Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես
Fri, 09 Oct 2026 17:15:41 +0400

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի հետ կարճատև հանդիպումները սովորական արարողակարգային շփումներ են։ Հանդիպում են, մի քանի բառ փոխանակում։ Ոչ մի արտառոց բան։
Բայց Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ այդ ջերմության ցուցադրությունը հանրության շրջանում հակառակ արձագանքն է առաջացնում։ Երբ գազի գնի ու մատակարարումների շուրջ անհանգստություններ կան, տնտեսական սահմանափակումների վտանգ կա, իսկ մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց վաղը, Պուտինի հետ ջերմ սելֆիները դիվանագիտական հաջողության ապացույց ներկայացնելը մի փոքր անհարմար է թվում։
Պուտինը թմփթմփացնում է Փաշինյանի ուսին, այդ նկարները տարածվում են, բայց ժողովրդի ցավին դրանից դարման չի լինում։
Հարցը Պուտինի հետ հանդիպելը չէ։ Պետությունների ղեկավարները հանդիպում են նաև այն ժամանակ, երբ հարաբերությունները հարթ չեն։ Հարցն այն է՝ այդ ժպիտների ու ուս թփթփացնելու դիմաց ի՞նչ ենք ստանում։
Ու այստեղ միանգամայն տրամաբանական պահանջ է առաջանում։
Եկ, վիզ առ, որ Եվրոպային բրախած ունես։
Եթե Պուտինի հետ այնքան ջերմ ես, որ ուս թփթփացնելու սելֆիներդ ես ցուցադրում, ուրեմն այդ ջերմության քաղաքական գինն էլ ներկայացրու։ Թող ժողովուրդն իմանա՝ այդ ժպիտների դիմաց ինչ ենք շահում, կամ ինչի՞ց ենք հրաժարվում։
Միայն սելֆիով աշխարհաքաղաքական կողմնորոշում չեն փոխում։ Բայց երբ սելֆին դառնում է քաղաքական ցուցափեղկ, հանրությունն էլ իրավունք ունի հարցնելու՝ արդյունքը ո՞րն է։
Եվ եթե Եվրոպային չես բրախել, բացատրի՛ր՝ ինչու ես այդքան ջանասիրաբար ցույց տալիս, որ Մոսկվայում ուսդ թփթփացնում են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր