«Արշալույսները» թվացյալ խաղաղ էին, կամ՝ Նիկոլի տեղաշարժվող աշխարհագրությունն ու «ֆռռիկները»
Thu, 22 Oct 2026 19:15:03 +0400

Լրագրողների հետ վարչապետի հերթական հարցուպատասխանը առաջին հայացքից թվում էր խաղաղ ու անցնցում` չկային սովորական հիստերիկ պոռթկումները, «իշմար» անելու «դասական» ժեստերը, բայց հանդարտության դիմակի տակ թաքնված էր սեփական ժողովրդին հիմարի տեղ դնելու, տրամաբանությունը ծաղրելու, ազգային կորուստները դատարկաբանության մեջ լղոզելու «մարտավարություն»։
Նախ, աչք զարնեց լրագրողական դաշտի անատամությունը։ Փոխանակ կարճ ու կոնկրետ հարցերով «պատին դեմ տալու», այս անգամ մրցում էին երկար-բարակ պատմական էքսկուրսների ու փիլիսոփայական վերլուծությունների մեջ։ Մեկը նույնիսկ սկսեց․ «Մինչ հարցիս բուն թեմային անցնելը, տեղեկացնեմ ձեզ…» գլուխգործոց նախադասությամբ։ Հիշում եք, չէ՞, նախորդ դարի նամակները․ «Մինչ նամակիս բուն բովանդակությանն անցնելը, նախ ընդունեք սրտիցս բխող ջերմ բարեւներս…»։ Իսկ երկարուձիգ հարցերը Նիկոլի փրկօղակն են` նա բռնում է մի երկրորդական բառի պոչից ու լսողին տանում սարուչոլերով՝ մոռացության տալով բուն նյութը։ Նա այս ասուլիսներն էլ անում է ոչ թե ժողովրդին իրերի իրական դրությունը ներկայացնելու համար, այլ աշխարհին, ժողովրդին ու սեփական թիմին ապացուցելու, որ ինքը… դեռ վարչապետ է։
Նորօրյա «գուրուն» հասել է այնպիսի աստվածային ինքնահիացմունքի, որ փորձում է վերասահմանել տիեզերքի ու պատմության օրենքները։ Հերթական «բոցը»` «Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի է ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա», այսինքն՝ հազարամյա հայոց պատմությունը, Արցախի հայրենազրկումն ու մեր կորուստները ոչինչ են, կարեւորն ինքն է, իր անձնական քմահաճույքն ու այն «ապագան», որն այսօր նկարում է՝ հայտարարելով, թե «Հայաստանն ու Ադրբեջանն իրար որեւէ պահանջ չպետք է ներկայացնեն»։ Մեկ նախադասությամբ, բարոյական ու քաղաքական նույն հարթության վրա է դնում հազարամյա հայկական Արցախի էթնիկ զտումն ու Ալիեւի հորինած «Արեւմտյան Ադրբեջան» քարոզչական կեղծիքը։ Ու դեռ մի բան էլ մենք պիտի շնորհակալ լինենք, որ Ալիեւը մեզնից «պահանջներ չունի»։
Բայց երգիծանքի ու դեմագոգիայի գագաթնակետն անկլավների թեման էր։ Ամենակարողը որոշել է դառնալ նաեւ «աշխարհագրագետ» ու հորինել է նոր տերմին․ Արծվաշենը «կտեղաշարժենք»… «Գյուղը տեղաշարժվում է մի քիչ աջ, մի քիչ ձախ, մի քիչ ուղիղ տանելով բերվում-մոտեցվում է նրան, որ իր եւ Հայաստանի արանքում տարածք չմնա»։ Ուզում է ասել՝ Արծվաշենը որպեսզի անկլավ չլինի, Ադրբեջանը պետք է տա Արծվաշենը ՀՀ-ին կապող հողերը։ Բայց նույն «տեղաշարժը» տեղի է ունենալու նաեւ Տիգրանաշենի պարագայում․ այստեղ էլ Հայաստանն է Ադրբեջանին հողեր զիջելու, որպեսզի… Տիգրանաշենը կպնի Նախիջեւանին։ Թվում է՝ «համարժեք» փոխզիջում է, չէ՞։ Արծվաշենն իր տարածքով համարժեք է Տիգրանաշենին ու Բարխուդարլու-Սոփուլու-Ասկիպարա հատվածին։ Բայց, ինչպես միշտ, բոլոր հաշվարկներն արվելու են ի վնաս մեզ։ Ո՞վ կասի, որ Տիգրանաշենը գտնվում է Երեւան-Զանգեզուր-Իրան կենսական միջպետական ճանապարհին, Ոսկեպարը՝ Երեւան-Նոյեմբերյան-Վրաստան ճանապարհին։ Իսկ «տեղաշարժվող» Արծվաշենը դեպի Հայաստան տանող ոչ մի ռազմավարական ճանապարհ չունի։ Երբ լրագրողները փորձեցին հիշել, որ այս անհամաչափ փոխանակումից արգելափակվելու է Հայաստանի հյուսիս-հարավ ռազմավարական զարկերակը, Նիկոլը դիմեց իր սիրելի զենքին՝ ծաղրին․ «Կա՞ մի կետ աշխարհում, որ հյուսիսն ու հարավը չի կապում․․․ կա՞ մի կետ, որ չի կապում արեւելքն ու արեւմուտքը»։ Ըստ նորընծա աշխարհագրագետի՝ Աֆրիկայի անապատի մի կտորն էլ է կապում հյուսիսն ու հարավը, Խաղաղ օվկիանոսի հատակն էլ` արեւմուտքն ու արեւելքը։ Սա արդեն պարզապես ծաղր չէ, սա հանրությանը հիմարի տեղ դնելու ու սեփական տգիտությունը քողարկելու փորձ է։
Արդեն 8 տարի է՝ Փաշինյանը խոսում է «հաստատված խաղաղության» մասին։ Բայց դա ի՞նչ «խաղաղություն» է, երբ 8 տարում չեն կարողանում լեզու գտնել սահմանազատման հարցերում, անկլավների ապագան մշուշոտ է, բայց ինքը հպարտանում է, որ ինչ-որ համաժողովում Ալիեւի հետ սուրճ է խմել ու արանքում մի երկու բառ փոխանակել։ Ալիեւը, որին Փաշինյանը համարում է «ընկալող», ծարավ ջուրը կտանի ու ետ կբերի իրեն, իսկ իրեն «շուստրի» համարող Նիկոլը միայն իր ժողովրդին է տանում-բերում, խաբում-համոզում:
Ասուլիսում շոշափվեցին նաեւ COP17-ի շրջանակներում առանց մրցույթի, մեկ անձից կատարված միլիոնավոր դոլարների թանկարժեք գնումները։ Կոռուպցիային վերաբերող կոնկրետ հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանը կրկին մոլորեցրեց լսարանին, թե «Հայաստանը պիտի ապրի ու զարգանա»՝ մոռացության տալով, որ հարցը շուկայականից բազմապատիկ թանկ գնով ապօրինի գնումների մասին է։ Այնքան խոսեց, որ լրագրողներն էլ մոռացան, թե ինչ էին հարցրել։ Իսկ երբ խոսք գնաց արտաքին քաղաքականությունից (ի վերջո, ի՞նչ է որոշել` Եվրոպա՞, թե՞ ԱՊՀ), հարցին հարցով պատասխանեց․ «Կա՞ մի բան, որ ես գիտեմ, ՀՀ քաղաքացին չգիտի»։ Իհարկե, ՀՀ քաղաքացին ամեն ինչ գիտի ձեր մութ գործարքների, զիջումների, ստվերային պայմանավորվածությունների մասին։ Արդեն 8 եւ ավելի տարի: Եվ ամենակարեւորը՝ իրեն ձեռք առնելու հնարամտության մասին էլ շատ լավ գիտի:
Ասուլիսի ավարտից հետո ծնվեցին տասնյակ նոր, ավելի վտանգավոր հարցեր ու կասկածներ։ Նիկոլ Փաշինյանին «բռնել» հնարավոր չէ` մատներիդ արանքից դուրս է պրծնում։ Նա մանիպուլյացիաների, «աշխարհագրական» հնարքների ու դատարկաբանության միջոցով ամեն ծուղակից խուսափում է։ Բայց այդ «հունարը» երկիրը տանում է դեպի նորանոր, անդառնալի կորուստներ, իսկ ժողովրդին թողնում է տարբեր հեքիաթների հույսին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր