Թրամփը Զելենսկուն «սեղմում է պատին»․ ի՞նչ է առաջարկում այս անգամ
Mon, 12 Oct 2026 11:30:09 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարի» մասին հայտարարությունը կապված է նավթավերամշակման գործարանների վրա երկուստեք հարձակումները դադարեցնելու հնարավոր համաձայնագրի հետ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։
Պաշտոնյայի պնդմամբ՝ Թրամփը ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհետևի դրան։ Նա նշել է, որ եթե նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեն, հաջորդ քայլը կարող է լինել էլեկտրակայանների և ցանցերի վրա հարձակումները դադարեցնելու համաձայնագիրը։
«Կարծես թե Թրամփը փորձում է միայնակ իրականացնել նման հրադադարի հասնելու տարբերակը։ Սակայն Ռուսաստանը դեռևս չի համաձայնել նման բանի։ Ուկրաինան իր հերթին կողմ է էներգետիկ հրադադարին, որը նաև կարգելի էլեկտրակայանների վրա հարձակումները», – հաղորդում է պորտալը։
«Նավթավերամշակման գործարան՝ նավթավերամշակման գործարանի դիմաց» առաջարկը, ինչպես այն անվանել է ամերիկացի պաշտոնյան, անհավասար է։ Մասնավորապես, ուկրաինացի մի պաշտոնյա Axios-ին ասել է, որ Ուկրաինան ունի միայն մեկ նավթավերամշակման գործարան, որի վրա ռուսները բազմիցս հարձակվել են, և որը չի գործում ամբողջ հզորությամբ։ Մինչդեռ Ռուսաստանն ունի նավթավերամշակման գործարանների լայն ցանց։
«Մենք ներմուծում ենք դիզելային վառելիք և գազ։ Մեզ անհրաժեշտ է, որ ռուսները դադարեցնեն մեր էլեկտրացանցերի վրա հարձակումները», – նշել է նա։
Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ ռուսները ներկայումս քննարկում են այս առաջարկը. «Մենք շուտով կիմանանք՝ պատրա՞ստ են դրան»։
Հրատարակությունը հավելել է, որ ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի էլեկտրակայաններին Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ անց։
Սպիտակ տան պաշտոնյաները զգուշացրել են, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները ավելի շատ են վնասում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հարաբերություններին, քան Ռուսաստանին, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ըստ The Wall Street Journal-ի՝ Թրամփի և Զելենսկու միջև հարաբերությունները գտնվում են իրենց ամենավատ կետում 2025 թվականի փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից ի վեր։
Օրերս ԱՄՆ առաջնորդը սուր քննադատության էր ենթարկել Զելենսկուն պատերազմը դադարեցնելու բավարար կամք ու գործուն քայլեր չդրսևորելու համար և նշել, որ Ուկրաինային նոր ղեկավար է անհրաժեշտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր