«Հրապարակ»․ Աճարկուտի եւ Ակնաղբյուրի դպրոցների փակվելը խնդիրներ է առաջացնելու
Thu, 15 Oct 2026 11:15:42 +0400

Առաջիկայում Իջեւան համայնքի Աճարկուտ եւ Ակնաղբյուր գյուղերի հիմնական դպրոցները միավորվելու են այլ դպրոցների հետ, այսինքն՝ փակվելու են։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին դպրոցական ավտոբուսներով երթեւեկելով՝ ցույց տվեց Ակնաղբյուր գյուղից դեպի Լուսաձոր գյուղի կրթահամալիր, Աճարկուտ գյուղից դեպի Կիրանցի հիմնական դպրոց տանող ճանապահները, չափեց, թե այդ երթուղիներով ավտոբուսով երթեւեկելն ինչքան կտեւի։ Նա գովազդում էր դպրոցական ավտոբուսները, որ դրանք տեխնիկապես այնպես են նախագծված, որ առավելագույնը ժամում 60 կիլոմետր արագությամբ ընթանան, ավտոբուսներում օդորակիչներ են տեղադրված, ուղեւորների համար ամրագոտիներ կան, դպրոցական ավտոբուսների վարորդները փորձառու են, հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված։ Իրեն զբոսավարի տեղ դրած Նիկոլ Փաշինյանը Աճարկուտից Կիրանցի դպրոց ճանապարհին հարցնում էր ավտոբուսում գտնվող երեխաներին․ «Ասեք, էրեխեք, ի՞նչ տպավորություն է։ Լա՞վ ավտոբուս ենք առել ձեր համար»։ Նա երեխաներին ներկայացնում էր Կիրանցի դպրոցի առավելություները, ֆուտբոլի, վոլեյբոլի խաղահրապարակների առկայությունը, փորձում էր դպրոցների միավորումը որպես կրթության առաջընթաց ներկայացնել․ «Սա մեր կրթական բարեփոխումների կարեւոր ուղղություններից մեկն է, որովհետեւ մենք կարծում ենք, որ կրթական ամբողջական միջավայր պետք է ձեւավորվի, նոր եւ որակյալ ֆիզիկական, բովանդակային ենթակառուցվածք»։
Դպրոցական նոր շենքերը, շենքային բարվոք պայմանները, իհարկե, շատ կարեւոր են, սակայն դրանք ինքնին հանրակրթության բարձր որակ չեն ապահովում։ Աճարկուտ եւ Ակնաղբյուր գյուղերի հիմնական դպրոցների փակումը բացասաբար է ազդելու այդ փոքր գյուղերի զարգացման վրա։ Բացի այդ, մի շարք խնդիրներ են առաջանալու։ Ներկայում Աճարկուտի հիմնական դպրոցն ունի 10 աշակերտ, 12 ուսուցիչ, Ակնաղբյուրի դպրոցը՝ 15 ուսուցիչ, 35 աշակերտ։ Աճարկուտի եւ Ակնաղբյուրի հիմնական դպրոցների փակումից հետո այդ դպրոցների ուսուցիչներից, աշխատակիցներից քանի՞սն են գործազուրկ դառնալու։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ի իր ուղիղ եթերում նշել է, որ դպրոցների միավորումից հետո աշխատանքի տեղավորման հարցում առավելությունը տրվելու է այն ուսուցիչներին, ովքեր կամավոր ատեստացիա են անցել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հոկտեմբերի 6-ին հարցում եմ արել․ «Աճարկուտի եւ Ակնաղբյուրի հիմնական դպրոցների միավորումը ե՞րբ է լինելու, այդ միավորումից հետո աշխատակիցներից քանի՞սն են անգործ դառնալու։ Աճարկուտցի եւ ակնաղբյուրցի դպրոցականներին դպրոցից վերադարձնող ավտոբուսները ո՞ր ժամին են վերադառնալու Կիրանցից եւ Լուսաձորից, եթե առաջին դասարանցիները դասերն ավարտում են 4-րդ դասաժամով, իսկ 9-րդ դասարանցիները՝ 7-րդ դասաժամով, չհաշված աշակերտների կողմից խմբակներ հաճախելը, նախագծային աշխատանքներ անելը եւ այլն»։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի N 714-Ն որոշման եւ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխությունների՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական դպրոցների հիմնադրի լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը»։
Նույն հարցերն ուղղել եմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սպասում եմ պատասխանի։ Մինչեւ 2024 թվականը տարբեր պաշտոնյաների կողմից բանավոր խոստումներ էին տրվել, որ Կիրանցի դպրոցի նոր շենքի գործարկումից հետո Կիրանցի դպրոցը ստանալու է միջնակարգ դպրոցի կարգավիճակ, Աճարկուտ, Կիրանց գյուղերի բնակիչ ավագ դասարանցիները սովորելու են Կիրանցի դպրոցում։ Ներկայում նրանք ամեն աշխատանքային օր մեկնում են Ներքին Ծաղկավանի եւ Սարիգյուղի դպրոցներ: Սակայն իշխանությունն այդ պարզ խնդիրը չլուծեց, եւ պետական բյուջեից տարեկան 373 հազար դրամ է հատկացվել Աճարկուտ եւ Կիրանց բնակավայրերի 7 ավագ դասարանցիների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր