Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է

Փաշինյանը հաստատում է, որ երկրում բացարձակ բռնապետություն է

Wed, 21 Oct 2026 18:45:52 +0400


ՏԻՄ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը դիմել է այն թեկնածուներին եւ ընտրողներին, որոնց նկատմամբ ապօրինի ճնշումներ են գործադրվում՝ առաջարկելով անձամբ դիմել իրեն եւ խոստանալով, որ ասվածը հիմնավորելու դեպքում նման գործողություն կատարած ցանկացած պաշտոնյա կպատժվի: Կարելի է վստահաբար ասել, որ որեւէ թեկնածու, եւ առավել եւս՝ ընտրող, նման նամակ չի գրի: Փաշինյանն էլ իրավունք կունենա հայտարարել, որ ընտրություններին մասնակցողների նկատմամբ ճնշումների մասին խոսակցությունները կեղծ էին, հորինված, Հայաստանում բացարձակ ժողովրդավարություն է տիրում: Մի պահ պատկերացրեք, որ նման կոչով հանդես գա Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը, քանի՞ նամակ նա կստանա իր էլփոստին: Այնքան, որքան Նիկոլ Փաշինյանը: Բայց ընկեր Ընը լուրջ մարդ է եւ ժողովրդավարության բեմականացման վրա ժամանակ չի վատնի:

Փաշինյանը հասկանում է, որ ինքը Հայաստանում բացարձակ բռնապետություն է հաստատել, դա այլեւս հնարավոր չէ որեւէ ձեւով քողարկել, որովհետեւ ՏԻՄ ընտրություններին գրեթե որեւէ ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցում՝ մի երկու փոքր բացառությունները չհաշված: Հայաստանում հաստատվում է բացարձակ միակուսակցական համակարգ, որովհետեւ, եթե ընտրությանը մասնակցում է միայն մեկ կուսակցություն, ստացվում է, որ կա՛մ այլ կուսակցություններ չկան, կա՛մ նրանց գոյությունը ձեւական է: Թե ինչու այլ կուսակցություններ ընտրություններին չեն մասնակցում, դրա մասին եւս Փաշինյանը շատ լավ գիտի․ իր՝ իշխանության գալուց հետո, նրա անմիջական հրահանգով եւ հանձնարարությամբ քրեական հետապնդման են ենթարկվել բոլոր այն համայնքապետերը, ովքեր հաղթել են ՔՊ-ին: Նրանց մի մասին թույլ չեն տվել վայելել իրենց հաղթանակը, եւ ընտրություններում հաղթելուց հետո գեթ մեկ օր չեն կարողացել համայնքապետ աշխատել, ինչպես Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ էլ շատ կարճ ժամանակ անց քրեական գործեր են հարուցվել, ինչպես` Բերդի, Գորիսի կամ Գյումրու քաղաքապետերի նկատմամբ: Կամ էլ ավագանու անդամներին գողանալու միջոցով գողացել են քաղաքապետի պաշտոնը` ինչպես Ալավերդիում: Փարաքարի համայնքապետն ավելի ողբերգական ճակատագրի արժանացավ` խիստ կասկածելի պայմաններում սպանվեց:

ՏԻՄ-երում բոլոր ապօրինությունները տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի հրապարակային կամ ոչ այնքան հրապարակային հրահանգների արդյունքում, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ արշավը, օրինակ, նա հրահանգում էր հրապարակայնորեն: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ է պատժել թեկնածուների կամ ընտրողների վրա ճնշում գործադրողներին: Նա մոռանում է, որ ընտրություններին անհատ թեկնածուներ չեն մասնակցում, այլ՝ կուսակցություններ: Անգամ ձեւական առումով ավելի տրամաբանական կլիներ, եթե նա դիմեր կուսակցություններին եւ կոչ աներ, որ կուսակցությունները դիմեն իրեն: Բայց նա դա չի անում, որովհետեւ այդ դեպքում հնարավոր է, որ կուսակցություններն արձագանքեն եւ իրեն ու հանրությանը ներկայացնեն ապօրինությունների եւ բռնաճնշումների մի հսկա շարան, որոնք հրահանգավորվել եւ ուղղորդվել են հենց իր կողմից:
Երբ երկրում տիրում է վախի եւ հետապնդումների մթնոլորտ, մարդիկ զրկված են իրենց սահմանադրական իրավունքները, այդ թվում` ընտրելու ու ընտրվելու իրավունքն իրացնելու հնարավորությունից, բռնապետի նման կոչերը ոչ թե զավեշտ են, այլ իրական վիճակի արձանագրում:

Եվ մի բան էլ. ես, իհարկե, որպես ընտրող, չեմ պատրաստվում դիմել Փաշինյանին, բայց կարող եմ ասել, որ իմ ընտրական իրավունքը ոտնահարված է, որովհետեւ զրկված եմ ընտրելու իրավունքից․ իր հաստատած բռնապետության հետեւանքով այն համայնքում, որտեղ ապրում եմ, բացի ՔՊ-ից, որեւէ այլ կուսակցություն ընտրություններին չի մասնակցում: Եվ մեր համայնքը բացառություն չէ, այլ՝ օրինաչափություն․ նման իրավունքից զրկված են հարյուր հազարավոր ընտրողներ, որոնք ժամանակ վատնելու եւ բռնապետին նամակ գրելու իմաստը չեն տեսնում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում»

Փաշինյանը` ինչպես Պիեռ Ռիշարի հերոսը «Ձախողակներում» Wed, 21 Oct 2026 17:15:19 +0400 2018-ին օխլոկրատիկ ընդվզումով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով