Ի՞նչ նվեր է պատրաստել Սամվել Կարապետյանը Գյումրիին․ Ինչի՞ մասին էր ստորագրված հուշագիրը
Sat, 17 Oct 2026 19:32:20 +0400

Այսօր Գյումրու օրվա առթիվ կազմակերպված մեծ համերգի բեմից, որը կազմակերպել էր «Տաշիր» գրուպը, ելույթով հանդես եկավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ շնորհավորելով գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ։ Իր խոսքում նա անդրադարձավ տնակներում ապրող գյումրեցիների բնակարանային խնդրին, կառավարության ծախսերին և Գյումրիի համար նախատեսվող նոր ծրագրերին։
«Այսօր շատ կուզեի գալ և պատմել, թե որքան բնակարան են ստացել տնակներում ապրող մարդիկ, ինչ նոր ծրագրեր ենք նախատեսում իրականացնել։ Սակայն տեսնում ենք, որ վերջին օրերին մեր երկրում այլ ճանապարհով են գնում։
Փոխանակ Գյումրիում լուծվի հազարավոր գյումրեցիների՝ տնակներում ապրելու խնդիրը, մեր կառավարությունն այս պահին 30 միլիոն դոլար է ծախսում COP միջոցառման վրա։ Մենք հաշվարկել ենք, որ այդ գումարով հնարավոր կլիներ հազար գյումրեցի ընտանիքի բնակարանով ապահովել։
Ինչո՞ւ է բարերարն օգնում քաղաքին, որպեսզի քաղաքի օրը փայլի։ Որովհետև քաղաքը պետք է խնայի իր միջոցները, որպեսզի գյումրեցիների համար բնակարաններ կառուցի և բաժանի։
Նաև ուզում եմ մի բան ասել։ Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրիի համար։
Երբ նախընտրական շրջանում գալիս էինք, ասում էին՝ միշտ ընտրություններից առաջ են գալիս։ Ընտրություններն անցել են, այլևս ընտրություն չկա, բայց մենք եկել ենք մեր սիրելի քաղաքի կողքին կանգնելու և նրան մի լավ նվեր մատուցելու համար։Ո՞րն է այդ նվերը։
Գյումրի եկող ցանկացած մարդ առաջին հերթին քայլում է Քրքրքորյանի` Ալեքսանդրովսկի փողոցով։ Այդ փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է՝ միջազգային չափանիշներին համապատասխան, և դուք կտեսնեք, որ այն կդառնա զբոսաշրջային ակտիվ գոտի։նՇնորհավորում եմ, սիրելի՛ գյումրեցիներ։ Մենք իրար հետ ենք, սկսել ենք միասին և միասին էլ հասնելու ենք նրան, որ բոլորս ապրենք միավորված, ուժեղ Հայաստանում»։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրու համայնքապետարանում քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի միջև հուշագիր է ստորագրվել։ Արդեն իսկ հասկանալի է, որ հուշագիրը վերաբերում էր Գյումրիին Սամվել Կարապետյանի պատրաստած նվերին՝ Ալեքսանդրովսկի փողոցի ամբողջական բարեկարգմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր