Անվտանգության մեթոդիկա
Thu, 08 Oct 2026 18:45:41 +0400

Лаврентий Павлович Берия (17 (29) марта 1899, Мерхеули, Кутаисская губерния, Российская империя — 23 декабря 1953, Москва) — советский государственный и партийный деятель, генеральный комиссар государственной безопасности (1941), Маршал Советского Союза (1945), Герой Социалистического Труда (1943), лишённый этих званий в 1953 году. 26 июня 1953 года Берия был арестован по обвинению в измене Родине в форме шпионажа и заговоре с целью захвата власти. 23 декабря 1953 года расстрелян по приговору Специального судебного присутствия Верховного Суда СССР.
Անդրանիկ Սիմոնյան․ ծնվել է 1989 թ. հոկտեմբերի 10-ին, Հոկտեմբերյան քաղաքում։ 2025թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետի (Նիկոլի` Էդ. Ա.) թիվ 570Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: 2023 թվականին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
Լավրենտի Բերիայի եւ Անդրանիկ Սիմոնյանի կենսագրություններում համեմատելու շատ բան չկա: Եթե մի կողմ թողնենք նրանց սանրվածքը, ակնոց կրելու հանգամանքը եւ զբաղեցրած պաշտոնը, համեմատելու բան չի մնա: Հետաքրքիր է նաեւ Բերիայի եւ Սիմոնյանի ծննդյան թվերի մեջ թվերի 100 տոկոսանոց համընկնումը՝ 1899 եւ 1989: Այլ նմանություններ (ֆիզիոլոգիական) ես չեմ տեսնում: Փոխարենը՝ Սիմոնյանն ու Բերիան, որոնց մի ամբողջ հարյուրամյակ է բաժանում, բազում ընդհանուր գծեր ունեն աշխատանքային ֆրոնտում:
Խոսքը մեթոդների մասին է: Բերիայի ժամանակ, ճիշտ է, անվտանգության ուժերը դիմակով չէին գործում եւ «մասկի-շոուներ» չէին անում, բայց գործողությունների խորքում նույնն էին, ինչ Սիմոնյանի «առյուծները»: Գնալ, գիշերհանա մտնել մարդկանց տուն, ընկնավորեցնել ընտանիքի անդամներին, փռել հատակին, ձեռքերը ոլորել, չտալ դիմադրության կամ ինքնարդարացման որեւէ շանս… Բերիայի ժամանակ նույնպես մարդիկ գիտեին, որ իրենց հետեւից եթե ոչ այսօր, ապա վաղը գալու են: Եվ այնպես էլ չէր, որ Բերիան երբեմն նաեւ անակնկալ չէր մատուցում, ինչպես դա անում է Անդրանիկ Սիմոնյանը:
Եկեղեցականների հետեւից Բերիան չէ՞ր գնում… Գնում էր: Բերիան սատանա չէ՞ր բռնում… Բռնում էր: Պարզապես այն ժամանակ սատանան նույնացվում էր հայրենիքի դավաճանի կամ օտարերկրյա գործակալի հետ: Ի դեպ՝ իմ հայրենադարձված պապը Բերիայի ժամանակ, ճիշտ այդ հոդվածով, նստել է Երեւանի բանտում: Հարցրել էին՝ Սահակ, դու հովիվ մարդ ես, այդ որտե՞ղ ես գրել-կարդալ սովորել: Ասել էր՝ Մշո վարժարանում: Բերիային էլ այդպիսի բան էր պետք. «տուտ ժե» Սահակ պապիս տարել էին: Էլի Աստված օգնության հասավ: Ավագ սերունդը կհիշի՝ սաստիկ ջրհեղեղ եղավ Երեւանում, բոլոր կալանավորներին հանեցին բանտից… Ափսոս, ես տեղեկություններ չունեմ՝ Բերիան, արդյոք, առյուծներ, արջեր, կոկորդիլոսներ բռնած կա՞ իր կյանքում, թե՞ ոչ: Անդրանիկ Սիմոնյանը բռնել է: Ավելի ճիշտ, հրամայել է՝ բռնե՛լ, քնեցնե՛լ, տանե՛լ:
Բերիայի ժամանակ, հասկանալի պատճառներով, ժողովրդավարություն չկար: Այս իմաստով Անդրանիկ Սիմոնյանի բախտը չի բերել: Դար է փոխվել, մարդիկ լուսավորվել են, ազատ սահմաններ, ազատ մամուլ, դրսի հետ ինտերնետային կապ, նամակագրություն, «վիդեոքոլ»: Այսօր շունը պոչը շարժում է՝ մարդու իրավունքների պաշտպանի է դիպչում: Բայց այս ամենը փոքրիկ նյուանսներ են Անդրանիկ Սիմոնյանի համար, որոնք նրան չեն խանգարում՝ լինել Բերիա եւ գործել Բերիայի մեթոդներով:
Հայաստանում խոսում են, որ իրական Բերիան Նիկոլն է, իսկ Անդրանիկ Սիմոնյանն ընդամենը հրամաններ է կատարում: Ասում են՝ այնքան է տարվել Նիկոլի հրամանները կատարելու գործով, որ նույնիսկ մոռացել է արտաքին անվտանգության եւ իր բուն պարտականությունների մասին: Թե որքանով է դա ճիշտ, չգիտեմ: Բայց ես տեսնում եմ, որ մենք դրսից ամենեւին էլ անվտանգ չենք… Արտաքին թշնամին զենքով մտնում է հայկական գյուղ, կրակում, ՀՀ քաղաքացու վիրավորում… Սա, շատ ներողություն, ոչ միայն վտանգավոր է, այլեւ վկայում է իրական ԱԱԾ չունենալու մասին: Պատկերացնո՞ւմ եք՝ Բերիայի ժամանակ գերմանացի զինվորը միայնակ մտներ Սավյոլովկա եւ ՍՍՀՄ քաղաքացու գնդակահարեր: Բերիան կմտներ գյուղ, այդ գերմանացուն կսատկացներ, գյուղի կեսին էլ բանտ կտաներ՝ անհրաժեշտ դիմադրություն ցույց չտալու, այսինքն՝ օտարերկրյա գործակալ լինելու պատրվակով: Ստալինին գուցե ոչինչ էլ չզեկուցեր Բերիան եւ հարցը փակեր: Բայց մեզ մո՜տ… Ամբողջ աշխարհն իմացավ ԱԱԾ-ի խայտառակության մասին: Լուրը հասավ Նիկոլին, եւ դրանից հետո միայն սկսվեց մեղավորների փնտրտուքը:
Մեղավորներ նշանակելու հարցում, ինչպես գիտեք, Նիկոլից ավելի արհեստավարժ մարդ Հայաստանում չկա: Բայց Նիկոլը մի ծանր բնավորություն ունի՝ չի սիրում պատասխանատվության ենթարկվել իր սխալների համար: Հիմա էլ, վստահ եմ, երբ գա Շաքի գյուղի դեպքով մեղավորներ նշանակելու պահը (իսկ դեպքը բացառապես իր վարած սխալ քաղաքականության հետեւանքն է), մեղավոր է նշանակելու Անդրանիկ Սիմոնյանին, մինչդեռ վերջինս դեպքի օրը բոլորովին այլ գործով էր զբաղված՝ օրինակ, պատրաստվում էր Եկեղեցու դեմ վճռական գործողություններին: Հնարավոր է՝ Պապիկյանին մեջտեղ քաշեն, ինչին ես ամենեւին դեմ չեմ, բայց համարում եմ, որ ճիշտը Նիկոլին դատելն է՝ նախապես նրա արարքներն ու որոշումները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կյանքի կոչելուց հետո: Հակառակ պարագայում, եթե Նիկոլը մեղավոր նշանակի Անդրանիկ Սիմոնյանին, վերջինիս կարող է սպառնալ Բերիայի կյանքի վերջին դրվագը, որ նկարագրված է ռուսերեն տեքստի վերջում: Պարոն Սիմոնյան, մի անգամ էլ կարդացեք, կարդալուց վնաս չկա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր