Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Wed, 21 Oct 2026 16:15:50 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանն այսօր ձերբակալվել է: «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն իր էջում գրել է. «Վաղ առավոտյան ականատես եղանք ժողովրդավարության հերթական դրսևորմանը, Ստեփանավանում լայնածավալ քաղաքական հետապնդումներ են, ձերբակալություններ։ Ձերբակալվել է շուրջ 14 հոգի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներից և կուսակիցներից, այդ թվում նաև «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանը։ Երեկ էի ես Ստեփանավանում և տեսել էի, թե ինչքան է ժողովուրդը սիրում նրան, ինչ ջերմությամբ են նրան ընդունում։ Եվ այսօրվա վարքագիծը իշխանությունների վախի հերթական դրսևորումն է։ Դուք որևէ կապ չունեք ժողովրդի հետ, դուք որևէ կապ չունեք ժողովրդավարության հետ»։
Այսօր վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացվում Ստեփանավանի տարածաշրջանում` «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների բնակարաններում, գրասենյակներում: Ձերբակալվել է 14 անձ։ Նկատենք, որ այս ՏԻՄ ընտրություններն աննախադեպ են նրանով, որ ընդդիմադիր ուժերի նկատմամբ այնպիսի ճնշումներ են գործադրվում, որ շատ համայնքներում նրանք հրաժարվում են առաջադրվել, իսկ որտեղ առաջադրվել են իշխանության սպառնալիքի ազդեցության տակ թեկնածուները համատարած ինքնաբացարկներ են ներկայացնում` դուրս գալով ավագանու ցուցակից: Այդ մասին անգամ իշխանական գործիչ Դանիել Իոաննիսյանն է գրում: Օրինակ, նա գրել էր, որ Արմավիրի մարզպետը սպառնացել է ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցչին, որի որդին բանակում է ծառայում եւ նա հրաժարվել է առաջադրվելուց:
«Հայաքվե» քաղաքական նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով թեմայի մասին, ասում է. «Ես հենց հիմա Գորիսում եմ: Ինչպես գիտեք, մենք և «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում ենք դաշինքով: Գորիսի ՏԻՄ ընտրություններում մեր դաշինքի ցուցակից արդեն չորս թեկնածու ինքնաբացարկ է հայտնել: Պատճառաբանությունները անձնական բնույթի են, մեկը ասում է` մտածեցի, փոխեցի որոշումս, մյուսը ասում է` չեմ ուզում, և այսպես շարունակ, բայց իրականում այդ որոշումները կայացրել են ճնշման ազդեցության տակ: Օրինակ, մեր երկրորդ համարի թեկնածուին աշխատանքից ազատել են: Նա աշխատում էր Instigate այթի ընկերությունում, իբրև թե կրճատվել է, բայց նման բան չէր կարող լինել: Չի կարող նման զուգադիպություն լինել, որ հենց մարդը որոշի թեկնածություն առաջադրել, աշխատավայրում կրճատման տակ ընկնի: Նա ստորաբաժանման ղեկավար է եղել: Նիկոլի իշխանության շրջանում այնպիսի երևույթների ենք ականատես եղել, որ էլ չենք զարմանում: Ինչ վերաբերում է քարոզարշավներին, ամեն ինչ նորմալ է, ժողովրդի հետ նորմալ շփումներ ենք ունենում Գորիսում: Նիկոլ Փաշինյանը երբեք պատահական գրառումներ չի անում, ամեն մի գրառման տակ կա մի ենթատեքստ: Հունիսի 7-ից շատ ժամանակ չի անցել, անգամ Եվրախորհրդարանը արձանագրեց, թե ինչ ծավալի խախտումներ են եղել: Այս մարդը ցանկանում է բոլոր ընդդիմադիր ուժերին չեզոքացնել, բայց երբ խոսքը իշխանությանն է վերաբերում, չկա որևէ արձագանք: Միայն լրագրողներն են ահռելի աշխատանք կատարում, միտինգների ժամանակ պարզում են, որ, օրինակ, մի ամբողջ մանկապարտեզի կոլեկտիվ է մասնակցում դրան, կամ` դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ: Մարդիկ անգամ գնում են իշխանության հավաքներին, և չգիտեն, թե որ ուժի հավաքն է: Դե իշխանությանն ամեն բան կարելի է»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր