Ռոնալդուն դիմել է Մեսսիին. համացանցը «պայթում է»
Thu, 08 Oct 2026 10:37:47 +0400

Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում հրաժեշտի հանդիպումից հետո ֆուտբոլային աշխարհը շարունակում է քննարկել արգենտինացի լեգենդի կարիերայի այս խորհրդանշական ավարտը։ Հոկտեմբերի 6-ին «Մոնումենտալ» մարզադաշտում Մեսսին վերջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով՝ Բենինի դեմ խաղում, որը «Ալբիսելեստեն» հաղթեց 3։0 հաշվով։ Մեսսին այդ խաղում դարձավ գոլի հեղինակ և երկու գոլային փոխանցում կատարեց։
Հաջորդ օրը Մեսսին Instagram-ի իր էջում հուզիչ հրապարակմամբ ամփոփեց ազգային հավաքականում անցկացրած ավելի քան երկու տասնամյակը։
«Երեկ իմ վերջին խաղն էր, և ես արդեն կարոտում եմ երկնագույն-սպիտակ մարզաշապիկը։ Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնում»,- գրել է Մեսսին՝ ընդգծելով, որ իր անցած ճանապարհը լի էր ինչպես ուրախություններով, այնպես էլ դժվարություններով, սակայն յուրաքանչյուր քայլ արժեր անցնել։
Մեսսին իր հրապարակման մեջ շնորհակալություն է հայտնել ընտանիքին, ընկերներին, թիմակիցներին, մարզիչներին, այն ակումբներին, որոնցում հանդես է եկել, և առանձնահատուկ անդրադարձ է կատարել նաև Դիեգո Մարադոնային։
Սակայն հրապարակման ամենաքննարկվող հատվածներից մեկը ոչ թե Մեսսիի գրառման որևէ նախադասություն էր, այլ մեկնաբանությունների բաժնում հայտնված մեկ այլ անուն՝ Կրիշտիանու Ռոնալդու։
Պորտուգալացի ֆուտբոլիստը, որը Մեսսիի հետ ավելի քան երկու տասնամյակ եղել է համաշխարհային ֆուտբոլի գլխավոր մրցակցության կենտրոնում, գրել է.
«Լեո, այսքան տարի պաշտպանելով քո երկիրը՝ դու ստեղծել ես պատմություն, որը հավերժ կմնա։ Իմ ողջ հարգանքն այն ամենի համար, ինչ հասել ես Արգենտինայի հետ։ Գրկում եմ»։
Ռոնալդուի այս մի քանի բառը սոցցանցերում իսկական բում է առաջացրել։ Մեկնաբանությունը կարճ ժամանակում հավաքել է միլիոնավոր հավանումներ․ տարբեր պահերի հաշվարկներով այն մոտեցել է 4-5 միլիոն հավանման ցուցանիշին, իսկ քննարկումը շարունակվել է տասնյակ հազարավոր պատասխաններով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր