«Խաղաղության խաչմերուկ»՝ քաղաքացու տան մեջ
Sat, 10 Oct 2026 16:15:30 +0400

Շաքիում տեղի ունեցած միջադեպը, որտեղ մայրն ու երեխաները սեփական տանը դեմառդեմ կանգնեցին սահմանն ապօրինի հատած զինված ադրբեջանցու հետ, հանրության առջեւ բացեց անվտանգային համակարգի դաժան պատկերը։ Սակայն այս իրադարձության ամենաաբսուրդային հատվածը մեր առաջ բացահայտվեց ոչ թե դեպքի վայրում, այլ՝ ԱԺ-ում եւ պաշտոնական պարզաբանումների միջոցով։ Եթե փորձենք վերլուծել իշխանական պատգամավորների եւ վարչապետի պատասխանների «փիլիսոփայությունը», ստացվում է կատարյալ քաղաքական աբսուրդ, որտեղ ամեն մի հայտարարություն արժանի է առանձին «ոսկե հուշամեդալի»։
Եթե հասարակությունը սպասում էր պետական համակարգի կոշտ ինքնաքննադատության, անվտանգային ճեղքվածքների խոստովանման եւ անհապաղ լուծումների, ապա, իշխանական տրամաբանությամբ, մեղավորը ոչ թե անվտանգային համակարգի խայտառակ վիճակն է կամ զինված ադրբեջանցին, այլ դրանց մասին հարցեր տվողների «էմոցիոնալ ֆոնը»։ Իշխանական հռետորաբանության առաջին ու ամենասիրելի թաքստոցն իրականության «կենցաղայնացումն» է։ Երբ թշնամական պետության զինվորականը հայտնվում է հայի տանը, պաշտոնական լեքսիկոնում միանում է հատուկ «մեղմացնող» ֆիլտրը. «Սա ընդամենը տեղային, կենցաղային միջադեպ է, պետք չէ քաղաքականացնել»։ Ըստ այս տրամաբանության՝ զինված թշնամու մուտքը հայկական օջախ անվտանգային աղետ չէ, այլ՝ պարզապես «սխալմունք» կամ «չնախատեսված այցելություն»։ Երբ մայրն ու երեխաները փրկվում են սեփական հնարամտությամբ, պաշտոնական զեկույցներում դա ձեւակերպվում է որպես «իրավիճակի լիարժեք վերահսկողություն», իսկ մոր գործողությունները՝ «մայրական բնազդով» իրականացված շտապողականության արդյունք։ Լրագրողների եւ ընդդիմադիր պատգամավորների ուղիղ հարցերին ի պատասխան՝ իշխանական ամբիոնից հնչում է նույն «հայրական» դասախոսությունը․«Դուք էմոցիոնալ ֆոն եք ստեղծում, դուք խանգարում եք խաղաղության օրակարգին»։ Այստեղից պաշտոնապես էսքիզավորվում է այն «իդեալական քաղաքացին», որին երազում է տեսնել ՀՀ վարչապետը․ նա չպետք է վախենա, երբ իր պատուհանի տակ զինված թշնամի է քայլում, չպետք է տուրք տա «էմոցիաներին», երբ իր երեխաների կյանքին իրական վտանգ է սպառնում, պետք է լուռ սպասի, ավելի լավ է՝ բացի «Խաղաղության խաչմերուկի» գունավոր բուկլետն ու համոզի իրեն, որ իր տեսածը «տեղեկատվական միրաժ» է, իսկ թշնամու զինվորի զենքը` «մուլյաժ», որը չի կարող կրակել բարեկամ ու հարեւան հայի ուղղությամբ։ Ստացվում է՝ քաղաքացու բնական վախն ու արդարացի ցասումը պաշտոնյաների համար «էմոցիոնալ անհասության» նշան են։ Իսկական պետականամետ քաղաքացին, ըստ այս տրամաբանության, պետք է շնորհակալ լինի, որ անսպասելի հյուրն իր դուռն է թակել եւ իր փլավն է ուտում:
Երբ հարցերն այնքան կոնկրետ են դառնում, որ դրանցից խուսափելն անհնար է լինում, գործի են դրվում մանիպուլյացիոն հնարքները: «Ինչպե՞ս է զինված թշնամին անարգել անցել սահմանն ու հասել խորքային բնակավայրեր». «Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ է դեմարկացիան, ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ աշխարհաքաղաքական վերադասավորումները»։
Սա քաղաքական բարձրագույն «դպրոցն» է, որտեղ կոնկրետ հարցին ուղիղ պատասխան տալը համարվում է պրոֆեսիոնալ տկարամտություն, եւ երբ հարց է հնչում մեր տան անվտանգության մասին, քեզ առաջարկում են դասախոսություն միջազգային իրավունքի անկատարության մասին։ Երբ հարցնում ես պատասխանատուների մասին, քեզ հիշեցնում են, որ «աշխարհում 100%-անոց երաշխիք ոչ մի տեղ չկա»։ Հարց է ծագում` եթե նույնանման անվտանգային ճեղքվածքը տեղի ունենար պաշտոնական էշելոնի ներկայացուցիչների կամ բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների ներսում, արդյո՞ք արձագանքը կլիներ նույնքան «ակադեմիական» ու «սառնասիրտ»։ Արդյո՞ք էլի կլսեինք, որ «պետք չէ էմոցիոնալացնել, սա ընդամենը տեղային միջադեպ է», թե՞ վայրկյանական կգործարկվեին պետական բոլոր ուժերն ու ռեսուրսները։
Այս աբսուրդի գագաթնակետը դարձավ ԱԺ-ում հնչած «դարի խորհուրդը»․ «Զանգեք 1-02 եւ սպասեք ոստիկանությանը»։ Սա պետական մտածողության գլուխգործոցն է։ Պատկերացրեք իրավիճակը․ դռան շեմին կանգնած է ինքնաձիգով թշնամին, իսկ դուք հանգիստ, «խաղաղության օրակարգի» կանոններով, նրան առաջարկում եք թեյ խմել, մինչեւ հարեւան գյուղից տեղ կհասնի ոստիկանական ծույլիկ «ՈՒԱԶ»-ը։ Այդ նույն տրամաբանությամբ՝ եթե վարչապետի առանձնատուն մտնի զինված թշնամին, նրա անվտանգությունը նույնպե՞ս հույսը դնելու է 1-02-ի «օպերատիվության» վրա, թե՞ այդ նույն վայրկյանին ՊՊԾ-ն ու հատուկ ջոկատայիններն օդով են հասնելու։
Մեր քաղաքական միտքը հասել է մի այնպիսի «բարձրակետի», որտեղ անվտանգության լավագույն երաշխիքը անհարմար հարցեր չտալն է, իսկ ամենամեծ հանցագործությունը՝ իրականությունը նկատելը։ Մայրն ու երեխաները փրկվեցին ոչ թե համակարգի, այլ սեփական բախտի ու համարձակության շնորհիվ։ Իսկ սովորական քաղաքացուն մնում է միայն ներողություն խնդրել իշխանություններից՝ այդ «անհարմար փաստով» պաշտոնական խաղաղասիրական վիճակագրությունը փչացնելու համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր