Երեքշաբթի , 13 Հոկտեմբերի 2026

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Ինչպես տարբերել տիրոջը ծառայից

Tue, 13 Oct 2026 19:45:16 +0400


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեկուկես ժամանոց հեռախոսազրույցից հետո վերցրեց եւ ոչնչացրեց այն կառուցվածքը` կոնստրուկցիան, որը ստեղծվել էր համարյա 5 տարի շարունակ՝ չեղարկելով գլխավոր սանկցիան: Եվրոպական երկրները, իսկ ավելի շատ՝ Ուկրաինան, ցնցված են Թրամփի որոշումից, բայց որեւէ բան անել չեն կարող: ԱՄՆ նախագահի այս քայլի մեջ ոչ մի պրոռուսականություն չկա, ընդհակառակը՝ Թրամփն ամեն ինչ անում է, որ պատերազմը շարունակվի, կողմերը հնարավորինս երկար եւ հիմնավորապես ոչնչացնեն միմյանց, նա Ռուսաստանին ապահովում է պատերազմի շարունակման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսով, Ուկրաինայի ֆինանսավորման բեռը դրել է Եվրոպայի վրա:

2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական հարձակում սկսելուց հետո հավաքական Արեւմուտքը մի ռազմավարություն որդեգրեց, որի նպատակը Ռուսաստանին պարտության մատնելն էր, մի կողմից՝ Ուկրաինային զենք, զինամթերք, կամավորներ, հետախուզական տվյալներ եւ անհրաժեշտ ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով, մյուս կողմից՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելը, որը կզրկի նրան պատերազմ վարելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից: Արեւմուտքում ակնկալում էին, որ արդյունքում Ռուսաստանը կա՛մ պարտություն կկրի, կա՛մ հարկադրված կլինի դադարեցնել պատերազմը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Չորսուկես տարի շարունակ ԱՄՆ-ն, ԵՄ երկրները եւ նրանց այլ դաշնակիցներ անընդհատ խստացնում էին ռուսական նավթագազային ընկերությունների դեմ պատժամիջոցները՝ համարելով, որ Ռուսաստանի հիմնական արտահանելի ապրանքը գազն ու նավթն են: Եվ ահա՝ ԱՄՆ նախագահը մի որոշմամբ չեղարկում է այդ պատժամիջոցներից հիմնականը, որի արդյունքում միլիոնավոր տոնաններով դիզելային վառելիք կարող է մատակարարվել Ռուսաստանից ԱՄՆ եւ այլ երկրներ՝ Ռուսաստանին ապահովելով միլիարդավոր դոլարների եկամուտ: Պարզվում է նաեւ, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածությունն ավելի վաղ է կայացվել․ սեպտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգից ԱՄՆ է ուղեւորվել դիզվառելիքով բեռնված առաջին լցանավը, իսկ առանց փոխադարձ պայմանավորվածության նավը դժվար թե բեռնվեր եւ ուղեւորվեր ԱՄՆ:

Դոնալդ Թրամփն ասում է, որ առաջնորդվել է ԱՄՆ շահերով, ԱՄՆ-ում վերջին մի քանի ամիսներին դիզելային վառելիքի գինն աճել էր 60 տոկոսով, ինչը հարված է երկրի գյուղատնտեսությանը․ տրակտորներն ու կոմբայններն աշխատում են դիզելային վառելիքով, ինչպես նաեւ՝ բեռնափոխադրողներին․ բեռնատարները եւս աշխատում են դիզվառելիքով: Բայց Եվրոպայում եւս դիզվառելիքի գները ռեկորդներ են սահմանում․ Ֆրանսիայում մեկ լիտրի արժեքը հասել է 2,5 եվրոյի, մյուս երկրներում եւս համանման գներ են: Եթե ԱՄՆ-ում դիզելային վառելիքով աշխատում են բեռնատարներն ու գյուղտեխնիկան, եվրոպական շատ երկրներում հանրային, կոմերցիոն եւ անձնական օգտագործման մեքենաների մի զգալի մասը եւս աշխատում է դիզվառելիքով:

Ինչո՞ւ Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը կամ Լեհաստանի վարչապետը չպայմանավորվեցին Ռուսաստանի նախագահի հետ՝ իրենց երկրներ ռուսական էժան դիզվառելիքի մատակարարման մասին՝ հանուն իրենց քաղաքացիների բարեկեցության կամ իրենց երկրների տնտեսության մրցունակության: Ոչ թե այն պատճառով, որ չեն մտածում իրենց երկրների կամ քաղաքացիների բարեկեցության մասին կամ համաեվրոպական համերաշխություն են դրսեւորում՝ ընդդեմ չարի մարմնացում Ռուսաստանի, այլ այն պատճառով, որ զրկված են տարրական ինքնիշխանությունից: Այդ երկրներն ամերիկյան վասալներ են, տիրոջ ծառաներ եւ իրավունք չունեն անել մի բան, ինչի իրավունքն ունեն Միացյալ Նահանգները եւ այդ երկրի նախագահը: Նրանք նույնիսկ իրավունք չունեն բողոքել Դոնալդ Թրամփի կայացրած որոշումից, ասենք՝ որ բողոքեն, դրանից ի՞նչ է փոխվելու: Տիրոջը ծառայից, սյուզերենին վասալից կարելի է տարբերել միայն մի հատկանիշով՝ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքով, կարո՞ղ է այդ երկրի իշխանությունը սեփական երկրի եւ քաղաքացիների շահերից բխող որոշում կայացնել, թե՞ պարտավոր է հետեւել եւ ենթարկվել վերադասից իջեցված հրամանին:

Այն մարդիկ, ովքեր այսքան տարի Հայաստանում խոսում եւ փորձում էին հասարակությանը համոզել, թե որքան կարեւոր է լինել ԱՄՆ դաշնակից եւ գործընկեր, որ, ահա՝ մեր առաջ բացվել են դրախտի դռները, քանի որ մենք ԱՄՆ-ի հետ կնքել ենք գործընկերության մասին փաստաթուղթ, իրենք էլ լավ գիտեն, որ գերտերությունների համար գոյություն չունեն դաշնակիցներ կամ գործընկերներ, նրանց համար կան ենթականեր եւ գործիքներ, որոնց նրանք օգտագործում են ըստ անհրաժեշտության՝ ծառայեցնելով նրանց իրենց շահերին, եւ դեն են գցում դրանց մաշվածության կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու պատճառով: Այդ մարդիկ խոսում էին, քանի որ իրենք էլ առաջնորդվում են ոչ թե պետության եւ երկրի, այլ իրենց անձնական շահերով, իսկ անձնական շահը կապված է ԱՄՆ-ի հետ, հենց այդ երկիրն է իրենց ապահովում իշխանություն կամ իշխանական կերակրատաշտից հասանելիություն:

Այն մարդիկ, ովքեր ասում էին, որ պետք է հրաժարվել ռուսական էժան գազից, քանի որ դա է միակ ճանապարհը՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը, տեսան, որ ինքնիշխանությունը ոչ թե էժան գազից եւ ընդհանրապես էժան ռեսուրսներից հրաժարվելն ու սեփական երկրին ու ժողովրդին վնասելն է, ինքնիշխանությունը սեփական երկրի եւ ժողովրդի շահերից բխող որոշում կայացնելու ընդունակությունն է:
Հայաստանում էլ են գյուղտեխնիկան, բեռնատարները, հանրային եւ մասնավոր տրանսպորտի զգալ մասն աշխատում դիզելային վառելիքով, որի գինը վաղուց է անցել մեկ լիտրի դիմաց 2 դոլարի սահմանը, երբ նախկինում դրա կեսն էր: Արդյո՞ք ինքնիշխան Հայաստանի նույնքան ինքնիշխան իշխանությունը կարող է ասել, որ եթե ԱՄՆ-ն կարող է դիզվառելիք գնել պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանից, ապա նույնը կարող ենք անել նաեւ մենք եւ դիզվառելիք գնենք հարեւան Իրանից, որտեղ այն բազմակի անգամներով էժան է: Իհարկե, չի կարող, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ամերիկյան տիրոջ որոշումն իր համար կարմիր գիծ է, որ այն, ինչ կարելի է տիրոջը, անթույլատրելի է նրա ծառային, կամ, ինչպես հին հույներն էին ասում՝ այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում

Փաշինյանը՝ Քրիստոսի, Էյնշտեյնի ու Արիստոտելի համադրված կերպարում Tue, 13 Oct 2026 16:15:17 +0400 Ասում է․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով