Որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի
Fri, 16 Oct 2026 10:15:07 +0400

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տարածքների փոխանակման շուրջ երկու հասարակությունների համար ընդունելի լուծման հասնելը կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը։
Լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ անկլավների և էքսկլավների առկայությունը, նույնիսկ տեխնիկական տեսանկյունից, լրացուցիչ բարդություններ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերություններում։
Միրզոյանի խոսքով՝ այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում քննարկել հնարավոր լուծումները՝ նպատակ ունենալով խուսափել այնպիսի որոշումներից, որոնք կարող են բարդացնել երկու ժողովուրդների առօրյա կյանքը։
ԱԳ նախարարի խոսքով՝ կա նաև փոխըմբռնում, որ սահմանազատման գործընթացի շրջանակում որոշ տարածքների հարցերի քննարկումը կարող է անհրաժեշտ լինել նախատեսված հերթականությունից ավելի առաջ բերել։ Նման մոտեցումը հատկապես կարևոր է այն հատվածներում, որտեղ նախատեսվում է ենթակառուցվածքների կառուցում կամ անցկացում, որպեսզի հետագայում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան։
«Կա ըմբռնում, որ սահմանազատման հարցում որոշ տարածքների դեպքում գուցե արագացնելու, հերթից առաջ գցելու անհրաժեշտություն լինի»,-հավելեց Միրզոյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր