Չորեքշաբթի , 14 Հոկտեմբերի 2026

Մի կաթիլ մեղրը (չքաղաքականացնել)

Մի կաթիլ մեղրը (չքաղաքականացնել)

Wed, 14 Oct 2026 18:45:03 +0400


Որպեսզի Հայաստանի ներքաղաքական կյանքում խաղաղություն հաստատվի, քաղաքականությամբ պիտի զբաղվի միայն ՔՊ-ն: Երբ ՔՊ-ից բացի որեւէ քաղաքական ուժ կամ կազմակերպություն քաղաքականությամբ է զբաղվում, ՔՊ-ն, ժողովրդական խոսքով ասած, «ժոգ» է ընկնում, անզորությունից իրեն պատերով տալիս: Պատճառը ՔՊ-ի՝ քաղաքական ասելիք չունենալն է: Առհասարակ՝ ասելիք չունեն, իսկ քաղաքական ասելիք՝ առավել եւս:

Մի հասարակ օրինակ բերեմ: ՔՊ-ն որոշել է Երեւանի թաղերում ապամոնտաժել քաղաքապետ Ավինյանի տված թույլտվություններով կառուցված շինությունները: Հենց տրակտորները բերել են, որ քանդեն, այդ շինությունների տերերը միանգամից սկսել են քաղաքականությամբ զբաղվել: Արդեն թաղապետ են ծեծում, հիշում Ավինյանին: Իսկ որտեղ կռիվ՝ այնտեղ փլավ չեն բաժանում: Խոսքը խոսք է բերում ու… Է՛լ ՔՊ, է՛լ Նիկոլ… Այս մասին իմանում են ընդդիմադիր պատգամավորները, հավաքվում կռվողների գլխին, մի քանի թունդ խոսք էլ իրենք են ասում, եւ հասարակ հարցը, որ կարող էր լուծվել բնակիչների հետ նախնական զրույցներով ու փոխհատուցման համաձայնություն ձեռք բերելով, դառնում է ներքաղաքական խնդիր: Մինչդեռ, ինչպես ասացի, ՔՊ-ին քաղաքականությամբ զբաղվողներ պետք չեն: Իսկ այն շինթույլտվությունները, որ քաղաքացիներն ստացել են Ավինյանի համաձայնությամբ ու ստորագրություններով, ընդամենը, սատանայի ականջը խուլ, պետական-պաշտոնական ընտրակաշառքներ են եղել, որոնց պիտանելիության ժամկետն արդեն սպառվել է կամ սպառվելու վրա է: Այլ խոսքով՝ քաղաքացիները պարտավորվել են՝ ա) քաղաքականությամբ չզբաղվել, բ) ձայն տալ ՔՊ-ին (նաեւ՝ Ավինյանին), իսկ ՔՊ-ն (նաեւ՝ Ավինյանը) նրանց թույլ է տվել քոլիկ-մոլիկ սարքել հանրային սեփականություն հանդիսացող տարածքների վրա: Եվ հիմա, փոխանակ դատախազությունը զբաղվի կաշառք տալ-վերցնելու այս աղմկահարույց գործով, թաղապետերն ու քաղաքացիներն են զբաղվում հաշիվներ մաքրելով: Թե բա՝ դուք քանի՞ գլխանի եք, որ Ավինյանի ստորագրությամբ թուղթը հաշվի չեք առնում ու քանդում եք մեր շինությունները՝ ՔՊ-ական թաղապետերին ասում են քաղաքացիները: Թաղապետերն էլ վեր-վեր են թռչում, թե այս ամենը պայմանավորված է հանրային գերակա շահով: Ո՛չ, սիրելի քաղաքացիներ եւ թաղապետեր, սա ընտրակաշառքի գործ է, որ կամաց-կամաց ելնում է ջրի երես:

Մի քանի խոսք էլ Ավինյանի ձեռքից ընտրակաշառք վերցրած մեր սիրելի քաղաքացիների, ավելի ճիշտ՝ համաքաղաքացիների մասին: Սիրելի երեւանցիներ, Հայաստանի Հանրապետության տարածքում դուք, երեւի, առաջինն եք իմացել, որ ընտրակաշառք վերցնելն ու դրա համեմատ քվեարկելը քրեական հանցագործություն է: Դուք, որպես քաղաքականապես առավել հասուն մարդիկ, միշտ առաջինն եք տեղեկանում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու որոշումներին, ավելի լավ եք ճանաչում ՔՊ-ական վերնախավին, քան «հեռավոր» մարզերի բնակիչները: Հետեւաբար, դուք պարտավոր էիք իմանալ, որ ՔՊ-ի հետ ձեր բոլոր խաղերն ավարտվելու են խայտառակությամբ կամ հետապնդումներով: Եվ, ուրեմն, ինչո՞ւ համաձայնեցիք ձայն տալ Ավինյանին, իսկ ավելի ուշ՝ նաեւ Նիկոլին: Շատ խելք պետք չէ, չէ՞, հասկանալու համար, որ ընտրակաշառք եք վերցրել շինթույլտվության տեսքով ու ձայն եք տվել: Մի զարմացեք: Դուք մենակ չեք: Գիտե՞ք, թե Ավինյանը նախընտրական շրջանում այդպիսի ինչքան ընտրակաշառք է բաժանել տարբեր, մի քանի հնդիկ գործավոր ունեցող կազմակերպությունների… Է՛լ փողոց քանդելու, է՛լ ասֆալտը կարկատելու, է՛լ խողովակ փոխելու, է՛լ շենք սարքելու թույլտվությունների տեսքով: Այնպես որ, սիրելի համաքաղաքացիներ, եթե ձեր թաղերում դատախազի շորերով մարդիկ երեւան, իմացեք, որ դատախազությունը վերջապես արթնացել ու սկսել է զբաղվել պետական-պաշտոնական ընտրակաշառքների գործով:

Ի՞նչ անել, երբ ընտրակաշառք տվող կողմը հետ է պահանջում (վերցնում) տվածը: Նորմալ երկրներում ընտրակաշառք վերցնող (պահանջող) կողմը, գործը բացվելուց մեկ օր առաջ, ներկայանում է դատախազություն եւ ամեն ինչ պատմում քննիչներին: Դուք, սիրելի երեւանցիներ, հանկարծ այդպիսի բան չանեք: Թողեք, թող քանդեն ձեր շինությունները եւ շառները քաշեն: Ավելի լավ է կորցնեք այդ շինությունները, քան ձեր կյանքի մնացած մասն անցկացնեք բանտում, որպես ընտրակեղծարարություն հրահրողներ: Ավինյանը գուցե վախենա, բայց Նիկոլը դա հաստատ կկազմակերպի, հանկարծ չկասկածեք:

ՀԳ. ՔՊ-ի հետ խաղերի մեջ մտած բոլոր հայաստանցիներին… Սիրելի հայրենակիցներ, ցավով եմ ասում, բայց ձեզ հասնում է: Դուք միմյանց արժեք:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով