Ինչ իրավիճակ է այս պահին
Sun, 18 Oct 2026 13:00:41 +0400

Եվրոպական մի շարք երկրներում շարունակվող բողոքի ցույցերն ուղեկցվում են բախումներով, հրդեհներով և շենքերի ավերումներով։ Հոկտեմբերի 17-ի անկարգությունների ընթացքում հատկապես լուրջ վնասներ են արձանագրվել Ֆրանսիայում, Իտալիայում և Ալբանիայում։
Ֆրանսիա, Լիմոժ․ հրդեհվել է 143-ամյա քաղաքապետարանի պատմական շենքը։ Կրակից փլուզվել է տանիքը, իսկ շինությունը զգալի վնասներ է կրել։ Տեղական իշխանությունները կատարվածը որակել են որպես պատմական ժառանգության համար աղետալի կորուստ։
Ֆրանսիա, Լիոն․ հրկիզվել է քաղաքի զբոսաշրջային գրասենյակը։ Մարսելում ցուցարարները ներխուժել են քաղաքապետարանի շենք և պատերը ներկել անարխիստական նշաններով։
Իտալիա, Միլան․ բախումները տեղի են ունեցել աշխարհահռչակ Դուոմոյի տաճարի հարակից հրապարակում և տարածվել դեպի պատմական Գալերիա Վիտորիո Էմանուելե II առևտրային պատկերասրահ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, խանութները փակվել են, իսկ զբոսաշրջիկները հեռացել են տարածքից։
Ալբանիա, Տիրանա․ հրդեհվել են Կրթության նախարարության շենքը և բանկի մասնաճյուղը, վնասվել են այլ առևտրային օբյեկտներ ու քաղաքային ենթակառուցվածքներ։ Բողոքի մասնակիցները հարձակվել են պետական կառույցների վրա, իսկ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ի՞նչ իրավիճակ է հիմա
Հոկտեմբերի 18-ի դրությամբ անկարգությունների հետևանքները շարունակում են մնալ եվրոպական մի շարք քաղաքների օրակարգում։ Ֆրանսիայում հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, իսկ Իտալիայում և Ալբանիայում ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ։ Իշխանությունները փորձում են վերականգնել հասարակական կարգը, մինչդեռ բողոքի շարժումները շարունակվում են։
Ամենամեծ վնասներից մեկը կրել է Ֆրանսիայի Լիմոժ քաղաքի պատմական քաղաքապետարանը, իսկ Լիոնում և Տիրանայում հրդեհվել են հանրային նշանակության շենքեր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր