Աստծո ուխտի ու Եկեղեցու դեմ սուր վերցնողը նույն սրով է գնում
Thu, 22 Oct 2026 15:15:51 +0400

Մատթեոսի Ավետարանի 10-րդ գլխի 16-րդ համարում Հիսուսն իր աշակերտներին ասում է. «Ահա ես ձեզ ուղարկում եմ ինչպես ոչխարներ՝ գայլերի մեջ. արդ, եղե՛ք խորագետ (խելամիտ) ինչպես օձերը և միամիտ (անմեղ) ինչպես աղավնիները»։ Օձը խորհրդանշում է զգուշությունը, շրջահայացությունը, վտանգներն արագ նկատելու և դրանցից խուսափելու կարողությունը։ Այսինքն՝ պետք է լինել արթուն, խելամիտ և թույլ չտալ, որ քեզ խաբեն։ Բայց Քրիստոս միաժամանակ պատվիրում է լինել աղավնու պես անմեղ՝ բարի, մաքուր սրտով ու անվնաս։ Այս երկու հատկությունները պետք է լրացնեն միմյանց։ Պետք է լինել խելացի ու զգոն, բայց չկորցնել հոգու մաքրությունը։ Այդ մասին չգիտե՞ն մեր հոգևոր հայրերից ոմանք։ Այդ մասին չգիտե՞ր Արման Սարոյանը՝ նախկինում Գևորգ եպիսկոպոսը։ Չգիտե՞ր, որ աշխարհիկ կյանքում կան այնպիսի պայքարներ, որոնց մեջ մտնելով՝ կարող է կորցնել հենց այն, ինչին կոչված էր ծառայելու։
Չգիտե՞ր, որ եթե մոռանա Քրիստոսի պատգամը, կարող է հայտնվել մի միջավայրում, որտեղ հոգևոր արժեքները տեղ չունեն, իսկ անձնական շահերն ու իշխանության համար պայքարը Աստծո կամքը չէ։ Ինչո՞ւ սուր վերցրեց սեփական Եկեղեցու դեմ։ Ինչո՞ւ ներքաշվեց աշխարհիկ պայքարի մեջ։ Ինչո՞ւ դիմեց դատարան՝ իր պաշտոնը վերադարձնելու համար։ Այս հարցերը չե՞ն հուզում նրան։ Չե՞ն ստիպում վերանայել իր քայլերը։ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, կարճել է Արման Սարոյանի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը։ Դատարանը գտել է, որ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավասությունն են և Եկեղեցու ներքին կյանքի հարցեր, որոնք քաղաքացիական դատարանը քննելու իրավասություն չունի։ Դատարանը նաև վերացրել է նախկինում կիրառված սահմանափակումները, որոնք խոչընդոտում էին Մայր Աթոռին՝ կառավարելու թեմը։
Հիշեցնեմ, որ այդ դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար մեղադրյալի կարգավիճակ են ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս։ Սակայն այս պատմության ամենացավոտ կողմն ինձ համար այլ տեղ է։ Արման Սարոյանը, որպես եպիսկոպոս, Աստծո և Սուրբ Եկեղեցու առաջ ուխտ է արել, իսկ հիմա ստիպված ենք հարցնել՝ ի՞նչ եղավ այդ ուխտը։ Նրա ստորագրած ուխտում ասվում է. «Խոստանում և ուխտում եմ մինչև կյանքիս վախճանը հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին և հլու հնազանդությամբ անսասան մնալ Սուրբ Կաթուղիկե Մայր Աթոռի իշխանության և հրամանների ներքո»։ Նա նաև խոստացել է հնազանդ լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, չանցնել իրեն տրված իշխանության սահմանները և կրքերի կամ այս աշխարհի ցանկությունների պատճառով չխախտել Եկեղեցու կանոններն ու Հայրապետի հրամանները։ Կարդում ես այս խոսքերը և ակամա հարցնում՝ մի՞թե հնարավոր է նման ուխտ տալ, ապա վարվել այնպես, կարծես այն գոյություն չունի։ Արման Սարոյա՛ն, չէ՞ որ դուք ինքներդ եք ձեր ուխտում Աստծուն անվանել անսուտ Դատավոր։ Ուրեմն ինչո՞ւ մոռանալ, որ հոգևորականի պատասխանատվությունը միայն մարդկանց առաջ չէ։
Պաշտոնը կարելի է կորցնել, դատական գործը կարող է ավարտվել, բայց տված ուխտը չի անհետանում։ Քրիստոս իր աշակերտներին չէր պատվիրում գայլ դառնալ։ Նա նրանց չէր ասում՝ վերցրեք սուրն ու պայքարեք ձեր իսկ եղբայրների դեմ։ Նա պատվիրում էր լինել զգոն, բայց անմեղ։ Խելամիտ, բայց բարի։ Զգուշավոր, բայց հավատարիմ ճշմարտությանը։ Աստծո ուխտի, Եկեղեցու դեմ Սուր վերցնողը նույն սրով է գնում․․․
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր