51 ներկա և նախկին քաղբանտարկյալներ

51 ներկա և նախկին քաղբանտարկյալներ

Mon, 12 Oct 2026 18:45:07 +0400


Գործող իշխանության այս կամ այն ներկայացոււցիչը մեղադրում է ընդդիմությանն ադրբեջանական նարատիվները Հայաստանում շրջանառելու մեջ: Առաջին հայացքից դա կարծես թե այդպես է: Քանի որ առանձին փորձագետներ անընդհատ դիտարկում են ադրբեջանական մամուլը՝ օբյեկտիվորեն ներկայացնելով մեզ վերաբերող նյութերի վերաբերյալ տեղեկատվություն: Այդ թվում Բաքվից հաճախ հնչող պահանջներն ու սպառնալիքները: Այն երկրից, որը «մեր» իշխանության կողմից ներկայացվում է որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր: Անվտանգության երաշխավորն էլ չի կարող չլինել բարեկամ: Եվ Նիկոլենց ասելով, այդ բարեկամությունը փայփայման կարիք ունի:

Այնինչ, ընդդիմադիր փորձագետները քողազերծում են հեքիաթային այդ իրականությունը: Ինչը, բնականաբար, ձեռք չի տալիս Բաքվի բռնապետին այդպես ներկայացնողներին: Եթե այնտեղից հնչում են պահանջներ ու սպառնալիքներ, ապա էլ ի՜նչ բարեկամ: Իսկ եթե բարեկամ չէ, ապա էլ ի՜նչ խաղաղության հաստատում: Դա կարող են գիտակցել նույնիսկ անուղեղ զանգվածները՝ եթե նրանց անընդհատ ներկայացվի իրականությունը: Իսկ այդ դեպքում ում վրա պետք է հենվի ու ում քվեն ակնկալի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Ու այդ պատճառով ընդդիմադիր գործիչները մեղադրվում են ադրբեջանական նարատիվները Հայաստանում շրջանառելու մեջ:

Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Եվ եթե ադրբեջանական պահանջ ու սպառնալիք ներկայացնողները փորձում են բացել մեր հասարակության աչքերը, ապա իշխանությունը, նախ, փորձում է փակ պահել այն: Որովհետև տգետ մարդկանց զանգվածներին շատ ավելի հեշտ է կառավարելը: Դա ապացուցված է պատմականորեն ու հիմնավորման կարիք չի զգում: Երկրորդ, նման մարդկանց ավելի հեշտ է համոզելը, որ դիմացինը ևս խաղաղության կողմնակից է: Երրորդ, տեղեկանալով, թե ինչ է տեղի ունենում, օրինակ, մեր գերիների հետ, մարդիկ, իրենց կամքից անկախ, դա համեմատում են այն բանի հետ, ինչ կատարվում է այստեղ: Իսկ այստեղ կատարվողի առումով տեղեկատվության պակաս չկա: Ու մարդիկ տեսնում են, որ այստեղ կատարվողը ճիշտ նույն բանն է, ինչ կատարվում է այնտեղ: Եթե Ադրբեջանում մեր գերիներին դատում են բացարձակ անհիմն մեղադրանքով զուտ այն բանի համար, որ իրենք հայ են, ապա այստեղ ընդդիմադիրներին դատում են ընդդիմադիր լինելու համար: Այսինքն, առկա է նույն վերաբերմունքը: Ու ինքնաբերաբար առաջանում է հարցը՝ ինչո՞վ է այստեղի իշխանությունը տարբերվում Ադրբեջանի բռնապետական իշխանությունից:
Որպեսզի տեսական չթվա վերն ասվածը՝ ներկայացնեմ երկու հատված «hraparak.am»-ի՝ հոկտեմբերի 12-ի երկու տարբեր հոդվածից: Նախ վերցնենք Բաքվի ռազմական դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության (նաև դատավճռի) դրվագներից մեկը: Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 1989–2020 թթ.-ին մոտ 4 հազար ադրբեջանցու բռնի անհետացման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց հրաժարվելու առումով: Թե ինչպես և ինչու պետք է նման տեղեկատվությանը տիրապետեր 2022-2023 թթ.-ի արանքում ընդամենը երեքուկես ամիս Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանը, Ադրբեջանի «արդարադատությանը» բացարձակ չի հուզում: Բայց եթե հիշում ենք, որ այդ երկիրը ոչ թե բարեկամ է՝ ինչպես փորձում է ներկայացնել Հայաստանի իշխանությունը, այլ թշնամական, ապա այլևս հարցեր չեն ծագում:

Հիմա գանք Հայաստան: Արդեն մեկ շաբաթ է, ինչ կալանավորվել է 44-օրյա պատերազմին իր ընկերների հետ կամավոր մասնակցած, «Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը: Մեջբերեմ նրա կալանավորման որոշման առումով դատաքննությունից մի հատված, ինչը ներառված է իր hայտարարության մեջ: «Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի): Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձնից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար: Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը»:

Եթե համեմատենք Բաքվի դատարանի որոշումը և հայաստանյան դատաքննության այդ դրվագը, ապա կտեսնենք, որ անհեթեթության առումով որևէ տարբերություն չկա: Հաշվի առնելով, որ երկու երկրում էլ դատարանները խիստ «անկախ» են, բնականաբար, չկա որևէ տարբերություն բոլորի կողմից բռնապետական համարվող երկրի և Հայաստանի միջև: Այն երկրի, որ Արևմուտքի կողմից պաշտոնապես ընդունվում է իբրև ժողովրդավարական: Ինչը նպաստում է Փաշինյանի անձնական իշխանության պահպանմանը, սակայն միաժամանակ սպառնալիքներ է ստեղծում հայոց պետականության գոյության առումով: Դա բացարձակ չի գիտակցում հունիսի 7-ին Փաշինյանին ու նրա ՔՊ-ին ընտրած բիոզանգվածը: Դա գիտակցում, սակայն դրա վրա թքած ունեն խորհրդարանում կամ գործադիր իշխանությունում Փաշինյանի կողմից հավաքված անձինք: Դժբախտաբար:

ՀԳ. Արթուր Դանիելյանն այն 51 անձանցից մեկն է, ովքեր Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի կողմից գործարկված՝ Հայաստանում քաղաքական հետապնդվողների ռեգիստրում ներառված են որպես քաղբանտարկյալներ կամ քաղաքական հետապնդման ենթարկվածներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու աթոռը ճոճվում է․ Փաշինյանը հաջո՞րդն է

Զելենսկու աթոռը ճոճվում է․ Փաշինյանը հաջո՞րդն է Mon, 12 Oct 2026 20:00:44 +0400 Latest news…

3 րոպե ago

Ում հետ է հանդիպել Պուտինն իր տարեդարձի օրը

Ում հետ է հանդիպել Պուտինն իր տարեդարձի օրը Mon, 12 Oct 2026 20:00:44 +0400 Ինչպես…

3 րոպե ago

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Mon, 12 Oct 2026 19:59:20 +0400 Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ…

4 րոպե ago

Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»

Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս» Mon, 12 Oct 2026 19:45:52…

18 րոպե ago

Տղամարդը մահացել է դանակի հարվածից․ ձերբակալվել է հայրը

Տղամարդը մահացել է դանակի հարվածից․ ձերբակալվել է հայրը Mon, 12 Oct 2026 19:30:42 +0400 Ադրբեջանի…

33 րոպե ago

Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում՝ տանենք գլխին մոմ թափե՞նք

Սասուն Միքայելյանն էլ Ալիևից է զարհուրում՝ տանենք գլխին մոմ թափե՞նք Mon, 12 Oct 2026 19:15:29…

48 րոպե ago