Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ինքն իր վախճանի տակ ստորագրեց` այդ խոսքն ասելով

«Հրապարակ»․ Ինքն իր վախճանի տակ ստորագրեց` այդ խոսքն ասելով

Wed, 14 Oct 2026 11:45:16 +0400


«Եկեղեցու վրա հարձակումը հարձակում չէ միայն Եկեղեցու վրա, դա հարձակում է մեր ազգի, մեր ինքնության վրա»,- «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ի կողմից Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ ասաց Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը:

«Քանի որ ի սկզբանե մեր ազգի դեմ են գործել ու դեռ գործում են, սա այդ գործունեության տրամաբանական շարունակությունն է: Որպեսզի ազգը կործանվի, իր հոգեւոր արմատներից, իր հիշողությունից պիտի նրան զրկես: Այդ պարագայում ազգը դառնում է մի կենսազանգված՝ ուրիշ ոչինչ: Բայց այս ամենի հետեւում այլ վտանգավոր բաներ կան թաքնված: Ինչ-որ մեկն ասում է՝ ընտանեկան բռնություն եւ այլն, դռնեդուռ ընկած՝ ստորագրահավաք է անում, որ այդ օրենքն անցնի: Սա ինչի՞ մասին է խոսում: Եվրոպայում բնակվող ընկերներիցս մեկն իրական դեպք պատմեց, երբ ծնողին զրկել էին ծնողական իրավունքից միայն այն բանի համար, որ երկու անգամ բարկացել էր որդու վրա՝ ոչ ցենզուրային ֆիլմեր դիտելու համար: Նրան` իր իսկ երեխայի բողոքի հիման վրա ծնողական իրավունքներից զրկում են եւ որդեգրման տալիս համասեռամոլների զույգի: Հիմա, որպեսզի հասարակությանը համոզեն, որ այդ՝ ընտանեկան բռնության մասին օրենքը շատ լավ բան է, պիտի լայն քարոզչություն տանեն: Աստվածաշունչն ասում է՝ երբ քո երեխային հարվածես, նրա ոսկորներին ցավ կպատճառես, սակայն հոգին կփրկես: Խրատը, դաստիարակությունը իրենք դպրոցից հանեցին, չէ՞, դպրոցում կարգուկանոն կար` հանեցին, հիմա էլ տներից են ուզում հանել, որ ծնողն իր երեխային չդաստիարակի»,- ասաց Տեր Ահարոնը: Նրա կարծիքով, այդ օրենքի ընդունման հիմնական նպատակը ծնողին սահմանափակելն է՝ սեփական երեխային դաստիարակելու, վերահսկելու, ինչն էլ պառակտելու է ընտանիքը: «Պատահական չէ այս արշավը: Սա ընտանիքի համակարգը քայքայելու հերթական քայլն է ու Եկեղեցու դեմ պայքարի շղթայի մի օղակը: Ո՞վ է նրան դրդել, որ հանկարծակի դուրս եկավ ու սկսեց ընտանեկան բռնություն, բռնություն, բռնություն, ո՞վ իրեն ասաց, որ դուրս գա՝ այս թեմայով խոսի: Ո՞վ է նրա տերը, ու ի՞նչ կա դրա տակ թաքնված` մեր հասարակությունը բանից անտեղյակ է: Սովորաբար հանցագործները հերթական հանցանքից առաջ փնտրում են հանցակիցներ, հիմա այդ հանցագործներն ուզում են ազգին հանցակից դարձնելով՝ ոչնչացնել»,- նկատում է Տեր Ահարոնը:

Հոգեւորականը կարծում է, որ կազմակերպված արշավ է գնում Եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի ու բանակի դեմ: 2 տարվա պարտադիր ծառայությունը կրճատվեց` դարձավ մեկուկես, ինչի հետեւանքով բանակի թվակազմը պակասեց 25 տոկոսով, հիմա էլ առաջարկում են՝ ով չի ուզում ծառայել բանակում, կարող է դառնալ ոստիկան կամ փրկարար: Բնական է, որ երիտասարդների մի ստվար հատված կմտածի, որ ավելի ձեռնտու է ոստիկան դառնալ` բարձր աշխատավարձ ստանալ, քան թե ձմեռով սարի վրա հերթապահություն իրականացնել: «Արդյունքում, առանց այդ էլ թվապես մեզ գերազանցող թուրքը հանգիստ կարող է Ջերմուկով կտրել, միանալ Նախիջեւանին: Ինքն էլ կասի՝ բանակը չկռվեց, ես ի՞նչ անեմ: Ինքը նախադրյալներ է ստեղծում երկիրը կործանելու համար: Մի կեսն արել են, մյուս կեսն էլ հիմա են անում: Ամեն ինչ մի պատկերի մեջ պետք է դիտարկել: Հիշո՞ւմ եք` ասում էր. ճանապարհներին ամեն տեղ խաչեր են, պետք է հանել այդ խաչերը. դա խաչի թշնամին է: Եկեղեցի-ազգային արժեքներ, մշակույթ, պատմություն, ընտանիք, ազատ ու արժանապատիվ քաղաքացի, բանակ․ այս կարեւորագույն սյուները սղոցում է»,- նկատում է հոգեւոր հովիվը:

Նա շեշտում է, որ ազգը քնի մեջ է, շատ բաներ չի հասկանում, որովհետեւ այնքան են տեղեկատվությամբ խեղդում հասարակությանը, որ չի կարողանում կենտրոնանալ, հասկանալ, թե ինչ է կատարվում: Եկեղեցու վրա հարձակումն էլ ստիպում է, որ եկեղեցին իր խնդիրների մեջ խորանա՝ դատարաններ եւ այլն, որ չկարողանա հակազդել այդ գործընթացներին: «Երկրի հակառակ կողմը» գիրքը լրիվ այլասերվածություն է, այդ մարդը սրբությունից խոսելու իրավունք ունի՞: Այդ գիրքն իր հոգու էությունն է. մենք գրում ենք այն, ինչ կա մեր հոգու ներսում: Հիմա ինքն իր ներսի մաղձն է հանել գրել: Ուզում եմ հիշեցնել առաջին նախագահի խոսքն այն մասին, որ մեզ բանակ պետք չէ, 10 հազար հոգի լինի՝ հերիք է, թուրքերի հետ քիրվայություն կանենք, կապրենք: Ինքն ասում էր՝ տղա եք, Ղարաբաղը պահեք: Հիմա սա չի՞ իրագործում իր նախորդի ծրագիրը»,- նկատում է Տեր Ահարոնը:

«Այս բոլոր գործողությունները պետք չէ դիտարկել առանձին, բոլորը մի պատկերի մեջ են տեղավորվում. ինքը չորս կողմից հարձակվում է, որ դու չիմանաս, թե որ կողմից պաշտպանվես, չհասկանաս՝ ինչն է խնդիրը, չհասցնես պայքարել»: «Եկեղեցին շատերի համար կարմիր գի՞ծ է, թե՞ դա միայն թվում է, ու Փաշինյանը կարող է հաջողել իր այս պայքարում»․ մեր հարցին հոգեւորականը պատասխանում է. «Եկեղեցին ինքնին Քրիստոսի Մարմինն է, այսինքն, Եկեղեցու գլուխը Հիսուսն է: Հիսուսն ասաց՝ Ես հաղթեցի աշխարհին, դա նշանակում է՝ Եկեղեցին անպարտելի է: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրոնային կամ թվային անձնագրերի պարտադիր կարգը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ թվային անձնագիրը, ինչո՞վ է տարբերվում նախորդ փաստաթղթերից եւ, առհասարակ, փաստաթու՞ղթ է արդյոք, ի՞նչ հնարավոր ռիսկեր ու վտանգներ է քողարկում: Այն ստանալը պարտադիր է, իսկ որոշակի սարքավորումներով կահավորված տարածքներում ներկայացնելը` ո՞չ պարտադիր: Եթե այն անձը հաստատող փաստաթուղթ է, ուրեմն այն մշտապես պետք է անձը կրի իր հետ, բայց այս դեպքում, կարծես, սկզբունքներն ու մոտեցումներն այլ են: Պարտադրողները փորձում են իրենց նախաձեռնությունն ավելի ակնահաճո եւ ընդունելի դարձնել` իրենց հայրենիքը սիրող միամիտ մարդկանց համար, եւ այդ փաստաթուղթը «ողողել են» ազգային խորհրդանիշներով եւ հայկական զարդանախշերով, որոնք խոսում են ամեն հայի սրտի եւ հոգու հետ: Այս փաստն էլ ավելի է մղում զգոնության եւ նյութի խորը քննության: Անձնագրերի այս թվային սերունդը «հին ու բարի» սոցիալական քարտերի օրինական ժառանգներն են: Ժամանակին քրիստոնյաները պայքարում էին սոցիալական քարտային համակարգի ներդրման դեմ` նաեւ այն պատճառով, որ այն պատված էր վտանգավոր կռապաշտական, դիվային խորհրդանիշներով՝ հասկանալի միայն քրիստոնյաների համար, որոնց չէր կարող խաբել «աղավնու գլուխը»: Աստվածավախ ու հայրենասեր քրիստոնյաները ստորագրահավաքներ էին կազմակերպում, հետո այդ ստորագրությունները կապոցներով անհետանում էին: Արդյո՞ք այս դեպքում եւս չկա պայքարի անհրաժեշտություն: Սրանք հարցեր են, որ ունեն պատասխաններ գիտակից քրիստոնյաների համար եւ սեփական մարդկային էությունն ու արժանապատվությունը հարգող ամեն անհատի համար: Քրիստոնյա հավատացյալ մեր քույրերին ու եղբայրներին հորդորում եմ՝ հեռու մնալ այս կենսաչափական անձնագիր կոչվածից, այդպիսի անձնագրեր ունեցողներին արտերկրում մարդ չեն անվանում, այլ՝ բիոօբյեկտ: Մերժեք, որպեսզի չդառնաք թվային հասարակության մաս, ինչի հետեւում սատանան է կանգնած: Երաշխիք չկա, որ, այսպես կոչված, նոր սերնդի անձնագրի նոր սերնդի լուսանկարչական սարքը նկարվելու ժամանակ սատանայի դրոշմ չի դնի ձեր ճակատին:
Բայց մի հետաքրքիր բան ասեմ, ինքը՝ այս հրեշը, ինքն իր վախճանի տակ ստորագրեց, երբ ասաց. «Սուրբ Գրքում գրված է՝ ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, դուք էլ նույնն արեք իրենց: Ես անում եմ այն, ինչ ուզում եմ, որ ինձ հետ անեն»: Դա ինքն ասաց, դրանք շատ վտանգավոր խոսքեր են: Թերեւս ինքը մտածված է դա ասել, թե՝ ես դատում եմ, թող ինձ էլ դատեն, որ գոնե կենդանի մնա` չգիտեմ: Եթե այդպես է, ինքը դրա պատասխանը ստանալու է, նա այդ խոսքն ասել է, ու իր դատավճիռն իր իսկ խոսքով են կայացնելու»,-եզրափակեց Տեր Ահարոնը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ընդդիմադիր ուժերը պետք է հասկանային, որ այս փուլն անխուսափելիորեն գալու է

«Հրապարակ»․ Ընդդիմադիր ուժերը պետք է հասկանային, որ այս փուլն անխուսափելիորեն գալու է Wed, 14 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով