«Հրապարակ». Թիրախավորելով Եկեղեցին՝ իշխանությունը փորձում է ստեղծել հանրային համախմբման նոր առանցք
Fri, 16 Oct 2026 12:15:50 +0400

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Մելքոնյանի հետ
– ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ «մի խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, նենց շոու ենք սարքել»: Դուք համաձա՞յն եք, որ չարժեր մեծ աղմուկ բարձրացնել Շաքիի միջադեպից։
– Գիտեք, պետականության եւ անվտանգության հարցում չկան եւ չեն կարող լինել երկրորդական կամ անհետեւանք միջադեպեր: Երբ խոսքը վերաբերում է հակառակորդի կողմից մեր պետական սահմանի հատմանը, յուրաքանչյուր նման դեպք պետք է դիտարկվի բացառապես անվտանգային եւ պետականության տեսանկյունից: Ցանկացած զինված կամ անզեն ներթափանցում մեր ինքնիշխան տարածք՝ անկախ նրանից, թե ինչպես դա կորակվի քաղաքական կամ անհատական հայտարարությունների մակարդակում, հանրության մոտ արդարացիորեն առաջացնում է լուրջ մտահոգություններ եւ հարցեր: Երբ երկրի անվտանգության համար պատասխանատվություն ստանձնած անձինք հակառակորդի կողմից պետական սահմանի հատումը որակում են շոու, իսկ տարիներ առաջ էլ հույսը դնում էին թշնամու «սոված մնալու եւ հեռանալու» վրա, մենք գործ ունենք չափազանց վտանգավոր երեւույթի հետ։ Սա սեփական անկարողությունը կոծկելու, պետական սահմանի արժեքը նսեմացնելու եւ հանրային դիմադրողականությունը բարոյալքելու կործանարար քաղաքականություն է։ Պետական անվտանգության համակարգը չի կարող հենվել պատահականությունների, հույսերի կամ անհատների զգացմունքային գնահատականների վրա: Սահմանապահ համակարգն ու զինված ուժերը պետք է գործեն անխափան, իսկ պաշտոնական հռետորաբանությունը պետք է լինի զուսպ, պրոֆեսիոնալ եւ պետական մտածողություն արտահայտող: ՀՀ պետական սահմանը սրբություն է. Յուրաքանչյուր ոտնձգություն՝ անգամ մեկ մետրի վրա, պետականության դեմ ուղղված հարված է։
– Իշխանությունը միջամտում է Հայոց եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը, հիմա էլ Եկեղեցու դեմ պայքարի հանձնաժողով են ստեղծել: Կհաջողվի՞ այս իշխանությանը՝ քանդել Եկեղեցին, Եկեղեցու դեմ մյուս ոտնձգություններն ավարտվեցին հանրության դիմադրությամբ:
– Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները հաճախ են փորձում սեփական ձախողումներն ու լեգիտիմության պակասը ծածկել ազգային հիմնարար ինստիտուտների վրա հարձակումներով։ Այսօր ականատեսն ենք դառնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ թիրախավորված, համակարգված եւ աննախադեպ ագրեսիվ արշավի։ Սակայն պատմական փորձը, հասարակական տրամաբանությունն ու ազգային գիտակցությունը փաստում են մեկ պարզ ճշմարտություն. այս պայքարում իշխանությունները դատապարտված են ձախողման: Այս պայքարի ապարդյունությունը կանխորոշված է նախեւառաջ խորքային ինստիտուցիոնալ անհամաչափությամբ։ Քաղաքագիտական դասական տեսության համաձայն՝ ցանկացած քաղաքական իշխանություն ընդամենը ժամանակավոր վարչախումբ է, որի լեգիտիմությունը փոփոխական է, կախված ընտրություններից, քաղաքական իրադարձություններից եւ հանրային տրամադրությունների տատանումներից։ Դրան հակառակ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատմական ինստիտուտ է, որը հայոց պետականության բացակայության դարերում ստանձնել եւ իրականացրել է պետականակերտ ու պետականապահպան գործառույթներ։ Իշխանության փորձերը՝ Եկեղեցին տեղավորել սովորական քաղաքական ընդդիմադիր դերակատարի կամ հասարակական կազմակերպության տրամաբանության մեջ, վկայում են քաղաքական համակարգի խորքային ըմբռնման բացակայության եւ դատարկության մասին։ Կարճաժամկետ քաղաքական տեխնոլոգիաներն ու PR արշավներն անկարող են չեզոքացնել դարերով ձեւավորված պատմամշակութային եւ հոգեւոր ազդեցությունը, քանի որ քաղաքական թիմերը գալիս են եւ գնում, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կանգուն է մնացել դարերով: Միեւնույն ժամանակ, ցանկացած քաղաքական ուժ Եկեղեցու դեմ պայքարում բախվում է սոցիալական կապիտալի լուրջ անհամաչափության եւ լեգիտիմության ճգնաժամի։ Իշխանական լեգիտիմությունը, որն արդեն իսկ ենթարկվել է էրոզիայի՝ արտաքին ու ներքին ճգնաժամերի հետեւանքով, չի կարող մրցակցել Եկեղեցու հանրային վստահության հետ։ Երբ քաղաքական ուժը փորձում է հանրությանը կանգնեցնել «իշխանություն, թե Եկեղեցի» արհեստական ընտրության առջեւ, չեզոք եւ տատանվող զանգվածների մեծ մասը բնազդաբար հակվում է դեպի ավանդական, կայունության սիմվոլ հանդիսացող ինստիտուտը, ինչի արդյունքում իշխանությունը ոչ թե թուլացնում է Եկեղեցին, այլ էլ ավելի է խորացնում սեփական մեկուսացումը հանրության ավանդապաշտ եւ ազգային հատվածից։ Այս ամենին գումարվում է ինքնության կոդի թիրախավորման հետեւանքով առաջացող բումերանգի էֆեկտը, քանի որ Հայ առաքելական եկեղեցին հանրային գիտակցության մեջ ընկալվում է ոչ թե որպես լոկ կրոնական կառույց, այլ որպես ազգային ինքնության, լեզվի, մշակույթի եւ պատմական հիշողության անբաժանելի մաս։ Քաղաքական հարձակումները Եկեղեցու դեմ հանրային ընկալման մեջ փոխարկվում են որպես հարձակում ազգային ինքնության հիմքերի վրա՝ ակտիվացնելով հասարակության ինքնապաշտպանական մեխանիզմները։ Թիրախավորելով Եկեղեցին՝ քաղաքական իշխանությունն ակամայից ստեղծում է հանրային համախմբման նոր առանցք: Պատմահամեմատական վերլուծությունը նույնպես փաստում է այս ընթացքի անհեռանկարայնությունը, քանի որ անգամ տոտալիտար ռեժիմները, որոնք տիրապետում էին բացարձակ վերահսկողության եւ բռնաճնշումների հսկայական ապարատի, չկարողացան արմատախիլ անել Եկեղեցու դերը հայ հասարակությունից։ Ժամանակակից տեղեկատվական հասարակությունում, որտեղ վարչական լծակները սահմանափակ են, Եկեղեցին լուսանցք մղելու կամ նրա դերը նվազեցնելու փորձերը կրկնակի անհնարին են, իսկ հակաեկեղեցական հռետորաբանությունն այսօր չունի գաղափարական այն հենքը, որը կարող է փոխարինել դարերով ձեւավորված հոգեւոր-մշակութային համակարգին։ Վերջապես, չպետք է անտեսել նաեւ համահայկական չափումը եւ Սփյուռքի գործոնը, քանզի Հայ առաքելական եկեղեցին միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինստիտուտ չէ, այլ համահայկական ցանցային համակարգի առանցքը։ Սփյուռքի կառույցները, համայնքային կյանքն ու ինքնության պահպանումը մեծապես հենված են թեմական եւ հոգեւոր ցանցի վրա, եւ Եկեղեցու դեմ ներքաղաքական պայքարը լուրջ հարված է հասցնում Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ էլ ավելի թուլացնելով պետության արտաքին քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսն ու ստեղծելով լրացուցիչ ռազմավարական խոցելիություն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարը քաղաքական մեծագույն կուրություն է։ Իշխանությունները, մտնելով այս վտանգավոր հակամարտության մեջ, պայքարում են ոչ թե կոնկրետ հոգեւորականների կամ ինստիտուտի, այլ սեփական ժողովրդի պատմական հիշողության եւ ինքնության դեմ։ Քաղաքական հռետորաբանությունն ու ժամանակավոր լծակները չեն կարող հաղթել դարերի փորձությունն անցած Վեմին։ Այս պայքարում իշխանությունները հաջողություն չեն ունենալու, որովհետեւ անցողիկն անկարող է հաղթել հավերժականին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր