Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․

Tue, 13 Oct 2026 16:45:18 +0400


Մանկությանս մի դրվագ եմ հիշում։ Փողոցում լյուկ էր, ու հարևանի կնոջ տունը ջուր էր լցվում։ Մեկը պիտի իջներ, որ փակեր ջրի հոսքը։ Կինը լյուկի շուրջ վազվզում ու գոռում էր՝
— Էս շենքում մի տղամարդ չկա՞, դուրս եկեք։

Այնպիսի բարձր ձայնով էր գոռում, բայց ոչ մեկը դուրս չէր գալիս։ Տեսնում էի, որ տղամարդիկ պատուհաններից ծիկրակում ու թաքնվում էին, որ չերևան։ Երեխա էի, բայց մի տեսակ զզվանքով էի նայում թաքնվող տղամարդկանց, որոնք գործի գնալուց կոկիկ հագնվում ու բարի՜, բարի՜ ժպտում էին։

Լյուկից ջուրը հորդում էր, ու իրոք, դժվար էր մեջը մտնելը։ Իսկ կինը գոռում էր՝
— Տունս ավերվե՜ց, մի տղամարդ չկա՞…

Ու հանկարծ նա նետվեց լյուկի մեջ։ Մանկական հետաքրքրությամբ ու վախով կանգնել էի կողքին։ Օգնել չէի կարող, նայում էի։ Հետո դուրս եկավ՝ ամբողջովին թրջված, ցեխոտված, բայց փակել էր ջրի հոսքը։
Մինչև հիմա ձայնը ականջումս է՝ մի տղամարդ չկա՞։

Ինչո՞ւ եմ լյուկը կրկին ու կրկին վերհիշում։

Տարիներ անց նույն ճիչը լսեցի Շաքիի ողբերգության ժամանակ, երբ մայրը ինքը դեմառդեմ դուրս եկավ ադրբեջանցու դեմ ու փրկեց իր երեխաներին։ Ու մտածեցի՝ ահա, դարձյալ նույն պատմությունը։ Վտանգը կա, օգնության կանչը կա, բայց փրկությունը պիտի ինքդ գտնես։ Քո տունը ջրով է լցվում, երեխաներդ վտանգի մեջ են, հայրենիքդ է վտանգված, իսկ դու պիտի հասկանաս՝ ինչ անել։
Եվ եթե իշխանությունը կտրում է թևերդ ու ասում՝ պիտի սպասես ոստիկանի, դա արդեն քո անվտանգությունն ապահովող իշխանություն չէ։ Բավ չէ, որ ինքը չի ապահովում, անուղղակիորեն այլ բան է հասկացնում։ Իմ պատմած դրվագը կենցաղային էր, բայց նմանությունը շատ մեծ է։ Շաքիի ողբերգության արձագանքները կարծես թե նույնն են՝ հույսդ քեզ վրա դիր։ Իսկ սարսափելին գիտե՞ք որն է։ Մայրը կարող է կանգնել թշնամու դեմ։ Նա կարող է անել անհնարինը։ Բայց դա դեռ չի նշանակում, որ նա իրավական պետության մեջ պետք է մենակ մնա։ Այսօր մեր պետական այրերը, որոնք ասում են՝ պետություն ենք, նմանեցնում եմ պատուհանից ծիկրակող այն տղամարդկանց, որոնք վախենում են ձայն հանել, որ տեղներն իմանան։ Պետությունն այս մոր նման պիտի լինի։ Ապահովի իր քաղաքացու անվտանգությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում Tue, 13 Oct 2026 16:15:17 +0400 Ասում է․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով