«Նրան խաբել են»․ այս ամենի հետևում ավելի մեծ սկանդա՞լ է թաքնված
Tue, 17 Nov 2026 22:45:41 +0400

Քրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի ազգային հավաքականից հեռանալը վերածվել է լուրջ քննարկման, իսկ այժմ այդ պատմությանը նոր երանգ է հաղորդել ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն։ Նա հրապարակավ քննադատել է ազգային հավաքականում որդու նկատմամբ վերաբերմունքը՝ պնդելով, որ Ռոնալդուն արժանի հարգանքը չի ստացել անգամ սեփական թիմակիցներից։
Նոյեմբերի 5-ին 41-ամյա հարձակվողը հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին՝ այդպիսով վերջակետ դնելով Պորտուգալիայի հավաքականում անցկացրած 23 տարիներին։ Ազգային թիմի կազմում Ռոնալդուն անցկացրել է 234 հանդիպում և դարձել 146 գոլի հեղինակ։ Երկու ցուցանիշներն էլ համաշխարհային ռեկորդներ են տղամարդկանց ֆուտբոլում։
Սակայն նրա հեռանալուն նախորդել էին լարված իրադարձություններ։ Տարաձայնությունները սրվել էին հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ հարաբերություններում։ Ռոնալդուն դժգոհ էր մարզչի որոշումներից, մասնավորապես՝ Նորվեգիայի դեմ հանդիպման ժամանակ իր խաղաժամանակի հետ կապված իրավիճակից։ Ավելի ուշ ֆուտբոլիստը լքել էր հավաքականի ճամբարը, ինչի հետևանքով Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան 30-օրյա որակազրկման էր ենթարկել և տուգանել։
Թեև սպասվում էր, որ Ռոնալդուն կվերադառնա ազգային թիմ, նոյեմբերի 5-ին նա հայտարարեց հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։
«Նրան խաբել են». ի՞նչ է ակնարկում Ռոնալդուի մայրը
Նոյեմբերի 16-ին Դոլորեշ Ավեյրուն լրագրողների հետ զրույցում առաջին անգամ այսքան կոշտ է արտահայտվել որդու հեռանալու հանգամանքների մասին։ Նրա խոսքերից ակնհայտ է, որ ընտանիքը դժգոհ է ոչ միայն մարզչի որոշումներից, այլև այն վերաբերմունքից, որին Ռոնալդուն արժանացել է հավաքականի ներսում։
«Իհարկե, նա տխրել էր։ Նրան խաբել են։ Ես նույնպես տխուր եմ», — ասել է Դոլորեշը։
Նրա ամենաաղմկահարույց հայտարարությունը, սակայն, վերաբերում էր Պորտուգալիայի՝ Դանիայից կրած պարտությանը։
«Դանիայից կրած պարտությունը միանգամայն արժանի էր։ Ես ուրախ էի», — խոստովանել է Ռոնալդուի մայրը։
Այս խոսքերը պատահական դժգոհություն չէին։ Դոլորեշը փաստացի ցույց է տվել, որ որդու հետ տեղի ունեցածից հետո այլևս իրեն չի նույնականացնում հավաքականի հաջողությունների հետ և չի թաքցնում իր դժգոհությունը թիմի ղեկավարության նկատմամբ։
Հրաժեշտ՝ առանց Ռոնալդուի. ինչն է վիրավորել նրա ընտանիքին
Դոլորեշի դժգոհության մյուս պատճառը Պորտուգալիայի հավաքականի կազմակերպած հրաժեշտի արարողությունն էր։
Ռոնալդուի՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո Պորտուգալիայի առաջին հանդիպումը Դանիայի դեմ էր։ Այդ խաղից առաջ ֆուտբոլիստները հարգանքի տուրք էին մատուցել նախկին ավագին՝ նրա անունով և 7 համարով մարզաշապիկներով դուրս գալով խաղադաշտ։ Տրիբունաներում նույնպես երկրպագուները հիշեցրել էին իրենց նախկին առաջատարին։
Սակայն Դոլորեշը կարծում է, որ նման արարողությունը պետք է անցկացվեր հենց Ռոնալդուի ներկայությամբ, այլ ոչ թե նրա բացակայությամբ։
«Հարգանքի տուրքը պետք է մատուցվեր նրա ներկայությամբ, ոչ թե առանց նրա։ Մեր հրաժեշտի արարողությունը կլինի այստեղ՝ «Սպորտինգում»։ Այստեղ նրան գնահատում են», — հայտարարել է նա։
Այսպիսով, Ռոնալդուի մայրը հասկացնել է տվել, որ ընտանիքը չի համարում Պորտուգալիայի հավաքականի կազմակերպած արարողությունը բավարար։ Նա նաև ակնարկել է, որ ֆուտբոլիստին ավելի արժանի հրաժեշտ կմատուցեն նրա առաջին ակումբում՝ «Սպորտինգում»։
Դոլորեշը չի սահմանափակվել միայն մարզչական շտաբի քննադատությամբ։ Նա անդրադարձել է նաև հավաքականի ֆուտբոլիստների վերաբերմունքին։
«Ո՛չ, նա հարգանքի չի արժանացել, նույնիսկ իր թիմակիցների կողմից», — ասել է Ռոնալդուի մայրը։
Այս հայտարարությունը թերևս ամբողջ պատմության ամենաուշագրավ հատվածն է, քանի որ խոսքը ոչ միայն մարզչի հետ տարաձայնությունների, այլև թիմի ներսում Ռոնալդուի հարաբերությունների մասին է։
Ժորժե Ժեզուշը պատասխանել է Ռոնալդուի մորը
Դոլորեշի հայտարարություններն անարձագանք չեն մնացել։ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշին լրագրողները հարցրել են՝ ինչպես է վերաբերվում ֆուտբոլիստի մոր մեղադրանքներին։
«Հիմա ես պե՞տք է պատասխանեմ նաև Քրիշտիանու Ռոնալդուի մորը», — արձագանքել է մարզիչը։
Այնուհետև նա հավելել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում Դոլորեշին և հասկանում է նրա խոսքերի պատճառը։
«Մայրն իր զավակի մայրն է, և այստեղ ոչինչ փոխել հնարավոր չէ։ Ես հասկանում եմ նրա հայտարարությունները», — նշել է Ժեզուշը։
Մարզիչը նաև դժգոհություն է հայտնել, որ լրագրողների հարցերը շարունակում են կենտրոնանալ Ռոնալդուի հեռանալու վրա, այլ ոչ թե հավաքականի առաջիկա հանդիպումների։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր