՞ւմ եք՝ հարկավոր է կանգ առնել։ Կարծես մենք էլ ենք տրվում այդ գայթակղությանը եւ փորձում ենք եզրակացություններ ու հետեւություններ անել։ Հարկավոր է զինվել համբերությամբ եւ սպասել՝ միաժամանակ որոնելով Բռնապետի գաղտնի արխիվի երրորդ թղթապանակը։ Վստահ ենք, որ այդ ամենի պատասխանը թաքնված պիտի լինի այնտեղ եւ մի օր անպայման հայտնաբերվելու է։ Այդ է հուշում Բռնապետի գաղտնի արխիվի առաջին երկու թղթապանակների ճակատագիրը։
Հակոբ Սողոմոնյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր