Պատմական հիշողությունը պահպանելու մասին հայտարարություն են ընդունել
Fri, 09 Oct 2026 17:08:48 +0400

ԱՊՀ երկրների ղեկավարները Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովում համատեղ հայտարարություն են ընդունել ԱՊՀ–ի 35-ամյակի կապակցությամբ։ Հայտարարության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում համատեղ պատմական հիշողությունը պահպանելու հարցը։
Շեշտադրվել է պատմական առանցքային իրադարձությունների, նախևառաջ Հայրենական մեծ պատերազմին վերաբերող իրադարձությունների աղավաղումն ու վերանայումը կանխելու անհրաժեշտությունը։
Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր պատմությունը կեղծելու դեմ պայքարի կարևորության մասին, ինչ թույլ կտա, որ ԱՊՀ երկրների բնակիչները հիշեն ԽՍՀՄ–ի ժամանակաշրջանում իրենց ժողովուրդների նվաճումների մասին և իրենց հայրերի ու պապերի ցուցաբերած հերոսությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Համագործակցության 35-ամյակին նվիրված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՊՀ երկրների` ջանքերի ու ներուժի միավորման պատմական ընտրությունը լիովին արդարացրել է իրեն։ Միջազգային գործընթացների բարդացման, տարածաշրջանային ու համաշխարհային ազդեցության նոր կենտրոնների ձևավորման ֆոնին ԱՊՀ–ն ապացուցել է իր պահանջվածությունն ու հեռանկարային լինելը որպես բազմակողմ փոխգործակցության ճկուն և կարգավորված մեխանիզմ։
ԱՊՀ ղեկավարները նաև հաստատել են արտադրական համագործակցային կապերն ընդլայնելու, գիտատեխնիկական և նորարարական ոլորտներում համատեղ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը։ Նրանք նաև ընդգծել են տնտեսական անվտանգության մակարդակը բարձրացնելու կարևորությունը՝ արտաքին ցնցումների հետևանքները նվազագույնի հասցնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր